Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և 5890 հայ կաթոլիկ քաղաքացիներ: Հայ ավետարանականները, Լ-ում իբրև առանձին կրոնական համայնք ճանաչված չլինելով, մարդահամարի տվյալներում առանձին չեն հիշատակվել: Հայ և արաբ ավետարանականները միասնաբար եղել են 6869 հոգի: Ենթադրվում է, թե նրանցից շուրջ 3 հզ-ը հայեր էին: Այսպիսով, 1932-ին հայերը կազմել են Լ-ի ընդհանուր բնակչության շուրջ 4 տոկոսը: 1939-ին հազարավոր նոր հայ գաղթականներ Լ. են եկել Թուրքիային հանձնված Ալեքսանդրետի սանջակից: Ըստ մոտավոր հաշվումների, 1945-ի վերջին Լ-ում բնակվել են 50802 հայ առաքելականներ և 10261 հայ կաթոլիկներ:

Տեղաբնիկների հետ համեմատաբար բարվոք փոխհարաբերությունների պայմաններում հայ գաղթականների մեծագույն մասը 1930-ական թթ. դուրս է եկել Բեյրութի մոտակայքում հաստատված գաղթականների վրանաքաղաքից, գլխավորաբար վերահիմնավորվել նորաստեղծ Նոր Սիս, Նոր Հաճըն, Նոր Մարաշ, Նոր Սղանա և այլ թաղամասերում, կարճ ժամանակամիջոցում ամուր կռվաններ ստեղծել Լ-ի տնտեսության տարբեր բնագավառներում: Մի շարք արհեստներ (կոշկակարություն, ասեղնագործություն, ոսկերչություն, որմնադրություն, դերձակություն, ատաղձագործություն ևն) հիմնականում կենտրոնացել են հայերի ձեռքում: Հայերը հիմնել են նաև գորգագործական, մետաքսագործական, մետաղագործական, կաշեգործական, հյուսվածքեղենի, սննդարդյունաբերական և այլ մանուֆակտուրաներ, որոնք հետագայում վերածվել են ժամանակակից գործարանների: Առավել խոշորներից են եղել Պողոս Նաճարյանի, Պարսումյանի և Փոլատյանի՝ մետաղաձուլական-սարքաշինական, Գևորգ Չաթալպաշյանի՝ կաշեգործական, Խանամիրյան-Տետեյանի՝ կոշիկի, Չելեպի եղբայրների՝ հրուշակեղենի, Սարգիս Պագգալյանի՝ ալյուրի, Հովհաննես Թաշճյանի՝ գորգագործական, Սարհատյան եղբայրների և Ապրո Ապրոյանի հյոավածքեղենի ձեռնարկությունները: Աչքի են ընկել նաև մի շարք հայ խոշոր ու միջակ առևտրականներ:

Ֆրանսիական իշխանությունները Լ-ում անփոփոխ են պահել օսմանյան դարաշրջանից ավանդված համայնքային դրությունը: 1924-ի օգոստոսից Լ-ի քաղաքացիության իրավունք ձեռք բերած հայ առաքելական գաղթականների համայնքային կազմակերպության հիմք է ընդունվել արևմտահայերի 1860-ի Ազգային սահմանադրությունը: 1930-ին Բեյրութից հյուսիս գտնվող Անթիլիաս ավան է տեղափոխվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որը ֆրանսիական իշխանությունների կողմից (և Մայր աթոռ Ս. Էջմիածնի հավանությամբ) ճանաչվել է Լ-ի, Սիրիայի և Կիպրոսի առաքելական հայերի հոգևոր կենտրոն: 1929-ին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Կիլիկիայի կաթողիկոսությանն էր փոխանցել Լ-ում իր բոլոր կալվածներն ու վարչական իրավասությունները: 1931-ին Կ. Պոլսից Լ. է վերափոխադրվել նաև Հայ կաթողիկե կաթողիկոս-պատրիարքությունը:

Լ-ի հայերի տնտեսական վերելքը շարունակվել է 1943-ին երկրի անկախացումից հետո: 1960-ական թթ. սկզբին հայ բուրժուազիային էր պատկանում Լ-ի խոշոր արդյունաբերական և մանր արհեստավորական ձեռնարկությունների, ներդրված կապիտալի և խոշոր ներմուծումների կարևոր մի բաժինը: Պատկառելի է եղել նաև Լ-ում հայ բժիշկների (6%), ատամնաբույժների (25%), դեղագործների (23%) և ճարտարագետների (10%) տեսակարար կշիռը (ըստ 1975-ի տվյալների): Սակավաթիվ են եղել հայազգի իրավաբանները, որովհետև լիբանանահայերի առաջին սերունդները լավ չեն տիրապետել պետական լեզվին՝ արաբերենին, որով տարվել են երկրում իրավաբանական աշխատանքները: 1940-ական թթ. 2-րդ կեսից սփյուռքում գործող հայ ազգային երեք կուսակցություններն աստիճանաբար Բեյրութ են տեղափոխել իրենց կենտրոնական մարմինները:

1946-48-ի զանգվածային հայրենադարձության օրերին Լ-ից Հայաստան է ներգաղթել շուրջ 10 հզ. հայ: 1953-ին Լ-ում բնակվում էին 69 հզ. հայ առաքելականներ և 15 հզ. հայ կաթոլիկներ: 1960-ական թթ. Լ-ում հաստատվել են բազմահազար սիրիահայեր (հրապուրված երկրի ավելի ազատ քաղաքական, տնտեսական և մշակութային մթնոլորտով): 1975-ի քաղաքացիական պատերազմի նախօրյակին Լ-ում բնակվում էր շուրջ 200 հզ. հայ (նրանցից շուրջ 60 հզ-ը, սակայն, հիմնականում՝ սիրիահայեր ու պաղեստինահայեր, երկար ժամանակ զրկված էր լիբանանյան քաղաքացիություն ստանալու իրավունքից):

1975-90-ին քաղաքացիական պատերազմը հարյուրավոր զոհեր և նյութական ծանրագույն վնասներ է պատճառել Լ-ի հայերին: Բազմահազար հայեր գաղթել են ԱՍՆ, Կանադա, Ֆրանսիա, Ավստրալիա: Լ-ում 1932-ից հետո պաշտոնական մարդահամար չի անցկացվել: Ներկայումս այլազան աղբյուրներ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Լ-ում մնացած հայերի թիվը գնահատում են 60-100 հզ. (առավել հավանական է համարվում 70-80 հզ-ը):