Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՇԱԿՈՒՅԹ

Մ. Բ-ի հայերը նկատելի ավանդ ունեն երկրի մշակութային կյանքում: Դեռևս 1736-ին Լոնդոնում բնակվող հայկական ծագումով Ուիսթոն եղբայրները լատիներեն են թարգմանել և հրատարակել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», ապա՝ նաև Անանիա Շիրակացու գիտական աշխատությունները: 1780-ին նորջուղայեցի մեծահարուստ, հրատարակիչ, թարգմանիչ, բառարանագիր Գրիգոր Խալդարյանը Լոնդոնում հիմնել է տպարան և լատիներեն հրատարակել «Հայ եկեղեցու հավատի դավանությունը» գիրքը, որն ընդգրկում էր նաև հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու աղոթքը՝ անգլերեն, լատիներեն և ֆրանսերեն թարգմանություններով:

Գաղութի երախտավոր մտավորականներից էր բանաստեղծուհի և գեղանկարչուհի Զապել Պոյաճյանը, որի հայրը՝ Թովմաս Պոյաճյանը (բնիկ դիարբեքիրցի), եղել է Մ. Բ-ի փոխհյուպատոսը Թուրքիայում: 1916-ին Զ. Պոյաճյանը կազմել, նկարազարդել ու հրատարակել է «Հայկական լեգենդներ ու բանաստեղծություններ» ժողովածուն, որը լայն ընդունելություն է գտել: Գիրքը վերահրատարակվել է 1958-ին՝ Արամ Րաֆֆու առաջաբանով:

1920-ական թթ. անգլիական գրական-հասարակական շրջանակներում մեծ համբավ էր վայելում հայազգի անգլիագիր գրող Մայքլ Առլենը (Տիգրան Գույումջյան, 1895-1956): Նրա առաջին գրքերը՝ «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920), «Ռոմանտիկ կինը» (1921) ստորագրվել են «Տիգրան Գույումջյան», սակայն հրատարակչի խորհրդով հեղինակը հետագայում փոխել է եվրոպացիների համար դժվար արտասանելի անունը: Միջազգային ճանաչման է արժանացել «Կանաչ գլխարկը» (1924) և «Մեյ Ֆերը» վիպակներով: 1954-ին լույս է տեսել Մ. Առլենի «Մի գաղտնի պատմություն» վիպակը: Նրա որոշ երկեր վերածվել են պիեսների, կինոնկարների:

Ճարտարապետության բնագավառում մեծ հաջողության է հասել մի շարք անզուգական կոթողների հեղինակ, անգլիական Բելֆոր Բիթ ձեռնարկության տնօրեն Հարո Բեդելյանը: Նա դարի ամենանշանավոր կառույցներից մեկի՝ ֆրանսիական Կալե և անգլիական Ֆոլքսթոն քաղաքներն իրար միացնող մոտ 50 կմ-անոց եզակի շինարարության (Եվրոթունելի) նախագծի հեղինակն է: Նրա նախագծերով են կառուցվել Լոնդոնի ստորգետնյա երկաթգծի «Վիկտորիա» հատվածը, Օքսֆորղի կրկեսի մոտ գտնվող կայարանը ևն:

Մ. Բ-ում ակնառու հաջողությունների են հասել հայազգի երաժիշտները: Նշանավոր ջութակահար Մանուկ Բարիքյանը (1920-87) 28 տարի դասավանդել է Լոնդոնի երաժշտական ակադեմիայում, 1949-57-ին ղեկավարել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ համատեղելով ղեկավարի և մենակատարի աշխատանքը: 1980-1984-ին եղել է Մանչեստրի երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:

1971-ին անվանի երաժիշտ Լևոն Չիլինկիրյանի ղեկավարությամբ ստեղծվել է Չիլինկիրյան լարային քառյակը, որը կարճ ժամանակում միջազգային լայն ճանաչում է գտել: Քառյակը շրջագայել է շուրջ 30 երկրներում՝ հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում:

Չիլինկիրյան քառյակի ի հայտ գալուց շուրջ 30 տարի առաջ Մ. Բ-ում գործել է Զորյան լարային քառյակը (հիմնադիր և ղեկավար՝ Օլիվ Զորյան), որը ջերմ ընդունելություն է գտել երկրի երաժշտասեր հասարակայնության կողմից:

1960-80-ական թթ. Լոնդոնում գործել են «Կոմիտաս» երգչախումբը (ղեկավար՝ Երջանիկ Մըսրյան) և Տիգրան Մրբերյանի ջանքերով ստեղծված «Արարատ» երգչախումբը:

Կերպարվեստի բնագավառում աչքի է ընկել գեղանկարիչ Էդման Այվազյանը:

Գաղութում աշխույժ է եղել նաև թատերական կյանքը: 1923-ին Հովհաննես Աբելյանը Լոնդոնում ներկայացրել է հատվածներ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» և Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» բեմադրություններից: Այդ շրջանում թատերական գործիչ Մ. Քեսեճյանը կազմակերպել է «Երիտասարդաց միություն» թատերախումբը, բեմադրել Երվանդ Օտյանի «Չարշլը Արթին աղա», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» և այլ գործեր: 1927-ին Լոնդոնում ելույթ է ունեցել «Կոստանյան թատերախումբը»: 1937-ին Սուրաբյան ամուսինները ներկայացրել են «Անուշ» օպերան, որին մասնակցել են նաև անգլիացի կատարողներ: 1937-ին, 1939-ին Լոնդոնում և Մանչեստրում ներկայացումներ են կազմակերպել Հ. և Է. Արծիվները: 1960-70-ական թթ. Լոնդոնում մասնագիտական կրթություն են ստացել դերասաններ Հովհաննես Փիլիկյանը, Վ. Խտշյանը, Ա. Հովհաննիսյանը, Ն. Արմանին և ուրիշներ, որոնք մասնակցել են տեղի հայկական և անգլիական ներկայացումներին: 1964-65-ին Վ. Խտշյանը «Հայ երիտասարդաց» թատերախմբի հետ բեմադրել է մի շարք ներկայացումներ: Լոնդոնի Հայ տունը կազմակերպել է ցուցահանդես՝ «Շեքսպիրյան հայ թատրոնը» թեմայով, որը նվիրված էր Շեքսպիրի ծննդյան 400-ամյակին: 1965-ին Ա. Օհանյանը տեղի թատերախմբի հետ բեմադրել է Սմբատ Բյուրատի «Ավարայրի արծիվը»: 1976-ին Ա. Մկրտումյանի և Հ. Մանուկյանի ջանքերով բեմադրվել է «Վասակը