Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին XIX դ. կրոնական հալածանքների հետևանքով Կովկաս աքսորված դուխոբորներից և մոլոկաններից: Դեպի ԱՄՆ արևելահայ պանդխտության նախակարապետները Կարսի Ղարաղալա գյուղից Մուշեղյաններն էին, որոնց շուտով հետևել է գյուղի գրեթե ողջ բնակչությունը: XX դ. սկզբին Ռուսական կայսրությունում և մասնավորապես Կովկասում տիրող տնտեսական ու քաղաքական ճգնաժամը խթանել է արևելահայության տեղաշարժը դեպի օտար ափեր` ներառելով նաև Ալեքսանդրապոլի հարակից գյուղերից, Իգդիրից, Կողբից, Թիֆլիսից, Ղարաբաղից, Երևանից և այլ վայրերից մեկնած մի խումբ հայերի: Նրանք հիմնականում բնակություն են հաստատել ԱՄՆ-ի արևմտյան ափին` Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում: XX դ. սկզբին առավել մեծ չափերի հասած արևելահայերի արտահոսքը (շուրջ 2500 մարդ) նվազել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18), ապա որոշ չափով նորից ավելացել Ռուսաստանում 1917-ին ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակի հետևանքով: Արևելահայերի հոսքը ԱՄՆ, ի տարբերություն արևմտահայերի, մեծ չափերի չի հասել, ինչը բացատրվում է Ռուսաստանում քաղաքական ու տնտեսական համեմատաբար բարվոք վիճակով: ԱՄՆ-ի Գաղթականական գրասենյակի տվյալներով` 1899-1924-ին Ռուսաստանից ԱՄՆ էր մեկնել ավելի քան 3500 հայ:

1908-ից հետո Թուրքիայի անկայուն վիճակը, Ադանայի կոտորածը (1909), Բալկանյան պատերազմները (1912-13), ապա Մեծ եղեռնը ուժեղացրել են հայերի արտագաղթը Թուրքիայից: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ԱՄՆ-ում բնակվել է 60 հզ. հայ: ԱՄՆ-ի առաջադեմ հասարակայնությունը զայրույթով է ընդունել 1915-ի հայերի տեղահանության և կոտորածի փաստը: Ամերիկյան մամուլը գրեթե ամեն օր տպագրել է Օսմանյան Թուրքիայում ողբերգական իրադարձությունների ականատես միսիոներների, դիվանագետների, հրաշքով փրկված հայերի պատմածները: ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, համոզվելով, որ հայերի կոտորածներն ու աքսորը նպատակ ունեն գլխովին ոչնչացնել հայերին, ապարդյուն փորձել է համոզել Թալեաթին և Էնվերին` դադարեցնելու հայերի բնաջնջումը: 1915-ի վերջին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին, սակայն դիմումն անպատասխան է մնացել:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական