Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգային վարչության ենթակայության տակ են գտնվում Աթենքի 4 թաղային խորհուրդները՝ Աթենքի, Ֆիքսի (Նեոս Կոսմոսի), Կոկինիայի և Կարեա-Կեսարիանիի: Թաղային խորհուրդներին կից գործում են նաև եկեղեցասեր տիկնանց միությունները, ուսումնական և տնտեսական խորհուրդները: Թաղային խորհուրդները չեն ընտրվում, այլ նշանակվում են Ազգային վարչության կողմից: Ազգային վարչությունը ղեկավարում է նաև Հյուսիսային Հ-ի թաղային խորհուրդները:

Սակայն իրականում հունանայ համայնքի կառավարման գլխավոր լծակները տնօրինում են քաղաքական կուսակցությունները, որոնք ընդունում են համայնքային կյանքին վերաբերող որոշումներ և դրանք իրականացնում ազգային իշխանությունների, տարբեր հասարակական, մշակութային, բարեգործական և երիտասարդական կազմակերպությունների միջոցով: Համայնքում ազդեցիկ քաղաքական ուժ է ՀՀԴ-ն: Որոշակի դեր է խաղում (հիմնականում՝ Աթենքում) նաև ՌԱԿ-ը: Հ-ում գործունեություն ծավալած առաջին հայ քաղաքական կուսակցությունը ՍԴՀԿ-ն է:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) իր կենտրոնական կոմիտեն Աթենք է փոխադրել 1891-ին: Աթենքում են հրատարակվել կուսակցության «Ասպարեզ» պաշտոնաթերթը (1890), «Հնչակ» (1892-94) և «Ապտակ» (1894-96) թերթերը:

ՍԴՀԿ տեղական կազմակերպությունը Հ-ում գոյատևել է մինչև 1960-ական թթ.: Անդամների թիվը հիմնականում նվազել է Խորհրդային Հայաստան նրանց զանգվածային ներգաղթից հետո: Գործունեության դադարեցումից հետո կուսակցության գաղափարակիցները միավորվել են «Արաքս» մշակութային ընկերության շուրջ:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հ-ի կենտրոնական մասնաժողով: ՀԲԸՄ-ի առաջին հունական մասնաճյուղը հիմնվել է 1910-ին, Սալոնիկում, երկրորդը՝ 1923-ին, Աթենքում: Ներկայումս գործում են Աթենքի, Մակեդոնիայի և Թրակիայի մասնաճյուղերը: Միությանը կից գործում է նաև տիկնանց օժանդակ հանձնախումբը: Հիմնական բարեսիրական գործունեությունից բացի, միությունը կազմակերպում է մշակութային միջոցառումներ, նյութապես օժանդակում է Աթենքում գործող Արտաքի Գալփակյան նախակրթարանին:

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Հ-ի պատասխանատու մարմին: Հ-ում ՀՀԴ հաստատվել է 1922-ին: Սկզբնական շրջանում Սալոնիկում գտնվող կուսակցության կենտրոնը 1927-ին տեղափոխվել է Աթենք: Կուսակցության կոմիտեներ գործում են Աթենքի, Ֆիքսի և Կոկինիայի շրջաններում, ինչպես նաև Սալոնիկում ու Թրակիայում: Կուսակցության պաշտոնաթերթն է «Ազատ օր» օրաթերթը: Ազգային վարչության և բոլոր ազգային կազմակերպությունների վարչությունների կազմում կուսակցությունն ունի իր ներկայացուցիչը: Շրջաններում գործում են դաշնակցական ակումբներ:

Կուսակցության գործունեությունն իրականացվում է մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային, մարզական, բարեգործական միությունների միջոցով: Կարևոր աշխատանք են կատարում ՀՀԴ Հ-ի Հայ դատի հանձնախումբը, ՀՀԴ երիտասարդական միությունը (կազմակերպում է բանակումներ, համագործակցում հույն երիտասարդական միությունների հետ, պարբերաբար հրատարակում է «Բռունցք» հանդեսը) և ՀՀԴ պատանեկան միությունը, որը զբաղվում է դպրոցական միջին տարիքի երեխաների գաղափարական դաստիարակությամբ:

Հայ դատի հանձնախումբն իրագործում է կուսակցության արտաքին քարոզչական գործունեությունը, կապեր հաստատում հույն պաշտոնյաների, կուսակցությունների, օտար դիվանագետների, լրագրողների հետ, կազմակերպում հանդիսություններ և քաղաքական ելույթներ: Պաշտոնապես ներկայացված է որպես Հայ ազգային կոմիտե: Ունի մասնաճյուղեր Սալոնիկում և Թրակիայում:

Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Հ-ի շրջանակը հիմնվել է 1923-ին, Աթենքում: 1924-ին Աթենք է փոխադրվել նաև ՌԱԿ-ի կենտրոնական վարչությունը: 1925-ին Աթենքում լույս է տեսել կուսակցության «Արարատ» պաշտոնաթերթը:

Գործում է Աթենքում և Հ-ի այլ վայրերում (Սալոնիկ, Կրետե). ունի փոքրաթիվ համակիրներ: Պաշտոնական շփումների ժամանակ ՌԱԿ տեղական կազմակերպությունը ներկայանում է որպես «Արարատ» մշակութային-մարզական միություն: Կուսակցությունն ունի քաղաքական բաժին՝ Հայ իրավանց խորհուրդ, ինչպես նաև Երիտասարդական միություն: ՌԱԿ-ի Հ-ի շրջանակի պաշտոնաթերթն է «Նոր աշխարհ» շաբաթաթերթը:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Հ-ի շրջանային վարչությունը հիմնվել է 1923-ին, Աթենքում: Ներկայումս գործում են Աթենքի, Կոկինիայի և Սալոնիկի մասնաճյուղերը՝ շուրջ 900 անդամով: Իր կազմում ունի ֆուտբոլի և բասկետբոփ թիմեր, որոնք մասնակցում են Աթենքի տարբեր շրջանների առաջնություններին:

Միության հովանու ներքո գործում է սկաուտական շրջանային խմբապետություն, որը միավորում է Աթենքի և Կոկինիայի սկաուտական երկու մասնաճյուղերը: Միությունը պարբերաբար հրատարակում է «Մարզիկ» պաշտոնաթերթը: