Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րի ներկայությունը: Լիբանան լեռան կառավարիչներից երկուսը եղել են հայազգի կաթոլիկ պետական գործիչներ: 1861-68-ին Դաուդ փաշան (Կարապետ Արթին Տավուտյան, 1816-73) վարել է երկրամասի ինքնավարությունն անձեռնմխելի պահելու, համայնքները միմյանց շաղկապելու, առևտրատնտեսական և կրթամշակութային վերելքը խթանելու քաղաքականություն, իսկ 1912-15-ին Հովհաննես փաշա Գույումճյանը (1858-1933) ձգտել է շրջանի բնակչությանը զերծ պահել երիտթուրքերի ճնշումներից: Քաղաքաշինության ասպարեզում Բիշարա Մուհանդիզը (Մանուկ Մանուկյան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխավորել է Դամասկոսի և Բեյրութի ճարտարագիտաճարտարապետական վարչությունները, Բեյրութում կառուցել ճանապարհներ և հասարակական օգտագործման շենքեր: 1904-ին հայազգի Էմիլ Խաշոն նշանակվել է Լիբանան լեռան գլխավոր ճարտարագետի պաշտոնում, աչքի է ընկել ջրաբաշխական բազմաթիվ աշխատանքներով: 1862-ից մի շարք արևմտահայ գործիչներ քանիցս առաջարկել են Օսմանյան կայսրության սահմաններում Հայկական հարցը լուծել՝ հայերով բնակեցված նահանգներին շնորհելով Լիբանան լեռան նման կիսանկախ կարգավիճակ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Լիբանան լեռանն անմիջականորեն հարող Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Արաբկիրից, Ակնից, Կ. Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին: Զգալի թիվ են կազմել նաև Լ-ի ծովափնյա մյուս քաղաքների և լեռնային բնակավայրերի հայերը: 1895-ին Սուր քաղաքի շրջակա գյուղերում բնակվել է շուրջ 500, իսկ Մերջայունում՝ 200 հայ:

Լիբանանահայերը դեռևս XIX դ. բաժանված են եղել կրոնադավանական երեք համայնքի: Առաքելականները ենթարկվել են Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից նշանակված հոգևոր տեսուչներին, Բեյրութում ունեցել Ս. Նշան եկեղեցին (1851-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն: Կաթոլիկ համայնքը վարչականորեն կապված է եղել Զմմառի վանքի հետ, Բեյրութում ունեցել Ս. Եղիա եկեղեցին (1890-ից), Ս. Հայտնության մատուռը և մի այլ գերեզմանատուն: Ավետարանականները, փոքրաթիվ լինելով միախառնված են եղել դավանակից արաբներին կամ եվրոպացիներին:

Լ-ի հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, փոքր մասը՝ հողագործությամբ: 1840-ական թթ., երբ Լ. սկսել է ներգրավվել համաշխարհային կապիտալիստական շուկայի ոլորտը, հայերի դերը մեծացել է հատկապես առևտրի ասպարեզում: Հետագա տարիներին բեյրութահայ խոշոր առևտրականներ Անտոն Մասրին (Մսրլյան), Հաննա (Հովհաննես) Ղուկասը և ուրիշներ, որոնք հիմնադրել էին «Հայկական շուկան» («Սուք ալ-արման», ավերվել է 1976-ին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ), իրենց ձեռքն են վերցրել Մերսինից մինչև Գազա նավահանգստային մաքսատների կապալային շահագործման մենաշնորհը և գործարար կապեր պահպանել ոչ միայն Օսմանյան կայսրության տարբեր շրջանների, այլև Անգլիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ՝ զբաղվելով ներմուծվող, տարանցիկ, մասամբ էլ արտահանվող առևտրով:

Լ-ի ներկայիս տարածքում բնակվող հայերը Մեծ եղեռնի օրերին չեն տեղահանվել: Առաջին համաշխարհային պատերազմում ֆրանսիական զորքերի կազմում կռվող հայ լեգեոնականները 1918-ի հոկտեմբերին մասնակցել են Բեյրութից և Լ-ի ծովափնյա քաղաքներից օսմանյան բանակի արտաքսմանը: Լ-ի ֆրանսիական իշխանությանը ենթարկվելուց հետո, եղեռնից փրկված տասնյակ հազարավոր հայեր ապաստան են գտել այնտեղ՝ հիմնելով հայկական մի նոր և հոծ գաղութ: 1920-ական թթ. սկզբին նրանց են միացել ֆրանսիացիների կողմից քեմալականներին հանձնված Կիլիկիայից գաղթած բազմահազար հայեր: 1923 24-ին Լ-ում բնակվել են շուրջ 35-40 հզ. հայ գաղթականներ և որբեր: Նրանցից շուրջ 25 հզ-ը Կիլիկիայից էին, շուրջ 8 հզ-ը՝ Անատոլիայի, իսկ մոտ 5 հզ-ը՝ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից: Նորեկ գաղթականներից շատերը, չդիմանալով Լ-ում իրենց դեմ ծառացած տնտեսական, կենցաղային և այլ դժվարությունների, 1920-ական թթ. վերջին գաղթել են Հարավային Ամերիկա: 1932-ի մարդահամարի տվյալներով Լ-ում բնակվել են 26,102 հայ առաքելական