Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հագրություն, նախնական գիտելիներ տվել տնտեսությունը վարելու, առևտրի ու արհեստների վերաբերյալ: XIX դ. սկզբից Լվովի հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց, որը 1827-ին արդեն ուներ 479 աշակերտ (փակվել է 1939-ին): 1863-ին լվովահայ բժիշկ Յուզեֆ Թորոսովիչը հիմնել է գիշերօթիկ դպրոց անվճարունակ հայ պատանիների համար, որտեղ ընդգրկված 47 աշակերտներ կրթությանը զուգահեռ ձեռք են բերել արհեստներ: Դպրոցը գործել է մինչև Առաջին աշխարհամարտը (1914):

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Լ-ի հայ համայնքներն առանձին ինքնավարություններ էին՝ օժտված դատական, եկեղեցական, աշխարհիկ հարցեր տնօրինելու իրավունքներով: Լ-ի արքունի և մագնատական քաղաքների հայ համայնքների ինքնավարությունն օրինականացնող ղեկավար մարմինն ազգային դատարանն էր, որի իրավասության շրջանակները սահմանվել են լեհ թագավորների և քաղաքատեր-ֆեոդալների հատուկ արտոնագրերով:

Ինքնավարության մարմինն ընտրովի էր, ընտրությունները տեղի են ունեցել տարին մեկ, և այդ օրը հայ համայնքում համարվել է ազգային տոն: Ինքնավարության գլուխ կանգնած էր վոյտը: Լվովի հայոց դատարանում 1469-ին Կազիմեժ Յագելլոնչիկի հրամանագրով վոյտի պաշտոնը վերացվել է (Կամենեց-Պոդոլսկում առանց ընդհատման պահպանվել է մինչև XVIII դ.)՝ սահմանափակելու համար լեհահայության լայն իրավունքները (Լվովն էր լեհահայ գաղութի և Լ-ի արևելյան տարանցիկ առևտրի հիմնական կենտրոնը): Մեկ դար հետո Զիգմունդ II Ավգուստը մասամբ վերականգնել է հայկական դատարանի կշիռը՝ վերջինիս տալով աշխարհիկ ու եկեղեցական խորհրդակցությունների արտոնություն և 12 ավագների ընտրության իրավունք: 1666-ին Յան III Սոբեսկին լիովին վերականգնել է հայկական դատարանի բոլոր իրավասությունները (գործել է մինչև 1784-ը):

Լ-ի հայկական բոլոր գաղութներում գործել են աշխարհիկ և հոգևոր դատարաններ: Աշխարհիկ դատարանը՝ վոյտի գլխավորությամբ, 12 դատավորներով, վճռում էր հայ համայնքի ոչ միայն ներքին, այլև այլազգիների հետ հայերի ունեցած բոլոր՝ քաղաքացիական ու քրեական գործերը և ենթարկվում էր թագավորին: Դատարանի վճռից դժգոհ քաղաքացիները կարող էին այն բողոքարկել ոչ թե տեղական իշխանությանը՝ լեհական մագիստրատին, այլ՝ թագավորին: Հոգևոր դատարանի իրավասության տակ են եղել եկեղեցուն, դպրոցին, հասարակական հիմնարկներին, կրոնական կյանքին ու ամուսնությանն առնչվող հարցերը: Հոգևոր դատարանի վճռից դժգոհ քաղաքացիները բողոքարկում էին արքեպիսկոպոսին:

Աշխարհիկ դատարանում գործածության մեջ է եղել մայր հայրենիքից բերված Մխիթար Գոշի Դատաստանագիրքը: 1518-ին հայ ավագների որոշմամբ Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն (այլազգի քաղաքացիներին ծանոթացնելու նպատակով) և որպես լեհահայոց օրենսգիրք (Statut Juris Armenici) 1519-ին ընդունվել է Պիոտրկովի ազատ սեյմի և պաշտոնապես հաստատվել Զիգմունդ I-ի կողմից: 1528-ին այն թարգմանվել է լեհերեն, 1568-ին՝ ղփչաղերեն: Դատաստանագիրքը, պահպանելով իր ամբողջական կառուցվածքն ու հիմնական բովանդակությունը, ենթարկվել է լեհահայոց կյանքի նոր պայմաններով թելադրված որոշ փոփոխությունների:

XV-XVI դդ. Ռեչ Պոսպոլիտայում սոցիալական հակասությունների սրման հետևանքով ինչպես լեհ, այնպես էլ լեհահայ արհեստավորները ստեղծել են համքարություններ, որոնք արտադրության կազմակերպման և բոլոր անդամներին նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալու նպատակ են հետապնդել: Հայ համայնքներում արհեստավորական, ինչպես նաև կտրիճվորաց կամ երիտասարդական հոգևոր եղբայրությունները ստեղծվել են մայր հայրենիքում (Անի, Վան, Երզնկա) գործող նույնատիպ եղբայրությունների նմանությամբ, ունեցել նույն կառուցվածքը և կանոնադրությունը (որոշ փոփոխություններով): Դրանք ղեկավարել են «40 կոլեգիաները» կամ, ըստ հայկական աղբյուրների՝ «քառասուն աղբարք», որոնք, կազմված լինելով արհեստավորական վերնախավի ներկայացուցիչներից, գործել են քաղաքային վարչություններին կից:

XVIII դ. վերջից, երբ լեհահայերը զրկվել են իրենց ինքնավարությունից ու արտոնություններից, ազգային-հասարակական կյանքն աստիճանաբար անկում է ապրել, սկսվել է ուծացման շրջանը: XIX դ. սկզբից Լ-ի հայերի ազգային ինքնությունը և լեհահայ կաթոլիկ եկեղեցին պահպանելու համար հիմնվել են հայկական դպրոցներ, հրատարակվել գաղութի պատմությանը, եկեղեցուն ու լեհահայ անվանի գործիչներին նվիրված աշխատություններ:

XX դ. (հատկապես 1910, 30, 50, 80-ական թթ.) քայլեր են ձեռնարկվել լեհահայության ազգային կյանքն աշխուժացնելու համար: Ստեղծվել են ընկերություններ, սերտացել հայ-լեհական մշակութային, գիտական կապերը:

Լեհ-հայկական ընկերություն, հիմնադրվել է 1919-ին, Լվովում՝ Հայ