Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂՐՂԶՍՏԱՆ

Ղրղզստանի Հանրապետություն, Կիրգիզիա, պետություն Միջին Ասիայում: Տարածքը՝ 199,9 հզ. կմ²: Բնակչությունը՝ 4,7 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Բիշկեք (650 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 3 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև հաստատվել են 1993-ին:

Հայերի առնչությունները Ղ-ի հետ հիշվում են վաղ ժամանակներից, սակայն հայերը զանգվածաբար սկսել են Ղ-ում բնակվել XIX դ. 2-րդ կեսին: Նրանք Ղ. են եկել Արցախից, Զանգեզուրից, Նախիջևանից, Իրանից, XX դ. 20-ական թթ-ից՝ նաև Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից:

Ներկայումս (2003), Ղ-ում պաշտոնական տվյալներով, բնակվում է 1364, ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 3 հզ. հայ: Կենտրոնացած են գլխավորապես մայրաքաղաք Բիշկեքում. հիմնականում ձեռներեցներ են, արհեստավորներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ: Բիշկեքում գրանցված է մեկ համայնքային կազմակերպություն: Համայնքն ունի ազգային մշակութային կենտրոն, կիրակնօրյա դպրոց:

Հայերը որոշակի նպաստ են բերել Ղ-ի տնտեսական կյանքի զարգացմանը, զբաղեցրել պետական բարձր պաշտոններ (եղել են երկու հայ նախարարներ): Ներկայումս կան գիտությունների դոկտորներ, գիտության և մշակույթի ոլորտների վաստակավոր գործիչներ:

1994-ին Բիշկեքում է հաստատվել Լեռնային Ղարաբաղում զինադադարի համաձայնագիրը:

Ամալյա Պետրոսյան