Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ՝ սեմինարիան (1906), արական ծխական (1851), իգական ծխական (1870), արհեստագործական (1877) դպրոցներ, որոնք գոյատևել են մինչև 1920-ական թթ.:

1795-ին Հովսեփ արք. Արղությունի ջանքերով Նոր Նախիջեանից Աստրախան է բերվել թեմական տպարանը, որտեղ 1796-1800-ին տպագրվել են մի քանի գրքեր: Աստրախանում հրատարակվել են «Արևելյան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-09), «Մեր կյանքը» (1910-12), «Բանբեր» (1915) հայերեն պարբերականները:

1868-ին հիմնադրվել է Աստրախանի հայկական թատրոնը (գործել է մինչև 1930-ական թթ.): Առաջին հայկական թատերական բեմադրությունները կազմակերպել են Կոստանդնուպոլսից ժամանած դերասաններ Ֆասուլաճյան ամուսինները: 1908-ին ստեղծվել է Հայ գրականության և արվեստի սիրողների ընկերություն՝ ճանաչված փաստաբան և հասարակական գործիչ Ռոմանոս Աստվածատրյանի գլխավորությամբ: Աստրախանի հայ համայնքը տվել է օպերային բեմի այնպիսի երևելի երգիչներ, ինչպիսիք են Պետերբուրգի և Փարիզի օպերաների երգչուհի Նադեժդա Պապայանը և երգիչ Ալեքսանդր Կարատովը (Կարապետով):

Աստրախանի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից են 1812-ի Հայրենական պատերազմի մասնակից և պատմաբան գեներալ Դմիտրի Ախշարումովը, նրա որդիները՝ պետրաշեական խմբակի անդամ բժիշկ Դմիտրի Ախշարումովը և գրող Նիկոլայ Ախշարումովը, 1812-ի պատերազմի մասնակից գեներալ Դավիթ Դելյանովը (Դիլանչյան) և նրա որդին՝ Ռ-ի ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովը, բժշիկներ Մարգար Առուստամովը և Իվան Քուրդովը, ժուռնալիստ-հրատարակիչ Հարություն Կոտելնիկյանը, գիտնականներ Պետրոս, Մելքում ու Տիգրան Տուրպաևները և ուրիշներ:

Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին ուժեղացել է Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասից հայ փախստականների հոսքը Աստրախան. քաղաքի հայ բնակչությունն աճել է՝ հասնելով 10-11 հզ-ի: Սակայն այդ տարիներին ազգային կյանքի վերելքը երկարատև չի եղել:

1991-ից սկսել են գործել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ և խմբակներ, ստեղծվել է հայ մշակույթի «Արև» ընկերությունը, որն աշխատանք է ծավալել քաղաքի հայության համախմբման, ազգային ավանդույթների վերականգնման ուղղությամբ: Ընկերության նախագահն է բժիշկ, պրոֆեսոր Ս. Զուռնաչյանը: 1996-ին քաղաքային իշխանությունները հայ համայնքին են վերադարձրել նախկին Աղաբաբյան դպրոցի շենքը: 1990-ական թթ. հայերի թիվն Աստրախանում ավելացել է Ադրբեջանից եկած հայ փախստականների հաշվին: Ներկայումս (2003) հայերի թիվը շուրջ 4 հզ. է:

Իվանովոյի մարզում հայերի թիվը ներկայումս (2003), ըստ պաշտոնական տվյալների, 6 հզ. է, ոչ պաշտոնական աղբյուրներով՝ ավելի քան 20 հզ.: Քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում տեղ է հատկացրել հայկական եկեղեցի կառուցելու համար: Իվանովոյի Քաղաքային դումայի պատգամավոր է Գրիգոր Ղազարյանը:

Իրկուտսկի մարզում հայկական համայնքը ձևավորվել է 1980-ական թթ.: Գործում է հայկական մշակութային ընկերություն: Նպատակն է հայ ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքների պահպանումը: Ընկերության նախագահն է իրավաբան, գրող Կառլոս Բալայանը: Միության առաջնահերթ խնդիրներից են սեփական տպագիր մամուլ ունենալը, հայոց լեզվի դասընթացների կազմակերպումը:

Կալինինգրադի մարզում հայ համայնքը ձևավորվել է 1990-ական թթ. սկզբին: Ներկայումս (2003) մարզում բնակվում է շուրջ 60 հզ. հայ, որոնց զգալի մասը ԼՂՀ Շահումյանի շրջանից և Բաքվից եկած հայեր են: Գործում է հայկական կիրակնօրյա դպրոց: Համայնքը Կալինինգրադ քաղաքի մի հատվածում գնել է 1,5 հեկտար հողատարածք, որտեղ նախատեսված է կառուցել հայկական եկեղեցի, թանգարան, դպրոց, մշակութային դահլիճ, հոգևոականների համար կացարաններ և անվճար ճաշարան կարիքավորների համար:

Կալուգայի մարզում հայ համայնքի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Կալուգա քաղաքի 5-րդ միջնակարգ դպրոցի հիմքի վրա բացվել է ազգային կրթության կենտրոն և կից կիրակնօրյա դպրոց: Կենտրոնի նպատակն է մարզի հայ երեխաներին միավորել հանրակրթական մեկ կազմակերպության մեջ: Կալուգայում լույս է տեսնում «Գործարար» ամսագիրը՝ հայերեն և ռուսերեն (խմբագիր՝ Վահրամ Բեկչյան):

Մուրմանսկի մարզի հայ համայնքը ձևավորվել է 2000-ին: Համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ՌԴ Եվրոպական հյուսիսի հայ համայնքների միությունը: 2001-ի հունվարին Մուրմանսկի հայ համայնքի II համագումարն ընտրել է 17 հոգուց բաղկացած համայնքային խորհուրդ: Գործում է տարածաշրջանային երկու մասնաճյուղ: Ներկայումս (2003) Մուրմանսկի մարզում ապրում է շուրջ 2500 հայ, որոնց զգալի մասը (1500-ը) կենտրոնացած է Մուրմանսկ քաղաքում (մարզի վարչական կենտրոնը): Հայերի մեծ մասը գործարարներ են: