Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները վերագրվում են XIV դ. 1-ին կեսին (1331), երբ Անիի հայերի մի մասը հաստատվել է այստեղ: Աստրախանը Ռ-ին միանալուց (1556) հետո ռուսներն ամրոցը և քաղաքը Վոլգայի աջ ափից տեղափոխել են ձախ ափ: Լինելով Ռ-ի դարպասը դեպի Կասպից ծով՝ քաղաքը վերածվել է ռազմական, վարչական ու տնտեսական խոշորագույն կենտրոնի: Դարերի ընթացքում Ասարախանում ընդունելություն են գտել հարավից եկող բազմաթիվ հայ գաղթականները:

Աստրախան քաղաքի (Աստրախանի մարզի վարչական կենտրոնը) հայ գաղութը սկսել է ձևավորվել XVII դ.: Հայերը բնակություն են հաստատել այսպես կոչված Սպիտակ քաղաքի սահմաններից դուրս, Սադովի թումբ կոչվող շրջանում: Այստեղ էլ ձևավորվել է քաղաքի առաջին հայկական թաղամասը: XVIII դ. սկզբին կառուցվել է Ս. Աստվածածին քարե եկեղեցին, XVIII դ. 2-րդ կեսին՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին: Հետագա տարիներին կառուցվել են ևս երկու հայկական եկեղեցիներ՝ Ս. Կատարինե և Ս. Գրիգոր Լուսավորիչ: XVII դ. սկզբին Աստրախանում ապրել է մոտ 200, XVIII դ. սկզբին՝ 5 հզ., XIX դ. վերջին՝ 7,5 հզ., 1911-ին՝ շուրջ 10 հզ. հայ:

Պետրոս I-ը և նրա հաջորդները, առևտրին և արհետագործությանը զարկ տալու նպատակով, հայերին արտոնագրերով հրավիրել են Աստրախան: Տեղի հայ վաճառականները կարևոր դեր են խաղացել ռուս-իրանական և հատկապես Ռ-ով կատարվող տարանցիկ առևտրում (նրանց առևտրական գործարքների տեսակարար կշիռն այդ առևտրում կազմել է 50 %-ից ավելին): XVIII դ. Աստրախանը մետաքսի ու բամբակի արդյունաբերական համառուսաստանյան նշանակություն ունեցող կենտրոն էր, իսկ ջուլհակային ձեռնարկությունների 90 %-ը պատկանում էր հայերին:

Հայերը պաշտոնապես ազատվել են հարկերից, օգտվել առևտրական և արդյունաբերական գործունեության, դավանանքի ազատության և համայնքի ներքին կյանքը տնօրինելու արտոնություններից: 1746-ին ստեղծվել է հայկական դատարան (ռատհաուգ): 1765-ին Աստրախանի բնակիչներ Եղիազար Գրիգորյանը, Գրիգոր դի Սաֆար Կամպանյանը և Օհանի որդի Սարգիսը կազմել են «Ասարախանի հայոց դատաստանագիրքը»՝ օրենքների ժողովածու, որը կիրառվել է Աստրախանի, ինչպես նաև Ռ-ի մյուս հայ համայնքների (Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար) դատարաններում: XIX դ. սկզբից Աստրախանի տնտեսական նշանակության նվազմամբ հայերի արտոնությունները աստիճանաբար սահմանափակվել են, ապա վերացվել:

Աստրախանում հատկապես հայտնի էին Սարգիս Օհանյանի, Պյոտր Վարդանյանի, Առաքել Իսայանի, Ռևազ Զալիևի գործարանները: Մեծ դեր էին խաղում նաև հայ արհեստավորները: Աստրախանի հայերը Ռ. են ներմուծել նաև բամբակ, մանվածք, ներկեր, բրինձ, չիր մրգեր:

1717-ին կազմավորվել է Հայ առաքելական եկեղեցու Աստրախանի թեմը՝ առաջինը Ռ-ի Հայ եկեղեցու թեմերից: Այն միավորում էր Ռ-ում գործող բոլոր հայկական եկեղեցիները: 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Աստրախանի թեմի իրավասության տակ են մնացել միայն Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի տարածքները: Թեմը կոչվում էր Հայ եկեղեցու Հյուսիսային Կովկասի և Ասարախանի թեմ, իսկ նրա կենտրոնը տեղափոխվել է Արմավիր քաղաք (Հյուսիսային Կովկաս): Հասարակական և քաղաքական ականավոր գործիչներից էր ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ արք. Արղությանը, որը մեծ դեր է խաղացել հայ ազատագրական շարժման, Ռ-ում հայկական նոր բնակավայրերի հիմնադրման գործում: Նա Աստրախանում հիմնել է հոգևոր կոնսիստորիա (թեմական հոգևոր մարմին, 1781) և հայկական առաջին տպարանը (1796):

Ասարախանում էին տեղաբաշխվել հայկական էսկադրոնների զորամասերը, որոնք XVIII դ. 1-ին կեսին ռուսական բանակի կազմում մարտնչել են պարսիկ և թուրք նվաճողների դեմ: 1769-ին Աստրախանում է ծնունդ առել Հայաստանի ազատագրման նախագծերից մեկը, որի հեղինակն էր տեղաբնակ խոշոր վաճառական Մովսես Սարաֆյանը (Բաղրամյան):

Աստրախանի հայերն ակտիվորեն մասնակցել են ինչպես համայնքի, այնպես էլ երկրի հասարակական կյանքին: XIX դ. 2-րդ կեսին տեղի մի խումբ երիտասաևդներ ստեղծել են նարոդնիկական կազմակերպություն՝ Ֆորտակով եղբայրների գլխավորությամբ: Շատ հայեր բարեկամական հարաբերություններ են պահպանել Աստրախանում աքսորի մեջ գտնվող Ն. Չեռնիշեսկու հետ:

Աստրախանում առաջին հայկական դպրոցը կազմակերպվել է 1780-ական թթ.՝ Հովսեփ արք. Արղությանի նախաձեռնությամբ: Հոգևոր այդ դպրոցը գոյատևել է մի քանի տարի: 1810-ին վաճառական Նիկողայոս Աղաբաբյանի միջոցներով բացվել է նոր դպրոց (կոչվել է Աղաբաբյան դպրոց): Գործել են նաև հայկական այլ ուսումնական հաստատություն-