Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաբաններ: Հիշատակության են արժանի իրավաբաններ Գրիգոր Պոլը (պաշտոններ է վարել Հնդկաստանի բարձրագույն դատարանում), Հ. Առաքելը, Ս. Սարգիսը: Կալկաթայում կա Հայկական փողոց (Արմինիըն չըրչ սթրիթ): Հայկական են կոչվում նաև քաղաքի խոշոր նավահանգիստներից մեկը (կառուցված՝ XVIII դ. 70-ական թթ.) և Կալկաթայից ոչ հեռու գտնվող մի լեռ:

XIX դ. սկզբին Կալկաթայում գործել է Հարություն Գալուցյանի դպրոցը, 1817-ին՝ Ս. Սանդուխտ երկսեռ դպրոցը, 1821-ին բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր), 1847-55-ին՝ Ս. Սանդխտյան աղջկանց դպրոցը, 1922-ին՝ Դավիթյան օրիորդաց կարժարանը (1949-ին միացել է Հայոց մարդասիրական ճեմարանին):

Կալկաթահայ մշակութային կյանքը կազմակերպել են Իմաստախնդրական միաբանությունը, Արարատյան ընկերությունը, Մարզական ակումբը (ունեցել է ֆուտբոլի, հոկեյի, ռեգբիի, բասկետբոլի խմբեր), Հայ կանանց բարեգործական միությունը, Հայկազյան գեղարվեստից միությունը, որն ունեցել է զանազան ինքնագործ խմբեր, կազմակերպել թատերական ներկայացումներ, երաժշտական երեկոներ, հայ մշակույթին նվիրված դասախոսություններ, նպաստել գաղութի կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Մինչև 1990-ական թթ. գործել է Մեսրոպ Սեթի 1909-ին հիմնած ճեմարանի շրջանավարտների միությունը: 1820-ին հիմնվել է Աղքատախնամ մարմին, ըստ էության՝ ծերանոց, որը գործում է ցայսօր:

Կալկաթահայ համայնքը նշանակալի հաջողությունների է հասել նաև սպորտի բնագավառում: 1960-ական թթ. հռչակ է վայելել ռեգբիի հայկական թիմը, որը Արշամ Սուքիասի գլխավորությամբ շահել է Հ-ի Արևմտյան Բենգալիա նահանգի գավաթը:

Հնդիկ բանասեր-արևելագետ Սունիթի Կումար Չաթերջին, կապված լինելով Կալկաթայի հայ համայնքի հետ, ուսումնասիրել է հայերենը (մասնավորապես գրաբարը), տպագրել հոդվածներ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ, 1961-ին հրատարակել «Հայկական հերոսական լեգենդները և Սասունցի Դավիթ էպոսը» գիրքը: 1966-ին Չաթերջին այցելել է Հայաստան:

Կալկաթայում հրատարակվել են «Հայելի Կալկաթյան», «Ազգասեր», «Շտեմարան», «Արևելյան հնդկաց լրագիր», «Ազգասեր Արարատյան», «Եղբայրասեր», «Արա», «Արմենիա», «Զանգ», «Նոր ազդարար» պարբերականները:

Մադրասի հայ համայնքը կազմավորվել է XVI դ.: 1547-ին Ս. Թովմայի բլրի վրա կառուցվել է Հ-ում առաջին հայկական եկեղեցին, 1712-ին՝ Ս. Աստվածածինը: 1783-ին մադրասահայերը կազմել են «Տետրակ, որ կոչի նշաւակ» համայնքային կանոնադրությունը: Հայերը մասնակցել են նաև Մադրասի կառավարմանն ու բարեկարգմանը. ձեռագիր հիշատակարանում հիշվում է, որ անգլիացիների գալուց առաջ Չին Փաթայի (Մադրասի) կառավարիչը եղել է հայազգի Ղուկասը (Ղոգագ՝ նշանակված 1662-ին): 1725-1726-ին Խոջա Պետրոս Ոսկանի միջոցներով կառուցվել են Սարիար գետի բազմակամար կամուրջը և բարձունք տանող քարե սանդուղքը (166 աստիճանով): Մադրասահայերը հիմնականում արհեստավորներ ու մանր առևտրականներ էին: Աչքի են ընկել նաև մեծահարուստ առևտրականներն ու արդյունաբերողները, որոնց ձեռքում էր կենտրոնացած թանկարժեք քարերի, համեմունքի, հնդկական կերպասեղենի առուծախը: Մադրասում կա Հայկական փողոց:

1770-ական թթ. հիմնվել է Մադրասի խմբակը, 1772-ին Շ. Շահամիրյանը հիմնադրել է տպարան,