Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գասեր Արարատյանի» տպարաններում լույս են տեսել Մ. Թաղիադյանի երկերը, «Ազգասեր» և «Ազգասեր Արարատյան» լրագրերը, Թ. Ավետումյանի «Արամայիս» (1846) վիպակը:

XIX դ. 50-ական թթ. հնդկահայ մշակութային կյանքն անկում է ապրել: 1852-69-ին չի գործել ոչ մի հայկական տպարան: Այդ շրջանում տպագրված 3 գիրք շարվել են օտար տպարաններում: Կալկաթայի վերջին հայկական տպարանը պատկանել է Հովհաննես Խաչիկյանին: Այստեղ լույս է ընծայվել տպարանատիրոջ շուրջ 10 անուն գործ: 1896-97-ին անգլիական մի այլ տպարանում լույս է տեսել «Երգաձայնութիւնք Հայաստանեայց առաք. ս. եկեղեցւոյ» ժամագիրքը՝ հայերեն բնագրով և անգլերեն թարգմանությամբ ու նոտաներով: 1950-57-ին հրատարակվել է «Նոր ազդարար» հանդեսը, որ նույնպես շարվել է օտար տպարանում:

Կալկաթայում հայերեն գրքերը հիմնականում հրատարակվել են գրաբար, նաև աշխարհաբարով ու Նոր Ջուղայի խոսակցական լեզվով:


ՄԱՄՈՒԼ

Հնդկահայ համայնքում առաջին պարբերականի լույս ընծայվելուց (1794) հետո հրատարակվել է շուրջ 20 անուն պարբերական՝ «Շտեմարան», «Ազգասեր», «Ազգասեր Արարատյան» (բոլորն էլ՝ Կալկաթայում), «Բանասեր» (Մադրաս) ևն: Անգլերեն լույս են տեսել «Արա» (Կալկաթա, 1892-95), «Արմենիա» (Կալկաթա, 1908-09) հանդեսները: Հ-ում հրատարակված վերջին պարբերականը «Նոր ազդարարն» է:

«Ազդարար», ամսագիր, հայերեն առաջին պարբերականը: Լույս է տեսել 1794-96-ին, Մադրասում (18 համար): Խմբագրել և իր հիմնած տպարանում գրաբարով, մասամբ էլ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով, տպագրել է Հ. Շմավոնյանը: «Ազդարարը» տարածվել է Մադրասում, Կ. Պոլսում, Նոր Նախիջեանում, Էջմիածնում: Նպատակն էր ներկայացնել ընթացիկ ամսվա կարևոր իրադարձությունները, տարբեր լրագրերում տպված տեղեկությունները: Ամսագիրը պատմել է նաև Անդրկովկասի քաղաքական դեպքերի (մասնավորապես Աղա Մահմեդ խանի արշավանքների) մասին, արտացոլել է հնդկահայ կյանքը, գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք: Ամսագրում տպագրվել են կրոնաբարոյախոսական հոդվածներ, գրական ու պատմագիտական նյութեր (Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից» երկը ևն): «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմիր տառերով: 1970-ին, ի նշանավորումն «Ազդարարի» լույս ընծայման 175-ամյակի, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը 2 հատորով ամբողջությամբ վերատպել է «Ազդարարը»: 1994-ին նշվել է «Ազդարարի» տպագրության 200-ամյակը:

«Ազգասեր», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1845-48-ին, Կալկաթայում: Հրատարակել է տեղի մշակութային Արարատյան ընկերությունը: Խմբագիր՝ Մ. Թադիաղյան: Հայությանը կոչ է արել համախմբվել մայր հայրենիքում, զարգացնել նրա տնտեսությունն ու մշակույթը, պահպանել հայոց լեզուն՝ իբրև ազգի գոյատևման և առաջադիմության գործոն: Լուսաբանել է Նոր Ջուղայի, Զմյուռնիայի, Մադրասի, Բոմբեյի հասարակական-մշակութային կյանքը, արծարծել ուսումնադաստիարակչական, կրոնական հարցեր: Քննադատել է անգլիական գաղութատիրական քաղաքականությունը, նշել Ռուսաստանի պատմական առաջադիմական դերը հայ ժողովրդի ճակատագրում: Տպագրել է գրական երկեր, թարգմանություններ, արտատպություններ: Կարճատև ընդհատումից հետո «Ազգասերը» հրատարակվել է «Ազգասեր Արարատյան» նոր անունով:

«Ազգասեր Արարատյան», տասնօրյա, ապա՝ կիսամսյա պարբերական, «Ազգասերի» շարունակությունը: Լույս է տեսել 1848-52-ին, Կալկաթայում: Խմբագիր-հրատարակիչ՝ Մ. Թադիադյան: Պարբերականում հրատարակված նյութերից ուշագրավ են Հայաստանի ապագայի մասին մտորումները, հայության համախմբման խնդիրներին նվիրված հրապարակախոսական հոդվածները, գաղութահայ կյանքի ընթացիկ լուրերը ևն:

«Ազդարար», երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1846-47-ին, Մադրասում: Խմբագիրներ՝ Ստեփանոս Հովհաննիսյան, Փիլիպոս Միլիտոսյան: Բազմացվել է վիմագրական եղանակով (ընդամենը՝ 17 համար): Տպագրել է քաղաքական, գրական նյութեր, տեղեկություններ հնդկահայ կյանքից: