Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարոկկոյի ոճին պատկանող շրջակա շինություններից:

Արքունի ու մագնատական քաղաքներում ապրող լեհահայերը հիմնականում պատկանել են քաղաքային դասին: XV-XVI դդ. նրանց փոքր մասը, իսկ XVIII դ. կեսից կաթոլիկացած մեծահարուստներն անցել են լեհ ազնվականության դասն ու հաստատվել իրենց կալվածքներում: Լեհահայ քաղաքային դասի 30-40 %-ը պատկանել է արհեստավորական խավին, մնացյալ մասը զբաղվել է առևտրով, ծառայել մշակույթին ու գիտությանը:

Արքունի և մագնատական քաղաքներում լեհահայերն ի սկզբանե զարգացրել են արևելյան արհեստներ՝ ոսկերչություն, արծաթագործություն, գորգագործություն, ժանյակագործություն, ջուլհակագործություն, կաշեգործություն ու բուն արևելյան զինագործություն, և այդ ասպարեզներում մրցակից չեն ունեցել: Մենաշնորհային այդ արհեստներից բացի, լեհահայ արհեստավորների մեջ մեծ տոկոս են կազմել վարպետ քարտաշները, գինեգործները, մսագործները (արտագրում էին ապխտեղեն), ատաղձագործները, կոշկակարները, դերձակները, պղնձագործները ևն: Հայ արհեստավորներն ունեին իրենց համքարությունները կամ եղբայրությունները, որոնք ոչ միայն արտադրության կազմակերպման, այլև բոլոր անդամներին նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալու նպատակ էին հետապնդում:

Լեհահայերն իրենց բնակավայր-քաղաքները դարձնում են առևտրական խոշոր կենտրոններ՝ իրենց ձեռքը վերցնելով տարանցիկ ու ներքին առևտուրը: Տարանցիկ առևտրով զբաղվող լեհահայ վաճառականների քարավանները հասել են ոչ միայն Հայաստան, Իրան, Թուրքիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ռումինիա, Հունգարիա, Մոսկովիա, Աստրախան, այլև Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա: Հեռավոր ու Մերձավոր Արևելքի երկրներ տանելով թանկարժեք քարեր, քաթան, մորթեղեն, ներկեր, սաթե զարդեղեն, հայ վաճառականները Լ. են ներմուծել ոսկե ու արծաթե զարդեղեն, անգորական թելեր, ոսկեթել մետաքս, կերպաս, քիշմիր, գորգեր, արևելյան զենքեր, վրաններ, նպարեղեն, աղանդեր, համեմունքներ ևն: Լվովի, Կամենեց-Պոդոլսկի, իսկ XVI-XVII դդ.՝ Յազլովեցի, Զամոշչի, Ստանիսլավովի տոնավաճառները (կազմակերպվում էին տարեկան 2-3 անգամ) գտնվում էին լեհահայ վաճառականների գերիշխանության տակ: Լվովահայերին էր տրված Արևելքից Լ. ներմուծվող բոլոր ապրանքները պահեստավորելու մենաշնորհը: Տարանցիկ առևտրի ասպարեզում լեհահայերն առավելություն ունեին լեհ, գերմանացի, հրեա, հույն համաքաղաքացի վաճառականների նկատմամբ՝ ինչպես արևելյան երկրների իրենց հայրենակիցների հետ համագործակցելու, այնպես էլ արևելյան լեզուներին տիրապետելու շնորհիվ:

Լեհահայերը համարվում են Արևելքում լեհական դիվանագիտության ռահվիրաները: Սկսած XIV դ.՝ արևելյան լեզուների ու բարքերի գիտակ, միջազգային քաղաքական իրավիճակնեյաւմ գերազանց կողմնոևոշվող հայերը, վայելելով լեհ թագավորների վստահությունը, դիվանագիտական առաքելությամբ մեկնել են Թուրքիա, Ղրիմ ու Պարսկաստան, դաշինք կնքել սուլթանների ու շահերի հետ և մի քանի տարով կամ տասնամյակով ապահովել Ռեչ Պոսպոլիտայի և դրանով իսկ՝ Եվրոպայի խաղաղությունը: Թուրքիայի սպառնալիքի դեմ Պարսկաստանի հետ դաշինք կնքելու առաքելությամբ՝ միայն Յան Սոբեսկին 11 դեսպանություն է ուղարկել շահ Աբբասի մոտ՝ հայ դիվանագետների գլխավորությամբ, որոնցից ամենանշանավորը Սեֆեր Մուրատովիչն էր: Յան Սոբեսկին, հետամուտ նաև Հայաստանի ազատագրմանը, իր քարտուղար, աստվածաբանության ու իրավագիտության դոկտոր, դիվանագետ Շիմոն Բեդրոսովիչին ուղարկել է Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ (ծրագիրն անկատար է մնացել լեհ թագավորի հանկարծամահ լինելու պատճառով): Լ-ին դիվանագիտական մեծ ծառայություններ են մատուցել նաև Միկոլայ Հաձեյովիչը, Կասպեր Սինանովիչ Շիմանսկին, Շիմոն Պետրովիչը, Կոնստանտի դը Սիրի Զգորսկին, Ռոմաշկևիչը ևն: Լեհ թագավորներն իրենց անձնական քարտուղարի, բժշկի, թարգմանչի, ոսկերչի և արքունի այլ բարձր պաշտոններ հիմնականում հայերին են վստահել, մեծահարուստ լեհահայերի հետ են կատարել նաև ֆինանսական խոշոր գործառնությունները: Լեհահայությունը մեծ ավանդ է ներդրել անվերջ պատերազմների մեջ գտնվող և թուրք-թաթարական արշավանքների ենթարկվող Լ-ի պետական սահմանների ամրապնդման, քաղաքների պարսպապատման, թնդանոթների ձուլման, զենքի ու զինամթերքի ձեռքբերման գործում: Գերմանական օրդենի (խաչակիրների), շվեդների, թուրքերի, թաթարների դեմ մղված՝ Գրյունվալդյան (1410), Վառնայի (1444), Խոտինի (1621, 1673), Վիեննայի (1682) պատերազմներից յուրաքանչյուրում մի քանի հազարանոց հայկական զորք է կռվել: Քաղաքների պաշարման ու գրավման ժամանակ էլ մեծահարուստ լեհահայերն ու Հայ առաքելական եկեղեցին մեծ գումարներ են վճարել շվեդներին ու