Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բուդյոնովսկի շրջանի հայաբնակ գյուղերից են Արխանգելսկոյեն, Արխիպովսկոյեն, Օռլովկան:

Գեորգիևսկում հայերը սկսել են բնակվել քաղաքի հիմնադրումից (1777) ի վեր: Հիմնականում զբաղվել են առևտրով, ունեցել են խանութներ: 1817-ին քաղաքում գործել է փայտե հայկական եկեղեցի: Տարածաշրջանի մյուս քաղաքների ավելի արագ զարգացմանը զուգընթաց Գեորգիևսկի հայ բնակչությունը սկսել է նվազել: XIX դ. վերջին կար մոտավորապես 500 հայ:

1989-ի մարդահամարի տվյալներով՝ Գեորգիևսկում բնակվել է 3162 հայ:

Ներկայումս (2003) Գեորգիևսկում հայերի թիվը շուրջ 5 հզ. է: Հիմնվել է մշակութային «Կանչ» ընկերությունը: Քաղաքի երկու դպրոցում կազմակերպվել են հայոց լեզվի և գրականության ֆակուլտատիվ ժամեր:

Գեորգիևսկի շրջանի հայաբնակ գյուղերից են Նեզլոբնայան, Նովին, Կրասնոկումսկը, Նիժնեզոլակը, Նովոզավետնոյեն, Օբիլնոյեն, Նովոուլյանովսկը ևն:

Եդեսիա հայկական գյուղը (Ստավրոպոլի երկրամասի Կուրսկայայի շրջանում) հիմնել են 1791-ին Խաչմաս և Քիլվար գյուղերից (Հարավային Դաղստան) գաղթած հայերը: 1830-ին գյուղում կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին՝ կից վարժարանով, իսկ 1884-ին՝ երկրորդ դպրոցը: 1913-ին Եդեսիայում ապրում էր մոտ 4,5 հզ. հայ. նրանց միջոցներով 1914-ին կառուցվել է նոր եկեղեցի:

1989-ի մարդահամարի տվյալներով՝ Եդեսիայում բնակվել է 3275, իսկ 2000-ին՝ 3650 հայ: Գործում են հայկական 2 միջնակարգ և 1 ութամյա դպրոցներ, պրոֆտեխուսումնարան, Ս. Աստվածածին եկեղեցին, գրադարան, մշակույթի տուն ևն:

Եսենտուկիում հայերը բնակություն են հաստատել XX դ. սկզբին: 1989-ի մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը 1912 էր: Ներկայումս Եսենտուկիում բնակվում է 7 հզ-ից ավելի հայ: Գործում են «Բարեկամություն» և մարզական «Արարատ» ընկերությունները, կառուցվել է հայկական մատուռ: Քաղաքի երկու դպրոցում հայ երեխաներին 2-10-րդ դասարաններում ուսուցանվում է հայոց լեզու և գրականություն: Հիմնվել է նաև կիրակնօրյա հայկական դպրոց:

Ժելեզնովոդսկում հայեր բնակվել են XX դ. սկզբից: Գաղթել են Սամսունի գյուղերից: 1989-ի մարդահամարի տվյալներով՝ Ժելեզնովոդսկում բնակվել է 1015 հայ: Ներկայումս հայերի թիվը շուրջ 5 հզ. է: Գործում է «Արշալույս» հայկական ընկերությունը:

Կիսլովոդսկում հայերը բնակություն են հաստատել XIX դ. վերջից: Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին հայ բնակչության թիվը զգալիորեն աճել է ի հաշիվ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Անդրկովկասից եկած փախստականների: Հայերի նոր հոսք է սկսվել 1980-90-ական թթ.՝ Ադրբեջանից, ինչպես նաև Հայաստանից: Գործում է հայկական մշակութային-բարեգործական «Կռունկ» ընկերությունը: 1997-ին օծվել է նորակառույց Ս. Վարդան եկեղեցին: Ներկայումս (2003) հայերի թիվը շուրջ 10 հզ. է:

Միներալնիե Վոդիում հայեր բնակվել են XX դ. սկզբից: Հայրենական պատերազմից հետո հայեր են եկել Վրաստանի շրջաններից և Շիրակի գյուղերից: Ներկայումս հայերի թիվը շուրջ 2,5 հզ. է: Գործում են «Հայք» ընկերությունը և կիրակնօրյա հայկական դպրոցը:

Պյատիգորսկում դեռևս XIX դ. 2-րդ կեսին գոյություն ուներ հայկական համայնք, կառուցվել է Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցին: Հայ բնակչությունը հիմնականում զբաղվել է առևտրով: Հայտնի էր Մարկոսյան եղբայրների Առևտրական տունը, որը մասնաճյուղեր ուներ այլ քաղաքներում: 1913-ին Պյատիգորսկում ապրել է 1700 հայ, գործել են մի քանի հայկական տարրական դպրոցներ:

Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին քաղաքի հայ բնակչությունն ավելացել է ի հաշիվ Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասից եկած փախստականների: 1918-ին լույս է տեսել «Լրաբեր» հայկական թերթը, իսկ 1919-20-ին՝ գրական-գեղարվեստական «Ալիք» ժողովածուն: Բացվել են մի քանի հայկական նոր դպրոցներ, աշխուժացել է թատերական կյանքը: 1930-ական թթ. հայ ազգային կյանքն աստիճանաբար մարել է:

1980-ական թթ. վերջին 1990-ական թթ. սկզբին հայ ազգային կյանքի վերականգնումից հետո Պյատիգորսկում ստեղծվել է Վահան Տերյանի անվան մշակույթի հայկական ընկերությունը: Գործում է Ս. Սարգիս հայկական եկեղեցին (1992): 1992-93-ին հրատարակվել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի «Խաչքար» թերթը: 1995-ից լույս է տեսնում «Համայնք» ("Амайнк") պատմամշակութային հանդեսը (ռուսերեն), 1997-ից՝ «Արմյանսկի վեստնիկ» թերթը: Ներկայումս հայերի թիվը շուրջ 35-40 հզ. է:

Աստրախանի մարզում հայերի մասին առաջին հիշատակություն-