Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տությամբ, զարգացրել սահմանադրական գաղափարներ, ձգտել ապագա ազատագրված Հայաստանում ստեղծել բուրժուական հանրապետություն (հակառակ դեպքում՝ գոնե սահմանադրական միապետություն), քարոզել ավատատիրական կարգերի վերացում, լուսավորական գաղափարներ, հայկական պետականության վերածնունդը կապել Ռուսաստանի օգնության հետ: Խմբակը 1772-ին հիմնած իր տպարանում տպագրել է հայ քաղաքական գրականության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (1772), «Տետրակ որ կոչի նշաւակ» (1783), «Որոգայթ փառաց» (1773) երկերը, ինչպես նաև 1780-ական թթ. ռուսական կառավարությանը ներկայացված «Հայ-ռուս դաշնակցային պայմանագրի» նախագիծը: Դրանցում նրանք արծարծել են լուսավորության տարածման և ազգային ինքնագիտակցության արթնացման հարցը, փորձել ուրվագծել Հայաստանի ապագա պետական կարգը և Ռուսաստանի հետ ունենալիք նրա փոխհարաբերությունների բնույթը: Խմբակի լուսավորական և ազգային-ազատագրական գաղափարները շատ դեպքերում կրել են ուտոպիական բնույթ, քանի որ իրական հող չունեին ժամանակի հայ հասարակական-քաղաքական իրականության մեջ:


ՄՇԱԿՈՒՅԹ

Հնդկահայ համայնքում մշակութային կյանքը կազմակերպել են մշակութային միությունները և արվեստասեր անհատներ: Դեռես 1770-ական թթ-ից սկսել է ձևավորվել համայնքի թատերական կյանքը: Հնդկահայ գործիչ Հովսեփ Էմինը 1792-ին Լոնդոնում հրատարակել է Հ-ի հայ համայնքի թատերական կյանքի մասին հիշողությունների գիրք, որն իր բաժանորդներն ուներ նաև Կալկաթայում: 1812-ին մշակութային գործիչ Հակոբ Նազար Շամրյանը թարգմանել և Մադրասում հրատարակել է ֆրանսիացի գրող Վոլտերի «Կեսարի մահը» պիեսը: «Շտեմարան» հանդեսի խմբագիր Մարտիրոս Մկրտչյանը եղել է հնդկահայ առաջին դրամատուրգը, որը ծանոթ էր Շեքսպիրի, Մոլիերի ստեղծագործություններին: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի աշակերտների ուժերով ներկայացումներ են կազմակերպվել Կալկաթայում և այլ քաղաքներում: Ուշագրավ է 1899-ին Ս. Վանանդեցու «Ներսես Մեծ» պիեսի բեմադրությունը, որին մասնակցել են Մ. Սեթյանը, Գ. Կարապետյանը, Կ. Աբգարյանը և ուրիշներ: Հայոց լեզվի ուսուցիչ Թ. Տեր-Ստեփանյանն անգլերենից գրաբար է թարգմանել Չ. և Մ. Լեմերի գիրքը՝ Շեքսպիրի 12 պիեսների բովանդակության շարադրանքը: Թատերական գործիչ Հ. Ստեփանյանը Կալկաթայի «Ռոյալ» թատրոնում 1908-ին բեմադրել է «Նյու Յորքի գեղուհին» պիեսը: Թատերական կյանքի զարգացմանը նպաստել է Հայկազյան գեղարվեստից միությունը: 1921-ին Հ-ում առաջին անգամ հանդես է եկել պրոֆեսիոնալ դերասան Բ. Աբովյանը: Տեղի թատերասերների մասնակցությամբ Կալկաթայում բեմադրվել է Շիրվանզադեի «Պատվի համար», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» և այլ գործեր: 1928-ին Կալկաթայում կազմակերպվել է թատերական կոմիտե, որը 1928-30-ին ներկայացրել է մի շարք երաժշտական ստեղծագործություններ: Ճեմարանի սաների ուժերով 1940-50-ական թթ. ներկայացվել են Շիրվան¬ զադեի, Շեքսպիրի, Հ. Թումանյանի, Հ. Պարոնյանի, Զ. Պոյաճյանի և այլոց գործեր (Ռ. և Հ. Ամիրխանյանների, Կոստանյան ամուսինների բեմադրությամբ), որոնց մասնակցել են Զ. Հանանյանը, Կ. Բազիլը, Է. Արաթունը, Ռ. Դավթյանը, Տ. Գասպարը, Ա. Կյուզելյանը, Ա. Մինասյանը, Ի. Ստեփանյանը, Ա. Ղարախանյանը, Մ. Հարությունյանը և ուրիշներ:

1890-ին ճեմարանի ուսուցչուհի Էմի Աբգարը (Հովսեփ էմինի թոռնուհին) հիմնել է արական երգչախումբ (ղեկավարել է շուրջ 40 տարի), որը 1946-ին դարձել է երկսեռ, երբ նրան է միացել Դավիթյան օրիորդաց վարժարանի երգչախումբը: 1950-60-ական թթ. Կալկաթայում գործել է քառաձայն երգչախումբ (ղեկավար՝ Ասատուր Կյուզելյան): Երաժշտության բնագավառում հայտնի են երգիչներ Աբգար Մինասյանը, Մ. Կարապետյանը, դաշնակահարուհիներ Ալիս և Մարի Դավիթյանները, Վիվիեն Կյուզելյանը, հարմոնահար Մ. Գասպարյանը և այլք:


ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ-ում առաջին հայկական տպարանը հիմնել է Շահամիր Շահամիրյանը 1772-ին՝ Մադրասում: Տպարանի հիմնադրումը պայմանավորված էր XVIII դ. 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսությամբ: Տպագրվել են «Այբբենարան» (1772), Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (1772), Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փա-