Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավերվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Տեղական իշխանությունները փորձել են ձեռք բերել և օգտագործել հայկական եկեղեցու տարածքը, սակայն Սինգապուրի հայոց եկեղեցական վարչությունը դիմել է դատարան և կարողացել շահել դատը, հողը վաճառել է, և այդ գումարով հիմնվել է «Խաչատուր Գալստյանի հիշատակի հիմնադրամ» անձեռնմխելի գումարը, որի տոկոսները մինչև Երկրորդ աշխարհամարտը տնօրինել է Սինգապուրի հայությունը: XX դ. սկզբին եկեղեցին հիմնավորապես ավերված էր. միայն երիցտունն էր կանգուն:

Փենանգում բնակվող վերջին հայերը, հավանաբար, եղել են Իփեկճյան եղբայրները, որոնք կղզուց հեռացել են 1966-ին: Այժմ հայերի երբեմնի գոյության մասին է հիշեցնում Հայկական փողոցը, Արաթունի ճանապարհը (ուղի) և հայկական խաչքարերը: Գործում են հայերի հիմնած «Е and О» հյուրանոցը, «А. А. Antony» միջնորդական ընկերությունը, սակայն դրանք այլևս հայերի չեն պատկանում:

Մալակկա քաղաքում հայերը հաստատվել են XVII դ. 2-րդ կեսին: Տեղի հայ գաղութի մասին առաջին անգամ հիշատակում է Կոստանդին Ջուղայեցին: Հայ վաճառականները Մալակկա են եկել հատկապես Հնդկաստանի Սուրաթ քաղաքից, առևտուր արել կամ միջնորդական ծառայություններ կատարել: Հայերի երբեմնի ներկայության վկաներն են դամբանաքարերը, որոնցից ամենավաղը, թվագրված՝ 1736 թ., պատկանում է Խոջա Սարգսի որդի Հովհաննես Դոնակաոյին. հանրահայտը Հակոբ Շահամիրյանի (հնդկահայ ազգային գործիչ Շահամիր Շահամիրյանի որդու) տապանաքարն է (մահացել է 1774-ին), որի վրայի արձանագրությունում ասվում է. «...Բերեք ինձ իմ Երկրի ազատության լուրը, որից ես այսքան հեռու եմ...»:

Մալակկահայերը մեծ մասամբ վաճառականներ էին, պանդոկատերեր: Նրանցից շատերը վարձու կամ սեփական նավեր ունեին (Մալակկայի նավահանգիստը կարևոր նավակայան էր դարձել Եվրոպայի և Հնդկաստանի տարբեր գաղութների հայության համար): Մալակկայում անգլիական տիրապետության հաստատումից (1795) հետո հայերը դեռևս պահպանում էին իրենց տնտեսական ուժն ու հեղինակությունը և անգլիացիների ու ֆրանսիացիների հիմնական մրցակիցն էին: Հայ առևտրականներին չեզոքացնելու նպատակով անգլիացիները և ֆրանսիացիները դարանակալ հարձակումներ էին կազմակերպում, կողոպտում հայկական նավերը: Այս պայմաններում, երբ Մալակկան տնտեսական անկում էր ապրում և հայերին չեզոքացնելու քաղաքականություն էր իրականացվում, հայերն աստիճանաբար գաղթել են տնտեսական վերելք ապրող Սինգապուր: Մալակկայի գաղութը վերջին անգամ հիշատակվում է 1850-ին՝ Մայր աթոռ Ս. Էջմիածնի կոնդակներից մեկում:

Նադյա Ռայթ (Ավստրալիա)
Մուշեղ Մավիսակալյան