Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն, հայ ժողովրդի պատմություն: 1992-ի վերջից հրատարակվում են թերթեր:

Կրասնոդարում, Սոչիում, Ադլերում և երկրամասի մի քանի գյուղերում հիմնվել են ժամանակավոր հայկական եկեղեցիներ: Կրասնոդարում ստեղծվել է երկրամասի հայկական համայնքների համադրիչ խորհուրդ:

Երկրամասի հայերը ծավալել են աշխույժ ձեռնարկատիրական գործունեություն, հիմնել են բազմաթիվ առևտրական ձեռնարկություններ, տարբեր միջնորդական ֆիրմաներ, բանկային հաստատություններ, իսկ գյուղական վայրերում՝ ֆերմերային տնտեսություններ, շինարարական կազմակերպություններ:

Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր ժողովն ունի 3 հայ պատգամավոր:

Կրասնոդար (մինչև 1920-ը՝ Եկատերինոդար) քաղաքում հաստատված առաջին հայ առևտրականների մասին տեղեկությունները վերագրվում են 1797-ին: 1802-ին հիմնվել է հայկական մատուռ, 1834-ին այն վերակառուցվել է որպես Ս. Աստվածածին քարաշեն եկեղեցի: Սկզբնապես հայերը Եկել են Նոր Նախիջևանից, Չերքեզիայից և Արմավիրից, իսկ XIX դ. 2-րդ կեսից՝ նաև Թուրքիայի սևծովյան շրջաններից: Հայերն առաջատար տեղեր են գրավել քաղաքի առևտրականների և սննդարդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի շրջանում: Եկատերինոդարի ձեթի գործարանների, ջրաղացների, ինչպես նաև խոշոր խանութների մեծ մասը պատկանել է հայ վաճառականներ Բոգորսուկովների, Տարասովների, Ավեդովների ընկերություններին:

1880-ին Եկատերինոդարում եղել է հայկական ծխական երկու դպրոց: 1907-ին հիմնվել է Կանանց հայկական բարեգործական ընկերությունը, 1908-ին՝ Կովկասյան հայկական բարեգործական ընկերության մասնաճյուղը: 1918-ին քաղաքում ապրում էր մոտ 4,5 հզ. հայ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Եկատերինոդարում հայերի թիվը կտրուկ աճել է ի հաշիվ Արևմտյան Հայաստանից եկած փախստականների: 1920-ին հայ բնակչության թիվն անցել է 12 հզ-ից: 1920-ին քաղաքում կար հայկական 2 պրոգիմնազիա: 1918-19-ին գործել է Հայոց մշակութային-գրական միությունը, որը հրատարակել է «Արձագանք» թերթը: 1920-21-ին (խորհրդային իշխանության հաստատումից հետո) լույս է տեսել «Կարմիր աստղ» թերթը:

Վերջին տարիներին հայ ազգային կյանքը վերածնունդ է ապրել: Գործում են Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակութային ընկերությունը, կիրակնօրյա հայկական 3 դպրոց: Լույս են տեսնում «Մաշտոց» և «Երկրամաս» հայկական թերթերը:

Կրասնոդարը Հայ առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի կենտրոնն է: 1997-ին օծվել է Ս. Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցին: Ներկայումս (2003) Կրասնոդար քաղաքում բնակվում է շուրջ 150 հզ. հայ:

Անապայում հայերը սկսել են բնակվել 1862-ից: Գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ նրանք հիմնել են առաջին հայկական բնակավայրը Կովկասի սևծովյան ափին: XX դ. սկզբին Անապայում ստեղծվել են հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններ: 1905-ին Հնչակյան կուսակցության տեղական կազմակերպությունը հայերեն հրատարակելէ «Ի զեն» թերթը: 1920-ական թթ. կեսին քաղաքում ապրում էր մոտ 2 հզ. հայ:

Հայերի թիվն Անապայում կտրուկ աճել է 1990-ական թթ. սկզբին՝ վրաց-աբխազական զինված հակամարտության և Ադրբեջանից հայ բնակչության արտագաղթի հետևանքով: 1990-ին Անապայում ստեղծվել է Հայ ազգային մշակույթի կենտրոն, որը տեղի հայկական համայնքի գլխավոր հավաքատեղին է (կազմակերպիչն ու առաջին նախագահը ձեռնարկատեր Նիկոլայ Իսպիրյանն է): Կենտրոնն ունի գրադարան, կապ է պահպանում Կրասնոդարի երկրամասի հայկական այլ համայնքների, Հայաստանի հետ: Գործում են Ս. Սարգիս (1995) և Սամուել Մարգարե (1997) մատուռները, իսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Հայկաձոր գյուղում՝ Ս. Գևորգ եկեղեցին: Եթեր է հեռարձակվում հայերեն հեռուստաժամ:

Ներկայումս Անապայի շրջանում բնակվում է շուրջ 25 հզ. հայ: Շրջանի հայկական գյուղերում զարգացած է այգեգործությունը, Անապայի ծովամերձ բնակավայրերում՝ ընկույզի մշակումը:

Արմավիր. 1828-38-ին Կուբան գետի ափին չերքեզահայերը հիմնել են 4 բնակավայր, որոնք 1839-ին միավորվել են մեկ գյուղի՝ Արմյանսկի աուլի մեջ: 1848-ին Ստավ-