Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յում: Հետագայում, երբ մարզն անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, հայերը կաթոլիկացվել են և ժամանակի ընթացքում ձուլվել:

Անկում ապրող ռումինահայ գաղութը կրկին համալրվել է 1894-96-ի համիդյան ջարդերի, 1909-ի Ադանայի կոտորածի և 1915-ի Մեծ եղեռնի հետևանքով: Հայերի վերջին խոշոր գաղթը Ռ. տեղի է ունեցել 1922-ին, երբ քեմալական զորքերը կոտորել են Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին: Ռ-ի հայերը երբեմն ստիպված են եղել նաև արտագաղթել երկրից. 1484-ին Ակքերմանը և Քիլիան գրաված Թուրքիայի սուլթան Բայազիդը տեղի հայերին բռնի գաղթեցրել և բնակեցրել է Կ. Պոլսում:

Հայերի թիվը միջնադարյան Ռ-ում մոտավոր հաշիվներով կազմել է 30 հզ.: Դարեր շարունակ հայերը եղել են երկրի լիիրավ քաղաքացիներ, մասնակցել քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների զարգացմանը: Ստեղծված հայկական կենտրոնները վայելել են բացառիկ առանձնաշնորհումներ, ունեցել իրենց քաղաքապետարանները, դատարանները, արհեստագործական, վաճառականական, հոգևոր և կտրիճների (պատանիների) եղբայրությունները, առաջնորդվել հայկական օրենքներով, նաև Մխիթար Գոշի Դատաստանագրքով: XV-XVII դդ. Ռ-ի ներքին և արտաքին առևտուրը հիմնականում կենտրոնացած էր հայերի ձեռքում: Հայկական կարավանները, որոնց անվանել են «կարելե արմենեշտ» (հայկական կառքեր կամ սայլեր), Վալախիայից և Բրաշովից բերել են մեղրամոմ, Հունգարիայից սամույր, Մոլդովայից արտահանել անասուններ, մորթեղեն: Նրանք Մոլդովայի վրայով Արեմուտքը կապել են Արևելքի հետ, Գերմանիայից Հնդկաստան տարել կերպասներ և մետաղ, ներմուծել պերճանքի առարկաներ, հացահատիկ, մոլդովական գինի տարել Ռուսաստան և Լեհաստան, Լեհաստանից Մոլդովա ներմուծել թուղթ: Հայերը խթանել են նաև արհեստների զարգացումը: Յասսիում (Յաշ), Բոտոշանում, Սուչավայում, Ռոմանում և մյուս հայաբնակ վայրերում շատ հայ ընտանիքներ զբաղվել Են դերձակությամբ, կոշկակարությամբ, արծաթագործությամբ, հրուշակագործությամբ: Մեծ պահանջարկ են ունեցել հայ կանանց ասեղնագործած ժանյակները: Հայ կաշեգործների բարձրորակ արտադրանքը հռչակված էր նաև երկրի սահմաններից դուրս:

XVIII դ. Բուխարեստի դերձակների բրեսլայի (համքարության) ղեկավարը հայազգի Սիրինն էր, իսկ հացագործներինը (XIX դ.)՝ Պապիկը: 1845-ին Գրիգոր Անուշօղլուն Բուխարեստում հիմնել է շոգեաղաց: XIX դ. առաջին քառորդին Բուխարեստում ապրող հայերը (259 ընտանիք) զբաղվել են ծխախոտի, կտավի, հագուստի, մետաքսաթելի, սուրճի, նպարեղենի վաճառքով:

Ռ-ում կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց՝ ասպարեզ են եկել մեծահարուստ հայ վաճառական-արդյանաբերողներ: Արմտիքի վաճառականությամբ են զբաղվել Կոնստանցայում հաստատված ակնեցի Ավետիս Թովմասյանը իր եղբայրների հետ, Թորոսյանները, Տամատյան և Պալյան եղբայրները: Հայտնի էր Գևորգ և Արմենակ Մանիսալյան եղբայրների առևտրական տունը Կոնստանցայում, որն օժանդակել է երկրագործության զարգացմանը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ա. Մանիսալյանն «Արմտիքի վաճառման և արտածման ընդհանուր ընկերության» հիմնադիրն ու ղեկավարն էր: 1876-ին Բուխարեստում հիմնվել է Եղիա Գալֆայանի և Հակոբ Մինասյանի վարագույրների և կահույքի գործարանը, 1877-ին՝ Արմենակ Պարակյանի սուրճի և նպարեղենի գործարանը: Գալաց քաղաքում ևս հայերը կարևոր դեր են խաղացել արդյունաբերության և առևտրի մեջ: Դարավերջին Գալացում և Բրըիլա-յում կային հայ նավատերեր: Գալացի «ՔԵհեյան» վաճառատունը կապված էր Կ.Պոլսի և Մանչեսարի հայ առևտրականների հեա: 1921-22-ին Գալացում գործել են աչքի ընկնող 60 հայ վաճառականներ: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը հայերին պատկանող խոշոր ձեռնարկություններից էին Աբգար եղբայրների «Ֆլանդրա», Սեֆերյան եղբայրների «Ինդուստրիա Գլըցեանը», Արամ ճիզմեճյանի «Արգուս», Միհրան Մորուքյանի «Դունըրեա» գործարանները, Սարգիս և Հովհաննես Տիարպեքիրյան Եղբայրների «Դմբովիցա» հյուսվածքի և կերպասի գործարանը (ունեցել է 4 հզ. բանվոր, բազմաթիվ մասնաճյուղեր և վաճառատներ), Գևորգ և Ադրինե Վարդպարոնյանների «Կիաժնա» մանվածքի գործարանը (1000 բանվոր), Հարություն Ֆրենքյանի շաքարի 6 գործարանները ևն: 1930-ական թթ. Ռ-ում եղել է հայերին պատկանող ավելի քան 20 հյուսվածքի գործարան (մեծ մասը՝ Բուխարեստում), որոնցից հայտնի էին քիմիկոս, դոկտոր Շտեֆան Չերքեզի գուլպաների և տրիկոտաժի, Ժան Զարուկի («Ժանելիս») մետաքսի, Ազնավուրյան եղբայրների հյուսվածքի գործարանները: 1922-ից կոսմետիկայի արդյունաբերությունը տնօրինել է Ներսես Պալթազարը, կոշիկի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից էր հայր և որդի էլմասյանների 1912-ին հիմնած «Ռեզիստենցա» գործարանը: Ռ-ում համայնավարական վարչակարգի հաստատումով (1947) համայնքի վիճակը արմատապես փոխվել է: Հայերին պատկանող բոլոր արդյունաբերական ձեռնարկություններն ու վաճառատներն ազգայնացվել են: