Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յաշատ քաղաքներ են նաև Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն, Փրովիդենսը ևն:

XIX դ. վերջին-XX դ. սկզբին ամերիկահայերի գերակշռող մասը բանվորներ էին: Ավելի ուշ հայերը սկսել են աչքի ընկնել նաև բիզնեսի ասպարեզում: XX դ. սկզբին ԱՄՆ-ում գործել են արևելյան գորգի 75 խոշոր հայկական ընկերություններ և 200-ից ավելի նորոգման արհեստանոցներ: Հայտնի էին Կյուլպենկյան տոհմից գորգավաճառներ Պատրիկ, Գուլաբի, Հարություն եղբայրները: Հայերը զբաղվում էին նաև հողագործությամբ (հատկապես Կալիֆոռնիայում). ունեին խաղողի, չամիչի, մրգի, գինիների արտադրության ու վաճառքի ձեռնարկություններ: Ներկայումս հայերի սոցիալական կազմը խիստ խայտաբղետ է` ծառայողներ, մանր և խոշոր ձեռնարկատերեր, առևտրականներ, բանվորներ, արհեստավորներ, բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, ուսանողներ ևն: Հայ պաշտոնյաներ կան Սպիտակ տանը, Պետական դեպարտամենտում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում:

ԱՄՆ-ում առաջին հայ առաքելական եկեղեցին` Ս. Փրկիչը, հիմնվել է 1891-ին, Ուստրում: Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում ունի շուրջ 90 եկեղեցի: Հայ ավետարանականներն ունեն 22 ժողովարան, հայ կաթոլիկները` 6 եկեղեցի:

1867-ին ԱՄՆ գաղթած Հակոբ Առաքելյանը հիմնել է ժամանակի խոշորագույն «Փիլգրիմ փրես» տպարանը, իսկ առաջին հայ պարբերականը` «Արեգակը», լույս է տեսել 1888-ին, Ջերսի Սիթիում. ցայսօր ԱՄՆ-ում լույս է տեսել ավելի քան 300 անուն պարբերական:

ԱՄՆ-ում հայկական առաջին դպրոցը` Վարդուկյան վարժարանը, հիմնվել է 1880-ական թթ. վերջին, Նյու Յորքում: Առաջին ամենօրյա դպրոցը` Ֆերահյան երկրորդական վարժարանը, գործում է 1964-ից` Լոս Անջելեսում: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա վարժարաններ:

Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաբնույթ կազմակերպություններ: Առաջին կազմակերպությունը` Հայկական միությունը, հիմնվել է 1886-ին, Նյու Յորքում: XIX դ. 80-90-ական թթ. հիմնվել են Կաճառ հայկականը (1888, Ուստր, Արարատյան գունդը (1890, Նյու Յորք, Հայոց գրադարանի միությունը (1892, Ֆրեզնո), Հայոց առաջադիմական ընկերությունը (1899, Ֆիլադելֆիա) ևն: XIX դ. 90-ական թթ. ԱՄՆ-ում սկսել են ի հայտ գալ նաև հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները` իրենց պարբերականներով: Ներկայումս (2003) համայնքում գործում են հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական, մասնագիտական, տիկնանց բազմաթիվ կազմակերպություններ: ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայահոծ քաղաքներում մասնաճյուղեր ունեն համասփյուռքյան նշանակություն ունեցող միությունները (ՀԲԸՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀՕՄ, ԹՄՄ, Նոր սերունդ, Համազգային ևն)` իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով ևն: XIX դ. վերջին-XX դ. սկզբին ստեղծված հայրենակցական միությունների (քղեցիների, արաբկիրցիների, վասպուրականցիների, սեբաստացիների, մալաթիացիների, մարաշցիների, այնթապցիների, խարբերդցիների, հաճընցիների, մուսալեռցիների ևն) թվին ավելացել են նաև պոլսահայերի, իրանահայերի միությունները: ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում համալսարաններում ու քոլեջներում ուսանող հայ երիտասարդները, որոնք կազմակերպում են հայ ուսանողների միություններ: 1978-ին Լոս Անջելեսում հիմնվել է Հայ համալսարանականների միությունը, իսկ 1980-ին Վաշինգտոնում` Ամերիկայի հայ ուսանողների ակումբների ֆեդերացիան:

ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում` Կալիֆոռնիայի (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո, Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի ևն) գործում են հայագիտական ամբիոններ և