Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տական երաժշտության դասականը, այլև՝ յակուտական երաժշտության շատ ժանրերի և յակուտական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը:

XX դ. 60-ական թթ-ից Յակուտիայում ապրող հայերի համար սկսվել է նոր ժամանակաշրջան: 1958-ին ԽՍՀՄ Կոմկուսի քաղբյուրոյի հատուկ որոշմամբ՝ Հայաստանի բնակիչներին թույլ է տրվել ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքների համար մեկնել Յակուտիա: Դրանից հետո տեղի հայերի թիվը սկսել է ավելանալ: Եթե 1970-ին հայերի թիվը 388 էր, ապա 1989-ին՝ 1138:

Հայերի հոսքը Յակուտիա առավել մեծ չափեր է ընդունել 1990-ական թթ.: 1998-ին Յակուտիա տեղափոխված հայերի թիվը հասել է 1610-ի (ըստ 2001-ի տվյալների՝ նրանց թիվը փոքր ինչ նվազել է և հասել 1574-ի): Ներկայումս (2003), ոչ պաշտոնական տվյալներով, Յակուտիայում բնակվում է շուրջ 8 հզ. հայ: Տեղի հայերի գերակշիռ մասը զբաղված է շինարարական աշխատանքներում, սակավաթիվ հայեր աշխատում են պետական ձեռնարկություններում:

Յակուտիայում առաջին հայկական կազմակերպությունը՝ Յակուտիայի հայերի միությունը, ստեղծվել է 1988-ի դեկտեմբերի 10-ին: Պետական գրանցում է ստացել 1992-ի փետրվարի 20-ին: Միության նպատակն է համախմբել հայերին, պաշտպանել նրանց իրավունքները, ծավալել բարեգործական աշխատանքներ: Միության ղեկավար մարմինը՝ վարչությունը, բաղկացած է 7-10 մարդուց: Յակուտիայի հայերի միության հիմնադիր նախագահը Յակուտսկի համալսարանի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկաոր, պրոֆեսոր Պավել Ղուկասյանն է (վերընտրվել է 1992, 1995 և 1998-ին):

Ռուսաստանի հայերի միության հիմնադրումից հետո (2000-ին) Յակուտիայի հայերի միությունն ընդգրկվել է նրա մեջ՝ շրջանային կազմակերպության կարգավիճակով:

Կրասնոդարի երկրամասում հայերը սկսել են հիմնավորվել XV-XVI դդ.: Երբ թուրքերը գրավել են Ղրիմը, ղրիմահայերի մի մասը տեղափոխվել է Չերքեզիա (պայմանականորեն այսպես է կոչվել Հյուսիսային Կովկասի, հիմնականում՝ այժմյան Ադըղեայի Հանրապետության տարածքը): Հարյուրամյակներ ապրելով չերքեզների մեջ՝ հայերը յուրացրել են նրանց սովորույթներն ու արարողությունները, կազմել հայ բնակչության մի առանձնահատուկ խումբ՝ չերքեզահայեր անվան տակ, սակայն չեն ձուլվեր պահպանել են իրենց կրոնը, ազգային դիմագիծն ու նիստուկացը: Չերքեզահայերն ունեցել են ներքին ինքնավարություն: Ղեկավար մարմինը ավագների խորհուրդն էր («թամադա» անվանումով), որը վարել է համայնքի դատավարչական գործերը:

Մերձկուբանը Ռ-ին միանալուց (1783) հետո չերքեզահայերը սկսել են աստիճանաբար վերաբնակվել Կուբանի աջ ափին: Առաջին խումբը վերաբնակվել է 1824-ին, այնուհետև հայերը սկսել են հաստատվել նաև գետի ձախ ափին: 1839-ին չորս այդպիսի գյուղեր միավորվել են մեկ բնակավայրի մեջ, որն ստացել է Արմյանսկի աուլ անունը և հետագայում վերանվանվել է Արմավիր:

1860-ական թթ. սկզբին սկսվել է հայերի հոսքը Արևմտյան Հայաստանից, հիմնականում Տրապիզոնի և Սամսունի շրջաններից: Սկզբնապես հայերը բնակություն են հաստատել Կովկասի սևծովյան ափի շրջաններում՝ բազմաթիվ գյուղեր ու խուտորներ հիմնելով ծովափի երկայնքով և լեռնային գետերի կիրճերում: Հետագայում հայկական գյուղեր են առաջացել Արևմտյան Կովկասի հյուսիսային լանջերին: Հայերը հիմնել են տասնյակ գյուղեր, որոնցից շատերը կրում են Արմյանսկ, Արմյանսկոյե և այլ նման անուններ: 1864-1891-ին Սևծովյան նահանգում հիմնվել է հայկական 9 գյուղ՝ Վարդանե կալվածքը (Լոո, Հոբզա և Հոջիեպս), Արմյանսկը, Պոդխրեբտովայան, Ուչդերեն, Վերխնե Դեֆանովսկայան, Բազնայան:

Մեծ թվով հայեր բնակություն են հաստատել նաև քաղաքներում (Անապա, Նովոռոսիյսկ, Տուապսե, Սոչի, Եկատերինոդար, Եյսկ, Արմավիր, Մայկոպ): XIX դ. վերջին Կուբանի մարզում (մոտավորապես Կրասնոդարի երկրամասի այժմյան տարածքը՝ առանց սևծովյան ափի) ապրում էր մոտ 10 հզ. հայ, իսկ 1878-ին՝ Չեռնոմորսկայա նահանգում՝ 2,2 հզ., 1896-ին՝ 14 հզ. հայ. 80 %-ը կազմում էր գյուղական բնակչությունը:

Հայ վերաբնակները զբաղվել են անասնապահությամբ, հողագործությամբ (ծխախոտագործություն, այգեգործություն, եգիպտացորենի մշակում):

Քաղաքներում հայերը հիմնել են սննդարդյունաբերության ձեռնարկություններ՝ բամբակազտիչ, ձեթի գործարաններ, ջրաղացներ, ծխախոտի ֆաբրիկաներ:

Արմավիրում և Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) զարգացել է վերամշակող (հատկապես գյուղատնտեսական արտադրանքի) արդյունաբերությունը: 1875-ին Տարասովներ (Թորոսյաններ) եղբայրները Արմավիրում հիմնել են բամբակի ֆաբրիկա, իսկ 1880-ին՝ առևտրական ընկերություն: Կուբանի ամենահարուստ հայերը Արմավիրի ձիթհան գործարանի տեր Ավեդովներն էին: 1900-ին Եկատերինոդարում գործել են Պ. Բեդրոսովի, Մայկոպում՝ Յու. Թերզիևի ծխախոտի ֆաբրիկաները, Ա. Խորասանովի ձիթհան գործարանը: Ռուսահպատակություն ընդունած հայերն օգտվել են որոշակի արտոնություն-