Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1930-ական թթ. Շանհայում կար 200 հայ, որոնք ունեին հավաքատեղի՝ Հայոց տուն, առանձին դրամատուն: 1931-ին կազմակերպվել է Հայ երիտասարդաց միությունը: Շանհայաբնակ Հայկ Ասատրյանին է պատկանել քաղաքի մարզադաշտը: Շանհայի հայերը չեն ունեցել իրենց եկեղեցին. նրանց երբեմն այցելել են հայ եկեղեցու հովիվները Խարբինից կամ Վլադիվոստոկից:

Չ-ի հայերի սոցիալական կազմը տարբեր էր: Երկրի հարավում բնակվող հայերը հիմնականում առևտրականներ էին, արևելքում՝ մտավորականներ (բժիշկներ, ճարտարագետներ, փաստաբաններ), արհեստավորներ: Նկատելի էր հայ վաճառականների դերը Չ-ի առևտրում (XVII-XVIII դդ.): Նրանք ունեին անգլիացիներին հավասար իրավունքներ, սեփական նավեր, գործարաններ (Կանտոնում): Մեծ հեղինակություն են վայելել հայ բժիշկները. Խարբինի առողջապահության գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը: Կանտոնաբնակ չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանն անգլերենից չինարեն է թարգմանել Աստվածաշունչը (համարվում է չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը): Չ-ի հայերը չեն կորցրել կապը հայրենիքի հետ: XVIII դ. Մնացական Ղասապյանը, Հովհաննես Մաթևոսյանը և ուրիշներ գումարներ են կտակել Հայաստանին:

Չ-ի հայ գաղութն զգալիորեն տուժել է ճապոնական օկուպացիայի տարիներին: 1950-ական թթ. հայերի մեծ մասը գաղթել է Ավստրալիա, ԱՄՆ, Ֆիլիպիններ: Ազգային կյանքն անկում է ապրել: Ներկայումս (2003) Չ-ում բնակվում են 50-60 հայեր:

Սյանգան, Հ ո ն կ ո ն գ, կղզի Չ-ի հարավ-արևելքում: 1842-ին, անգլո-չինական պատերազմի ժամանակ, գրավել են անգլիացիները, և Նանկինի պայմանագրով (1842) այն անցել է Մեծ Բրիտանիային: 1997-ի հունիսից վերստին Չ-ի կազմում է: Հայերը Հոնկոնգում հայտնվել են XVIII դ. վերջին - XIX դ. սկզբին: 1765-ին Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու կազմած «Ջամբռ»-ում «Չինու երկիրը» (խոսքը Հոնկոնգի մասին է) դրված է այն քաղաքների շարքում, որտեղ հայ համայնքներ են եղել: Հոնկոնգում հաստատվել են հիմնականում ջուղայահայեր և հնդկահայեր: XIX դ. վերջին այստեղ գործել են «Սեթյան», «Աբգարյան», «Աղաբեկյան» հայկական ընկերությունները: Հոնկոնգի հայ համայնքի աչքի ընկնող դեմքերից էր Պոլ Չաթերը (Խաչիկ Աստվածատրյան). 1876-1926-ին ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, եղել Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականը, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ: 1902-ին Հոնկոնգի կառավարությունը նրան շնորհել է«Սըր» տիտղոսը: Պոլ Չաթերի ծրագրով և միջոցներով կառուցվել է Հոնկոնգի նավահանգիստը՝ իր 11 մթերանոցներով, տեղի համալսարանը, բազմաթիվ այլ շենքեր: Հայ բարերարի անունով Հոնկոնգում կա երկու փողոց՝ Աստվածատրյան և Սըր Պոլ Չաթեր: Պոլ Չաթերի մահից հետո նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի, որտեղ պահվել են չինական, հնդկական, մալայական արվեստի մեծարժեք գործեր: Հիշատակության են արժանի Հարություն, Հարոլդ, Կյուրեղ, Դենիս եղբայրները (նրանց է պատկանել ադամանդի վաճառքի տասը տներից չորսը), բազմաթիվ ձեռնարկների հեղինակ, հետագայում նավային խոշոր ընկերության տնօրեն Տիգրան Գրիգորյանը, Հոնկոնգի ներմուծման և արտահանման գրասենյակի տնօրեն Հարություն Սեթյանը (որը միաժամանակ թարգմանություններ էր անում հնդկերենից անգլերեն և չինարեն), բժիշկ Պողոս Հորդանյանը, որի ջանքերով կղզուց գրեթե վերացել է մալարիան, խոշոր նավատեր-վաճառականներ Ղազար Ա. Աբգարը, Աբգար Ա. Աբգարը, կառավարիչ Ս. Կարապետյանը: Հոնկոնգ բազմիցս այցի են եկել Մայր աթոռ Ս. Էջմիածնի նվիրակները. 1924-ին այստեղ այցելած Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Սահակ արք. Ազատյանի վկայությամբ՝ Հոնկոնգում կար 15 հայ ընտանիք: Ներկայումս (2003) Հոնկոնգում հայերի թիվը 20-25 է: Հիմնականում գործարար մարդիկ են: Նրանց հոգևոր կարիքները հոգում է Ավստրալիայի հայոց թեմի առաջնորդարանը:

Պարգև Մարտիրոսյան