Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Ասիայում: Տարածքը՝ 2724,9 հզ. կմ²: Բնակչությունը՝ 15 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Աստանա (313 հզ., մինչև 1998-ը՝ Ալմա Աթա): Հայերի թիվը՝ շուրջ 25 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը Կենտրոնական Ասիայում սկսել են հաստատվել վաղնջական ժամանակներում: Պատմական աղբյուրների համաձայն՝ նրանցից շատերը հայտնվել են այստեղ որպես գերյալներ, ոմանք՝ առևտրական գործերի բերումով, ոմանք էլ՝ դիվանագիտական առաքելությունների կազմում: Սակայն հայկական համայնքը Ղ-ում ձևավորվել և ստվարացել է XIX դ. 2-րդ կեսին, երբ Ռուսաստանն իր գերիշխանությունն է հաստատել Կենտրոնական Ասիայում: 1867-ին կազմավորվել է Թուրքեստանի գեներալ-նահանգապետությունը, որն ընդգրկել է այժմյան Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղ-ի հարավային մարզերի տարածքը: Այդ ժամանակաշրջանում հայ արհեստավորներ, բանվորներ և առևտրականներ են հաստատվել Ղ-ում (Թուրքմենստանից, հետագա տարիներին՝ նաև Ղարաբադից, Նախիջևանից և Հայաստանի այլ շրջաններից):

Ղ-ի հայկական համայնքն ստվարացել է նաև խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո, երբ հանրապետությունում ծավալված արդյունաբերական բուռն շինարարությունը խթանել է Խորհրդային Միության տարբեր տարածաշրջաններից բանվորական ուժի, մասնագետների ներհոսքը, նրանց թվում նաև հայերի, որոնք բնակություն են հաստատել արդյունաբերական կենտրոններ Չիմքենդում, Կարագանդայում, Կուստանայում, Պավլոդարում, Ալմա Արայում: Խորհրդային իշխանության տարիներին Ղ-ի հայերի թիվն ավելացել է հիմնականում 1937-49-ին՝ ի հաշիվ Հայաստանից, Վրաստանից, Ղրիմից և Խորհրդային Միության այլ տարածաշրջաններից այստեղ աքսորված հազարավոր հայ ընտանիքների: Ղ-ում այժմ բնակվող հայության զգալի մասն անցյալում բռնադատվածներն են ու նրանց զավակները:

Խորհրդային վարչակարգի պայմաններում Ղ-ի հայերը ազգային որևէ կազմակերպություն չեն ունեցել: Բազմազգ Ղ-ում ազգամիջյան հաղորդակցության լեզուն եղել է ռուսերենը: Հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, բուհերում դասավանդումը նույնպես իրականացվել է ռուսերենով: Երկրի բնակչության միայն 35-40 %-ը կազմող բնիկ ղազախների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ