Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծունեության ազատ դաշտ հայ հեղափոխական կուսակցական (հնչակյան, դաշնակցական) գործիչների համար:

Ժամանակի ընթացքում ԱՄՆ մեկնած հայերը տարածվել են գրեթե բոլոր նահանգներում` նախապատվություն տալով հայ բնակչություն ունեցող շրջաններին (Նյու Յորք, Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Կալիֆոռնիա, Միչիգան, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Քոնեքթիքութ, Վիսքոնսին և այլն): Հայաշատ քաղաքներից էին Նյու Յորքը, Ուստրը, Լիննը, Բոստոնը, Փրովիդենսը, Հարթֆորդը, Ֆիլադելֆիան, Հոբոքենը, Թրոյը, Չիկագոն, Ֆրեզնոն և այլն: Հայերի շրջանում մշտապես նկատվել է տեղաշարժ` հատկապես արևելյան նահանգներից դեպի արևմտյան նահանգներ: Դա տեղի է ունեցել որոշակի օրինաչափությամբ. սկզբում` 1834-ից, հարազատ բնակավայրեր վերադառնալու հույսով մեկնած տղամարդիկ հաստատվել են գլխավորապես երկրի արևելյան ափի ուսանողական (հիմնականում` Նյու Յորք քաղաք) և արդյունաբերական (հիմնականում` Ուստր քաղաք) շրջաններում: Հետագայում, հատկապես 1880-ական թթ., ԱՄՆ-ում հայերի թվի ստվարացմանը, արևելյան նահանգներում աշխատատեղերի նվազեցմանը զուգընթաց, հայերն աստիճանաբար տարածվել են նաև երկրի հյուսիսարևելյան, հյուսիսային, միջին, միջինարևմտյան ու արևմտյան շրջաններում (հիմնականում` Կալիֆոռնիայի գյուղատնտեսական նահանգ): Ամերիկյան կյանքին ընտելացած հաջողակ ու գործարար հայերը պայմաններ են ստեղծել հետագա տասնամյակներին գաղթի դիմած հազարավոր հայրենակիցներին նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալու, նրանց համախմբելու և որպես համայնք կազմակերպելու համար:

1820-98-ին ԱՄՆ մեկնած հայերի թիվը մոտավոր է (4 հզ.), քանի որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ մուտք գործած գաղթականները գրանցվել են ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ` մշտական բնակության երկրների: Ընդ որում` Օսմանյան Թուրքիայից գաղթածները մինչև 1868-ը գրանցվել են որպես «Եվրոպական Թուրքիայից», իսկ 1869-ից` նաև «Ասիական Թուրքիայից» և «Հայաստանից» եկածներ: 1899-ից գաղթականները սկսել են գրանցվել` ըստ իրենց ազգային պատկանելության:

1893-ին ԱՄՆ-ի կառավարությունը դատապարտել է թուրքական իշխանություններին, որոնց թողտվությամբ Մարզվանում կողոպտվել ու այրվել էր ամերիկյան քոլեջը, Բ. Դռնից պահանջել է հարգանքով վերաբերվել ամերիկահպատակներին: 1894-ի դեկտեմբերի 3-ի Սասունի կոտորածից հետո ԱՄՆ-ի Սենատն առաջարկել է եվրոպական տերությունների հետ մասնակցել Սասունում կատարված հանցագործությունների հետաքննությանը և պահանջել է դադարեցնել հայ բնակչության հետագա հալածանքները: 1894-96-ի համիդյան կոտորածները Օսմանյան Թուրքիայում բողոքի նոր ալիք են առաջ բերել ԱՄՆ-ում: Ֆիզիկական բնաջնջման վտանգից խուսափող հայերի զանգվածային գաղթը մեծ չափեր է ընդունել` ներառելով կայսրության բոլոր հայաբնակ շրջանները: Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը: Արևմտահայությանն օգնելու համար ստեղծվել են հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպություններ: Մեծ աշխատանք են կատարել 1895-ին Բոստոնում ստեղծված «Հայաստանի բարեկամների միությունը» (անդամներն էին` բանաստեղծուհիներ Ջուլիա Ուորդ Հաուն և Ալիս Սթոուն Բլեքուելը, լրագրողներ Սեմյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Ուիլյամ Ուորդը և ուրիշներ), Կարմիր խաչի ազգային ընկերության նախագահ Կլարա Բարտոնը, բազմաթիվ միսիոներներ:

1904-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) ԱՄՆ-ի կառավարությունը խնդրել է օգնել թուրքական լծի տակ հեծող արևմտահայությանը: Հայ պատվիրակներին (եպիսկոպոսներ Հ. Սարաջյան, Ս. Այվատյան) ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը: Նա հայտարարել է, որ հետաքրքրվում է Հայկական հարցով, սակայն չի կարող օգնել հայերին, քանի որ 1878-ի Բեռլինի դաշնագրի տակ չկա ԱՄՆ-ի ստորագրությունը:

1900-ին հայերի թիվը ԱՄՆ-ում շուրջ 20 հզ. էր: 1904-ին ԱՄՆ (մասնավորապես` Կալիֆոռնիան) հանգրվան է դարձել նաև տնտեսական և քաղաքական հանգամանքների բերումով Ռուսական կայսրությունից գաղթած հայերի համար, որոնք Նոր Երկրի մասին տեղեկացել