Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայր աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ գործող հունահայոց թեմական խորհուրդը մեծ դժվարություններ է ունեցել գրանցվելու Հ-ում, քանի որ պաշտոնապես Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչն այստեղ ճանաչվել է Ազգային առաջնորդարանը: Ի վերջո, էջմիածնական թեմական խորհուրդը գրանցվել է «Ուղղափառ հայերի միություն» անվանումով՝ հետագայում ստանալով նաև մկրտության իրավունք: Էջմիածնական թեմի առաջնորդն ու հայրապետական պատվիրակը Ոսկան արք. Գալփակյանն է (1991-ից): Առաջնորդանիստը Ս. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է 1917-ին՝ Աթենքի Պերիստերի (նախկինում՝ Արմենիկա) շրջանում:

Մայր աթոռ Ս. Էջմիածնին է պատկանում նաև Կրետե կղզում գտնվող Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (1636), որն անմիջականորեն կապված է թեմական խորհրդի հետ: Կրետեի հայ համայնքը հնագույնն է Հ-ում:

Հ-ի հայ կաթոլիկ համայնքը (շուրջ 200 մարդ) հիմնականում կենտրոնացած է Աթենքում: 1925-ին Կոկինիայի շրջանում կառուցվել են Ս. Թերեզայի, իսկ 1927-ին Նեոս Կոսմոսի շրջանում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները՝ իրենց դպրոցներով (ներկայումս չեն գործում): Կաթոլիկ համայնքի առաջնորդն է Նշան ծ. վրդ. Քեհեյանը, որի ենթակայության տակ են գտնվում նաև Վրաստանի և Հարավային Ռուսաստանի հայ կաթոլիկ համայնքները: Գործում է նաև Հայ կաթոլիկ տիկնանց միությունը:

Հ-ի հայ ավետարանական համայնքը 1921-22-ին ունեցել է 4 եկեղեցի Աթենքում և մեկը՝ Սալոնիկում: Ներկայումս գործում են Նեոս Կոսմոսի (Ֆիքս) շրջանի ժողովարանը (1923-ից ունեցել է վարժարան, որը փակվել է 1972-ին) և Կոկինիայում 1928-ին կառուցված ժողովարանը՝ իր դպրոցով: Ավետարանականների այս դպրոցը խոշորագույնն էր Հ-ում, 1982-ին փակվել է. ներկայումս գործում է միայն նախակրթարանը: 1994-ից հայ ավետարանական համայնքի (շուրջ 250-300 մարդ) հոգևոր առաջնորդն է Վիգեն Չոլաքյանը: Գործում է Հայ ավետարանական տիկնանց միությունը:


ԴՊՐՈՑ

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Հ-ում գործել են մոտ 30 հայկական վարժարաններ, որոնցից միայն 16-ը՝ Աթենքում: Ներկայումս (2003) գործում են 4 ամենօրյա վարժարաններ, մի քանի կիրակնօրյա դպրոցներ և մեկ մանկապարտեզ: Դպրոցներում զգալի տոկոս են կազմում հայաստանցի երեխաները:

Վարժարաններում հունական պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու և գրականություն, կրոն, պատմություն, աշխարհագրություն:

Զավարյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1926-ին, Աթենքում՝ Հայ Կապույտ խաչի տնօրինությամբ: Ունի մանկապարտեզ և նախակրթարան: Դպրոցին կից գործում են մանկապարտեզ և ծնողաց միությունը:

Գալփակյան վարժարան, ամենօրյա վարժարան: Գործում է 1957-ից, Աթենքում՝ ՀԲԸՄ Հ-ի շրջանային վարչության տնօրինությամբ: Վարժարանին կից գործում են մանկապարտեզ և ծնողաց միությունը: Շենքում տեղավորված են ՌԱԿ-ի և ՀԲԸՄ-ի գրասենյակները:

Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1963-ին, Աթենքում՝ Սոֆի Հակոբյանի բարերարությամբ՝ ի հիշատակ իր ամուսնու: Գործում է Հ-ի Հայ Կապույտ խաչի տնօրինությամբ: Վերջինիս միջնորդությամբ ստացել է պետական հովանավորություն: Ունի մանկապարտեզ (2 դասարան) և նախակրթարան (6 դասարան): Դպրոցի հունական բաժինն ունի իր տնօրենը, հույն ուսուցիչները վարձատրվում են պետության կողմից: Ուսումն իրականցվում է պետական ծրագրով: Դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն, կրոն, պատմություն:

Ա. և Ժ. Ճենազյան միջնակարգ վարժարան, ամենօրյա վարժարան: Գործում է Աթենքում, Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարանի շենքում: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ, որտեղ սովորում է շուրջ 200 աշակերտ:

Մալաքյան-Գասպարյան ծաղկոց նախակրթարան, կիրակնօրյա վարժարան: Գործում է Սալոնիկի Հայ գթության խաչի հովանավորությամբ: Ունի 5 դասարան, 50 աշակերտ:

Տարոնյան վարժարան, կիրակնօրյա վարժարան: Գործում է 1994-ից՝ Ալեքսանդրուպոլսի Հայ գթության խաչի հովանավորությամբ: Ունի 3 դասարան, 48 աշակերտ:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Հունահայության ազգային կյանքը կազմակերպող համայնքային գլխավոր կառույցներն են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը: Ազգային առաջնորդարանը պաշտոնապես ներկայացնում է հունահայ համայնքը Հ-ի իշխանությունների մոտ: Ազգային վարչությունը կազմված է 9 անդամից, ընտրվում է 4 տարին մեկ անգամ: