Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրքերին՝ քաղաքները, եկեղեցիները, վանքերն ու բնակչությանը թալանից, ավարից ու գերեվարությունից փրկագնելու համար:

Ինչպես Յագելլոնյան դինաստիայի թագավորները, այնպես էլ նրանց հետնորդները, բարձր գնահատելով երկրի տնտեսական, ռազմաքաղաքական կյանքում ու դիվանագիտության ասպարեզում լեհահայության մատուցած խոշոր ծառայությունները, նորանոր արտոնություններ են շնորհել նրանց, թեև լեհ աշխարհիկ ու հոգևոր ֆեոդալներն աշխատել են սահմանափակել արտոնություններն ու խոչընդոտել հայերի հզորացումը:

XVI դ. 2-րդ կեսից տնտեսականին ավելացել են կրոնական հալածանքները, երբ Հակառեֆորմացիայի շրջանում սկսվել է անհանդուրժողականությունն ամեն մի հերձվածի դեմ: Կաթոլիկ աշխարհի հետ ի սկզբանե խաղաղ հարաբերությունների մեջ գտնվող լեհահայ առաքելական եկեղեցին XVII դ. 30-ական թթ. պայքարի մեջ է մտել Հռոմի և Լեհ կաթոլիկ եկեղեցու հետ՝ ընդդիմանալով հայ-լատին եկեղեցիների ունիայի (միության) իրագործման ծրագրին: Ի վերջո, 1699-ին լեհահայությանը պարտադրվել է կաթոլիկության ընդունումը, ինչն արագացրել է լեհահայության ձուլման ընթացքը, սակայն հայ համայնքների քայքայման գլխավոր պատճառը Լ-ի անկախության կորուստն էր:

XVIII դ. Լ-ի համար մեծ անկման ու միաժամանակ մեծ լուսավորության դարաշրջան էր: Սաքսոնական դինաստիայի կառավարման օրոք Լ-ում սկսված քաղաքական անիշխանությունը, շլյախտայի ինքնուրույնության կորուստը, անվերջ պատերազմների հետեանքով երկրում շարունակվող տնտեսության քայքայումը պայմանավորում են Ռեչ Պոսպոլիտայի սոցիալ-քաղաքական ու մշակութային կյանքի անկումը: Կրոնական անհանդուրժողականությունը դարձել է իշխող: Մայր աթոռ Ս. Էջմիածնից արդեն կտրված լեհահայ եկեղեցու իրավունքները սահմանափակվել են, սուր պայքար է ծավալվել հայկական դատարանի փակման շուրջ: Լեհահայերը, որ պատերազմական տարիներին ու դրանց հաջորդող ժամանակաշրջաններում ռազմական կարիքների և երկրի տնտեսության վերականգնման նպատակով մեծ գումարներ էին ծախսել, XVIII դ. սկզբից չդիմանալով քաղաքներում ազատորեն հաստատվելու իրավունք ստացած հրեաների մրցակցությանը, աստիճանաբար սնանկացել են, ազնվականական տիտղոսներ ձեռք բերել և մեկուսացել իրենց կալվածքներում:

Գաղութի տրոհումը, լեհահայության իրական կաթոլիկացումն ու ուծացումը, սակայն, սկսվել է 1772-ից, երբ տեղի է ունեցել քաղաքականապես ու տնտեսապես արդեն թուլացած Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումը, իսկ 1793-ին և 1795-ին՝ երկրորդ ու երրորդ վերաբաժանումները Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաստանի միջև:

Լ-ի վերաբաժանումները նաև կյանքի տարբեր պայմաններ են թելադրել երեք տերությունների հպատակության տակ ապրող լեհահայերին: Լ-ի առաջին բաժանումը տարանջատումն էր Լվովի ու Կամենեց-Պոդոլսկի. Գալիցիան ու Պոդոլյեի արևմտյան մասը (Լվով կենտրոնով) անցել են Ավստրիային, իսկ Պոդոլյեի մեծ մասը (Կամենեց-Պոդոլսկ կենտրոնով) միացվել է Ռուսաստանին: Գալիցիայի և Պոդոլյեի հայկական համայնքները զրկվել են նախկին բոլոր իրավունքներից ու արտոնություններից:

Ռուսական կայսրության սահմաններում գտնվող լեհահայ գաղութներն սկսել են ավելի արագ քայքայվել. Կամենեց-Պոդոլսկի, Մոգիլյով-Պոդոլսկի, Լուցկի, Ռաշկովի, Բալտայի հայությունը զրկվել է նույնիսկ հայ կաթոլիկ եկեղեցուց, որտեղ թեև մասամբ, բայց պահպանվում էին ազգային եկեղեցական ծեսերը: Գալիցիայում փակվել են հայկական եկեղեցիներից ու վանքերից վեցը՝ Զլոչովում, Զամոշչում, Յազլովեցում, Բժեժանիում և երկուսը Լվովում (հիմնականում վերածվելով զինվորական պահեստների): 1784-ին փակվել է թեատինյան Հայ հոգևոր բարձրագույն դպրանոցը, 1787-ին՝ չորս հարյուրամյակ գործող հայկական դատարանը:

XIX դ. սկզբին նոր պայքար է սկսվել հայ կաթոլիկ եկեղեցին վերացնելու ու լատինականին միացնելու պահանջով: Միաժամանակ բարձրագույն կրթական կենտրոններում դասավանդող հայ հոգևորականներին ստիպել են հրաժարվել իրենց եկեղեցուց ու մտնել լատին եկեղեցի: Ազգասեր լեհահայ գործիչները պայքարում էին իրենց հայրենակիցների ազգային ինքնագիտակցությունն արթնացնելու համար, հիմնում արական ու իգական նոր դպրոցներ, հրատարակում իրենց գաղութի պատմությանը, Հայ եկեղեցուն, անվանի ազգային գործիչներին նվիրված աշխատություններ ու հոդվածներ (Քս. Զախարյասևիչ, Ս. Բարոնչ ևն):

Լ-ի պետականության վերականգնումից հետո (1918) հիմնադրվել են լեհահայ և լեհ-հայկական ընկերություններ, հրատարակվել ամսագրեր, Լվովի մայր տաճարին կից բացվել է լեհահայոց պատմության թանգարան:

Մինչև ֆաշիստական Գերմանիայի հարձակումը Լ-ի վրա (1939, սեպտեմբեր) Խորհրդային Միությունը, համաձայն Գերմանիայի հետ 1939-ի օգոստոսին կնքած համաձայնագրի, իր զորքերը մտցրել է Լ-ի արևելյան մարզերը: Այստեղ վեց դար գոյատևող հայկական գաղթավայրերը վերջնականապես մարել