Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՉԻԼԻ

Չիլիի Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքը՝ 756,6 եզ. կմ²: Բնակչությունը՝ 14,8 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Սանտյագո (5,5 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 1500:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության միջև հաստատվել են 1993-ին:

Չ-ի հայ գաղութը սկսել է կազմավորվել 1930-ական թթ.: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկրում բնակվել է մոտ 100 հայ: Նրանք հիմնականում Մեծ եղեռնից փրկված գաղթականներ էին: Չ-ում հաստատված առաջին հայերից են Նշան Մելքոնյանը (բալուցի), Հովհաննես Բինայանը (վանեցի), Թումայյանը (երուսաղեմցի), Հապեշյանը (հալեպցի) և մի քանի արաբախոս հայեր: Հնաբնակներից էր նաև Աբրահամ Մանուկյանը, որի եղբայրը՝ Ալեքսանդր Մանուկյանը, եղել է Հայաստանի Հանրապետության (1918-20) պաշտոնական ներկայացուցիչը Չ-ում:

Չիլիահայ սակավաթիվ գաղութը նկատելի դեր է խաղացել երկրի տնտեսության մեջ: Հայերն աշխատել են գլխավորապես արդյունաբերության, առևտրի և շերամապահության ոլորտներում, մեծ մասամբ կենտրոնացած էին Սանտյագոյում: 1930-ական թթ. վերջին հայերն այստեղ ունեցել են գուլպայի վեց գործարան, ատաղձագործարան, քիմիական նյութերի արտադրություն և բազմաթիվ վաճառատներ, որոնցից հայտնի էր Պագըճյան առևտրական տան Չ-ի մասնաճյուղը Սանայագոյում: Սան Բեռնարդոյում բնակվել են մի քանի արաբախոս հայեր, զբաղվել են մանր առևտրով և գյուղատնտեսությամբ:

1939-ին Արգենտինայից Սանտյագո այցելած Նորայր քհն. Տեր Խորենյանի նախաձեռնությամբ հիմնվել է Չ-ի Հայ գաղութային մարմինը՝ Անդրանիկ Պալոյանի ատենապետությամբ: Համագաղութային հանգանակություն կազմակերպելով՝ նորակազմ վարչությունը գնել է շենք ազգային կարիքների համար: Չիլիահայ գաղութի պատվո նախագահ է ընտրվել Թագվոր Պագըճյանը:

1950-ական թթ. Չ. են գաղթել հայեր Հունաստանից, Թուրքիայից, Պաղեստինից, ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից: 1959-ին Սանտյագոյում ստեղծվել է Հայ թատերասիրաց միությունը, որը կազմակերպել է ներկայացումներ՝ տեղի սիրող դերասանների մասնակցությամբ: Առաջին ներկայացումն էր Երվանդ Օտյանի և Միքայել Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա» կատակերգությունը (1959, ռեժիսոր՝ Մ. Ժետինյան, գլխավոր դերում՝ Պ. Կիրակոսյան): Գործել են գրադարան և հայկական երգչախումբ (ղեկավար՝ Կ. Լոթիկյան):