Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըստ պաշտոնական տվյալների, Լ-ի 2000-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրացուցակներում նշվել են 91706 հայ առաքելական և 19856 հայ կաթոլիկ քվեարկողներ՝ կազմելով Լ-ում ընտրողների ընդհանուր թվի շուրջ 4%-ը (Լ-ում քվեարկելու իրավունք ունեն 21 տարին լրացած քաղաքացիները, իսկ այդ ցանկերում շուրջ 120 հզ. ընտրողների կրոնադավանական պատկանելությունը տարբեր պատճառներով չի նշվել): Ընտրություններին մասնակցել են ընդամենը 16,835 հայ առաքելական և 2571 հայ կաթոլիկ ընտրողներ, այսինքն՝ մասնակիցների ընդհանուր թվի միայն 1,9 %-ը: Հայերի մասնակցության այս տոկոսը շուրջ 20%-ով ավելի ցածր է համալիբանանյան միջինից: Մասնակցության այս, համեմատաբար ցածր տոկոսը կարելի է մասամբ բացատրել այն հանգամանքով, որ քաղաքացիական պատերազմի և հետագա տարիներին բազմաթիվ հայեր արտագաղթելով հանդերձ Լ-ից, դեռևս պահպանում են իրենց լիբանանյան քաղաքացիությունը (L-ի օրենսդրությունը ընտրության օրը երկրից դուրս գտնվող քաղաքացիների մասնակցության իրավունքը չի ճանաչում): Իբրև առանձին համայնք չճանաչված հայ ավետարանականների թվին և մասնակցության տոկոսին վերաբերվող պաշտոնական տվյալներ չկան:

Լ-ի պետական համակարգը հիմնված է երկրում բնակվող տարբեր կրոնադավանական համայնքների միջև գործակցության և իշխանության բաժանման հիման վրա: Հայ առաքելականները համարվում են երկրի 7-րդ խոշորագույն համայնքը: Հայ առաքելականներն (1934-ից) ու կաթոլիկները (1951-ից) Լ-ի իտրհրդարանում և Բեյրութի քաղաքային խորհրդում (1936-ից) ունեն իրենց մշտական ներկայացուցիչները: 1992-ից Լ-ի խորհրդարանի 128 պատգամավորական աթոռներից 5-ը վերապահված է հայ առաքելական, իսկ 1-ը՝ հայ կաթոլիկ համայնքին: Հայ ավետարանական թեկնածուները կարոդ են պայքարել հայ և արաբ ավետարանականներին միասնաբար հատկացված միակ խորհրդարանական տեղի համար: Լ-ի հայերը ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում, երկրի դիվանագիտական կորպուսում:

1983-ից Լ-ում գործում է պարտադիր զինծառայության օրենքը: Լիբանանահայ երիտասարդները ևս պարտավոր են մեկ տարի ժամկետով ծառայել երկրի զինված ուժերում, իսկ զինվորական ասպարեզը կամավոր ընտրած ու սպայական աստիճանի հասած հայերը սակավաթիվ են:

Տարբեր ժամանակներում Լ-ի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել հայ առաքելական համայնքից Վահրամ Լեյլեկյանը (1934-39), Խոսրով Թյությունճյանը (1937-39), Հրաչյա Շամլյանը (1943-47), Մովսես Տեր-Գալուստյանը (1943-72), Մելքոն Հայրապետյանը (1947 53), Տիգրան Թոսպաթը (1951-60), Խաչիկ Պապիկյանը (1957-99), Վարդգես Շամլյանը (1960-64), Սուրեն Խանամիրյանը (1960-96), Անդրե Թապուրյանը (1964-72, 1999-2000), Արա Երևանյանը (1972-91), Մելքոն Էպլիդաթյանը (1972-92), Շահե Պարսումյանը (1991-96), Եղիա Ճերեճյանը (1992-ից), ժորժ Գասարճին (1992-ից), Սեպուհ Հովնանյանը (1996-ից), Հակոբ Տեմիրճյանը (1996-2000), Հակոբ Գասարճյանը (2000-ից), Ժան Օղասապյանը (2000-ից), հայ կաթողիկե համայնքից՝ Աբդալլահ Իսհակը (1929-32), Ժոզեֆ Շադերը (1951-75), Անտուան Շադերը (1991-92), Հակոբ (Ժակ) Չուխատարյանը (1992-2000) և Սերժ Թուրսարգիսյանը (2000-ից), հայ ավետարանական համայնքից՝ Անդրանիկ Մանուկյանը (1972-92), Նուրիճան Տեմիրճյանը (1992-96) և Աբրահամ Տետեյանը (1996-2000):

Միաժամանակ, 1961-ից Լ-ի տարբեր կառավարություններում նախարարական պաշտոններ են վարել մի շարք հայազգի գործիչներ: Ժոզեֆ Շադերը եղել է պլանավորման (1958) և պետական (1973-74), Խաչիկ Պապիկյանը՝ վարչական բարեփոխումների (1960-61), առողջապահության (1969), զբոսաշրջության (1969-70), տեղեկատվության (1972-1973), պլանավորման (1973) և արդարադատության (1980-82 և 1989֊1990), Սուրեն Խանամիրյանը՝ զբոսաշրջության (1973-75), նավթի և արդյունաբերության (1989-90), Հակոբ Չուխատարյանը՝ կենսոլորտի պետական (1989-90), Շահե Պարսումյանը՝ պետական (1992-94), սոցիալական հարցերի (1994-95), նավթի և արդյունաբերության (1995-97), հետագայում՝ միայն նավթի (1997-98), Հակոբ Տեմիրճյանը՝ տնտեսության և առևտրի (1992-95), քաղաքապետական ու գյուղական հարցերի (1995-98), Արթուր Նազարյանը՝ կենսոլորտի (1998-2000), Սեպուհ Հովնանյանը՝ երիտասարդության և սպորտի (2000-ից), Քերիմ Բագրատունին՝ վարչական բարեփոխումների (2003-ից) նախարար: Սիջհամայնքային անպաշտոն համաձայնությամբ մշտապես հայ համայնքից է նշանակվում նաև Լ-ի կենտրոնական բանկի փոխկառավարիչներից մեկը: Առ այսօր այդ պաշտոնն զբաղեցրել են Ժոզեֆ Ուդուրլյանը (1964-84), Մկրտիչ Պուլտուքյանը (1985-90), Կարապետ Գալայճյանը (1990-93), Հարություն Սամուելյանը (1993-2003) և Ալեն Պալյանը (2003-ից):

Ներկայումս Լ-ի տնտեսության, հատկապես՝ արդյունաբերության, շինարարության և առևտրի բնագավառներում շարունակում են կարևր դիրքեր զբաղեցնել հայազգի Նազարյան, Պարսումյան, Տեմիրճյան, Տանձիկյան, Այանյան ընտանիքները, Աբրահամ Տետեյանը, Նուպար