Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարդանյանը և ուրիշներ: Լիբանանահայ բազմաթիվ գործարարներ ու արդյունաբերողներ մաս են կազմում երկրի արդյունաբերողների ու առևտրականների միություններին: Այսուհանդերձ, լիբանանահայության մեծ մասը հետպատերազմյան տարիներին՝ Լ-ի բնակչության այլ խավերի հետ, շարունակում է կրել քաղաքացիական պատերազմի տնտեսական և սոցիալական ծանր հետևանքները:

Լ-ի հայ համայնքի կապերը Հայաստանի հետ զգալիորեն սերտացել են 1950-ական թթ. 2-րդ կեսից: Հաստատվել է Երևան Բեյրութ օդային գիծ: Հայաստանի բուհերում և ասպիրանտուրայում սովորել են ավելի քան 300 լիբանանահայ երիտասարդներ: Ամառային ամիսներին, Հայաստանում վերաորակավորման դասընթացների են հրավիրվել լիբանանահայ դպրոցների ուսուցիչներ, իսկ դպրոցականներն իրենց ամառային արձակուրդն անցկացրել են Հայաստանի մանկապատանեկան ճամբարներում: Լ-ի մի շարք հայկական դպրոցներում հայերեն, հայ գրականություն և Հայաստանի աշխարհագրություն առարկաները սկսել են դասավանդել Հայաստանից առաքված դասագրքերով:

Լիբանանահայ քաղաքական լրագրերից «Արարատը», «Զարթոնքը» և «Կանչը» կանոնավորապես առաքվել են Հայաստան: 1967-ին Արմենպրեսը ուղղակի հեռատիպային կապ է հաստատել Բեյրութի հետ: Լ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում, Մայր աթոռ Ս. Էջմիածինն ու ՀԽՍՀ պետական մարմինները քանիցս մարդասիրական օժանդակություն են ուղարկել լիբանանահայ աղետյալներին, դպրոցներին ու համայնքային և այլ հաստատություններին: Սակայն Լ-ի քաղաքացիական պատերազմը, 1988-ից Ղարաբաղյան շարժման ու ԽՍՀՄ փլուզման հետևանքով ծավալված քաղաքական ու տնտեսական իրադարձությունները ժամանակավորապես թուլացրել էին լիբանանահայ համայնքի կապերը Հայաստանի հետ: 1988-ին ԽՍՀՄ իշխանությունները դադարեցրել են Երևան-Բեյրութ օդանավային չվերթները, նվազել է Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող լիբանանահայ ուսանողների թիվը են: Այդուհանդերձ, լիբանանահայությունը փորձել է տարբեր միջոցներով զորակցել Դարաբաղյան շարժմանը, Հայաստանում 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հանգանակել ավելի քան մեկ միլիոն ամերիկյան դոլար, որով Հայաստան է ուղարկվել 42 տոննա նպաստ (սննդամթերք, դեղորայք ևն), հիմնովին արդիականացվել է Ավանի արհեստական մարմնանդամների (պրոթեզների) գործարանը, գումար է հատկացվել Գյումրիի «Անի» թաղամասում 81 բնակարանների կառուցմանը:

1991-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո բարելավվել են հարաբերությունները լիբանանահայության հետ: 1993-ին վերաբացվել է Բեյրութ֊Երեան օդանավային գիծը: Նազարյան ընտանիքի ֆինանսավորմամբ Բեյրութում կառուցվել է ՀՀ դեսպանատան շենքը: Գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղը:

Բեյրութի հայ համայնքը կազմավորվել է XIX դ. վերջին, աստիճանաբար ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Քաղաքային բնակչության աճին զուգահեռ Բեյրութի ընդարձակման հետևանքով ներկայումս փաստորեն նրա մի մասն են կազմում նախկինում քաղաքի արևելյան արվարձաններից Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ Անթիլիաս ավանը, թեև վերջիններս շարունակում են պահպանել տեղական ինքնակառավարման իրենց ուրույն մարմինները: Բեյրութում և հիշյալ արվարձաններում է բնակվում լիբա-