Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուբաչիվցիի, Տիսմենիցայի, Յազլովեցի, Զլոչովի, Ժվանեցի, Սնյատինի, Ստանիսլավովի, Լըսիեցի, Բժեժանիի, Մոգիլյով-Պոդոլսկի, Ռաշկովի և լեհահայ այլ գաղութներում:

1367-ին, ըստ Հայոց կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցու կոնդակի և Կազիմեժ Մեծի դեկրետի, Լեհաստանի և Վալախիայի (Հյուսիսային Ռումինիա) Հայ առաքելական եկեղեցու անդրանիկ առաջնորդ է հաստատվել Հովհաննեսը, իսկ 1384-ին Թեոդորոս կաթողիկոսի կոնդակի և Յադվիգա թագուհու դեկրետի համաձայն՝ Գրիգոր Մեծը: Լեհահայ արքեպիսկոպոսները կես տարի նստել են աթոռանիստ Լվովում, կես տարի՝ Կամենեց-Պոդոլսկում, որն ուներ եպիսկոպոսական տուն: XV-XVI դդ. լեհահայ արքեպիսկոպոսության մեջ ընդգրկված էին Լեհաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Վոլոշչիզնայի հայ կրոնական համայնքների 22 թեմերը և մինչև կաթոլիկության ընդունումը (1699) ենթարկվել են Մայր աթոռ Ս. Էջմիածնին: Լեհահայ առաքելական եկեղեցին մինչև XVI դ. վերջը խաղաղ հարաբերությունների մեջ է գտնվել Լեհ կաթոլիկ եկեղեցու և Հռոմի հետ: 1540-ական թթ. Լ-ում Հակառեֆորմացիան հալածանքներ է սկսել բողոքականների ու այլադավանների, այդ թվում նաև լեհահայ առաքելականների դեմ: Լեհահայությանը կաթոլիկացնելու բուն պայքարը սկսվել է 1627-ից, երբ Էջմիածնից Լվով ժամանած, ունիթորությունը Հռոմում գաղտնի ընդունած Մելքիսեդեկ կաթողիկոսը, հոգևոր դասից ու ժողովրդից գաղտնի, կաշառքով ու կաթոլիկությունն ընդունելու պայմանով, 22-ամյա Նիկոլ Թորոսովիչին Լվովի Ս. Խաչ եկեղեցում եպիսկոպոս է օծել ու նստեցրել արքեպիսկոպոսական թափուր աթոռին՝ նրան առաջնորդ չճանաչելու դեպքում ժողովրդին սպառնալով պատիժներով, բարձր հոգևորականությանը՝ բանադրանքով: Լեհահայությունն արյունահեղ պայքար է սկսում հայ-հռոմեական եկեղեցիների միության դեմ, որը տևում է վեց տասնամյակ: 1629-ին Լ-ի Զիգմունդ III թագավորը Նիկոլ Թորոսովիչին հաստատել է լեհահայ, մոլդովահայ, ռումինահայ եկեղեցիների արքեպիսկոպոս, իսկ 1630-ին վերջինս բացահայտ ընդունել է կաթոլիկությունը: Լեհահայությունը բազմիցս բողոքագրեր է ուղարկել Հռոմ և Էջմիածին: Արտոնություններից զրկվելու անվերջ սպառնալիքներից երկնչելով՝ լեհահայությունը 1652-ին (2-րդ անգամ՝ 1665-ին) առերես ընդունել է կաթոլիկությունը, սակայն ևս երեք տասնամյակ տևող պայքարից հետո՝ 1699-ին, Լ-ի թագավոր Ֆրեդերիկ Ավգուստ II-ի և Հռոմի համաձայնությամբ, Վարդան արք. Հունանյանը լեհահայ առաքելական եկեղեցում անցկացրել է ծիսաարարողական մեծ ու օրինականացված ռեֆորմ:

Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումից (1772) հետո Լվովը դարձել է Ավստրիայի նոր անվանում կրող նահանգի՝ Գալիցիայի ու Լոդոմերիայի Թագավորության կենտրոնը, Կամենեց-Պոդոլսկը, մնալով Լեհական Թագավորության մեջ, Լուցկ, Ռաշկով, Բալտա, Մոգիլյով-Պոդոլսկ գաղթավայրերի հետ կրոնական հարցերում սկզբնապես ենթարկվել է Լվովի արքեպիսկոպոսությանը, իսկ 1793-ից, Լիտվայի ու Բելառուսի հետ անցնելով Ռուսաստանի տիրապետության տակ, մինչև 1810-ը ենթարկվել է Մոգիլյով-Պոդոլսկի հռոմեա-կաթոլիկական եկեղեցուն, այնուհետև՝ նույն քաղաքի Հայ եկեղեցու եպիսկոպոսարանին, 1816-ից՝ ժամանակավորապես, իսկ 1847-ից պաշտոնապես՝ լատին եկեղեցու եպիսկոպոսարանին: 1784-ին Գալիցիայում՝ Զլոչովում, Զամոշչում, Յազլովեցում, Բժեժանիում և Լվովում ավստրիական իշխանությունները փակել են հայկական վեց վանք ու եկեղեցի՝ դրանք դարձնելով զինվորական պահեստներ ու բանտի մատուռներ: 1786-ին փակվել է 1666-ից Լվովում գործող Հայ հոգևոր (կաթոլիկ) բարձրագույն դպրանոցը:

Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը, որը 1816-ին ունեցել է 9 թեմ, 14 քահանա, 1918-ից՝ 8 թեմ, 27 քահանա, գոյատևել է մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը (1939): Լեհահայ կաթոլիկ եկեղեցու վերջին արքեպիսկոպոսը L-ի Սահմանադրական սեյմի անդամ, հասարակական ու ազգային մեծ գործիչ Յուզեֆ Տեոֆիլ Թեոդորովիչն էր (1864-1938), որը վերանորոգել է Լվովի մայր տաճարը և ծիսաարարողակարգը մաքրել լատինականությունից: Լեհահայությանը համախմբելու նպատակով 1930-ին Լվովում հիմնադրել է «Հայ արքեպիսկոպոսական ընկերություն»՝ վերջինիս պաշտոնական պարբերականը դարձնելով 1927-ից հրատարակվող և հայկական թեմատիկային նվիրված «Ս. Գրիգորի սուրհանդակ»