Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում է 4 տարին մեկ անգամ), որն առաջնորդվում է իր ներքին կանոնադրությամբ՝ հաստատված 1888-ին՝ պետության կողմից (ցայսօր իշխանությունները համայնքի հետ առնչվելիս առաջնորդվում են դրանով):

Ագրա քաղաքի հայ համայնքը ձևավորվել է XVI դ. 2-րդ կեսին՝ մողոլ տիրակալ Աքբարի օրոք: Նա հող է տրամադրել հայերին, իր թագավորության սահմաններում ազատ ելումուտի և առանց մաքսի առևտուր անելու իրավունք տվել հայ վաճառականներին: 1562-ին Աքբարի թույլտվությամբ կառուցվել է հայկական եկեղեցի: Հայերին վստահվել են պետական կարևոր պաշտոններ, ծագումով հայ Սիր Ադըլը եղել է երկրի բարձրագույն դատավորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի: Հայուհի է եղել նաև Աքբարի կանանցից մեկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով: Ագրայում է բնակվել հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և երգահան Միրզա Ալեքսանդր Ջուլղարնայնը (Զուլ-Ղառնայն): Ագրահայերն ունեցել են իջևանատուն, որտեղ քննարկել են համայնքի ներքին կյանքին վերաբերող հարցեր, կնքել գործարքներ և պայմանագրեր եվրոպացիների հետ: Համայնքը ստվարացել է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթից (XVI դ. վերջ - XVII դ. սկիզբ) հետո, երբ շատ հայեր Իրանից գաղթել են Հ.: Մողոլների կայսրության անկումով (XVIII դ. վերջ) իր կարևորությունը կորցրել է նաև Ագրան: Շատ ագրահայեր հեռացել են քաղաքից և հաստատվել Հ-ի այլ բնակավայրերում: Ագրայի գերեզմանաաանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Ս. Մարտիրոս մատուռը:

Բոմբեյ քաղաքում հայերը հաստատվել են XVIII-XIX դդ.: Վաճառաշահ քաղաք դարձնելու նպատակով անգլիացիներն այստեղ են հրավիրել սուրաթահայերին՝ նրանց տրամադրելով հողամաս և վարկ՝ տներ կառուցելու համար: Հայերը զբաղվել են հիմնականում առևտրով, կենտրոնացած են եղել Հայկական թաղամասում: 1796-ին կառուցվել է Ս. Պետրոս առաքյալ եկեղեցին (կանգուն է ցայսօր): Բոմբեյում գործունեություն է ծավալել հայ խոշոր վաճառական Խոջա Մինասը (ունեցել է սեփական օվկիանոսային նավեր): XVIII դ. կեսին Բոմբեյում գործել է հայ առևտրական կազմակերպություն, որն ապրանքափոխանակություն է իրականացրել եվրոպական և ասիական շատ երկրների հետ: 1815-ին հիմնվել է «Օճանասփյուռ ժողով» մշակութային ընկերությունը: Լույս են տեսել «Ծաղկաստան» (1822, վիմատիպ), «Բումայու հայոց լրաթուղթ» (1844) պարբերականները: Պահպանվել են Բոմբեյում գրված մի շարք հայերեն ձեռագրեր:

Դաքա քաղաքում հայերը հաստատվել են XVIII դ. սկզբին: Առաջին հայ բնակիչներն են եղել Ավետիս Ղազարը, Առաքել Խաչիկը, Մարգար Բալթազարը, Խոջա Թովմասը: Ունեցել են սեփական հողատարածքներ (Մարգար Պողոսին պատկանել է 5 գյուղ): Զբաղվել են ջութի մշակմամբ: Քաղաքում եղել է Հայկական փողոց, որտեղ 1781-ին կառուցվել է Ս. Հարություն եկեղեցին: 1876-ին Դաքայում ապրել է 90 (25 տուն), 1917-ին՝ 41 (10 տուն) հայ:

Լահոռ քաղաք առևտրական գործարքներ կնքելու նպատակով իրանահայ վաճառականներ են այցելել դեռես XVI դ.: Տեղական իշխանությունները հովանավորել են Լահոռում հաստատված հայերին և նրանց ընղգրկել կառավարման մարմիններում: Քաղաքի կառավարչի պաշտոնը տարբեր ժամանակներում ստանձնել են Միրզա Իսկանդարը և նրա որդին: Լահոռում ապրող հայերը հիմնականում եղել են արհեստավորներ և զինագործներ (մեծ հռչակ է վայելել զինագործ Շահնազարը): Ունեցել են իրենց թաղամասը՝ արհեստանոցներով, կրպակներով: Աֆղանական արշավանքները (XVIII դ. կես) ստիպել են շատ լահոռահայերի տեղափոխվել երկրի առավել ապահով շրջաններ: XVIII դ. վերջին Լահոռում արդեն հայեր չէին մնացել:

Կալկաթայի հայ համայնքը կազմավորվել է XVII դ.: Քաղաքում հայտնաբերված հայերեն արձանագրություններով տապանաքարերը (թվագրված՝ 1630, 1646) վկայում են, որ հայերն այստեղ բնակվել են անգլիացիների երևալուց շատ առաջ: 1724-ին կառուցվել է Ս. Նազարեթ եկեղեցին (1734-ին ճարտարապետ Ղևոնդի նախագծով եկեղեցուն կից ավելացվել է զանգակատուն): Կալկաթայում գործում են նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1909), Թենկրայի Ս. Երրորդություն մատուռը: Հայերը հիմնականում առևտրականներ (հատկապես ջութի), արհեստավորներ (հայտնի էին ոսկերիչները), նավահանգստում աշխատող գործավորներ էին. կային նաև բժիշկներ, ճարտարապետներ, իրա-