Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նովոսիբիրսկի մարզում, ինչպես նաև Արևմտյան Սիբիրի մի շարք շրջաններում, հայերի ներկայությունը կարելի է որպես երկարաժամկետ բնութագրել միայն XX դ. կեսից, թեև, ըստ էության, այդ ժամանակ էլ հայ տղամարդկանց մեծ մասը գալիս էր Նովոսիբիրսկ՝ ժամանակավոր շինարարական աշխատանքների:

Նովոսիբիրսկ քաղաքի գիտական կենտրոնի կազմավորումը և ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի սիբիրյան տնտեսագիտական դպրոցի ստեղծումը նպաստել են, որ հայ գիտնականներն ընտանիքներով հաստատվեն Նովոսիբիրսկում: Սակայն հայերի թիվը քաղաքում և ամբողջ մարզում շեշտակի աճել է 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին՝ դեպի ՌԴ Հայաստանի քաղաքացիների զանգվածային տեղաշարժի պատճառով:

1989-ի մարդահամարի տվյալներով՝ Նովոսիբիրսկ քաղաքում ապրում էր 1475 հայ (քաղաքի բնակչության 0,1 %-ը), իսկ Նովոսիբիրսկի շրջանում՝ 2333 հայ (մարզի բնակչության 0,08 %-ը): Ներկայումս (2003) Նովոսիբիրսկում և համանուն մարզում հայերի թիվը 45 հզ. է: Զբաղվում են հիմնականում առևտրով և շինարարական աշխատանքներով: Հայաստանցիների մեծ մասը 1988-ի երկրաշարժից տուժած շրջաններից է: Նովոսիբիրսկում բնակվում են նաև Վրաստանի հայաբնակ տարածքներից եկած հայեր: Վերջին ժամանակներս, Նովոսիբիրսկի շուկաներում առևտրի զարգացման հետևանքով, մեծացել է գյուղաբնակ հայերի թիվը: Քաղաքում հայկական եկեղեցի և դպրոց չկա: Գործում է հայկական հեռուստաալիք: 1999-ին ստեղծվել է Հայկական հասարակական-մշակութային կենտրոն, որը կազմակերպում է համերգներ, հանդիպումներ ևն:

Ռոստովի մարզում հայերը թվով (շուրջ 135 հզ.) երրորդն են ռուսներից և ուկրաինացիներից հետո: Նրանց զգալի մասը այստեղ է հաստատվել 1991-94-ին՝ Հայաստանից, Վրաստանից, Աղրբեջանից և Ռ-ի այլ շրջաններից: Շուրջ 40 հզ. հայ է բնակվում մարզի կենտրոն Դոնի Ռոստովում:

XIX դ. առաջին կեսին, Ռոստով քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանը զուգընթաց, Նոր Նախիջևանից շատ հայեր վերաբնակվել են բարգավաճող այս քաղաքում:

1840-ին Ռոստով քաղաքում բնակվել է 9050 հայ: Սկզբնական շրջանում հայերը հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, արհեստներով և առևտրով, հետագա տարիներին աչքի են ընկել նաև արդյունաբերության ոլորտում: 1857-ին հայազգի Ասմալով եղբայրները հիմնել են ծխախոտի ֆաբրիկա, որը միակն էր ինչպես Դոնի Ռոստովում, այնպես էլ ամբողջ Հյուսիսային Կովկասում (1882-ին ֆաբրիկայում աշխատել է 1500 բանվոր): Ֆաբրիկան ներկայումս էլ գործում է «Դոնի ծխախոտ» անվանումով:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ինչպես Նոր Նախիջևանում, այնպես էլ Դոնի Ռոստովում կազմակերպվել են հայկական և ռուսական ազգային կոմիտեներ և խմբակներ, որոնք զգալի օգնություն են ցույց տվել արևմտահայ գաղթականներին:

Ռոստովի մարզից բազմաթիվ հայեր իրենց սխրանքներով աչքի են ընկել Հայրենական մեծ պատերազմում. Լ. Չապչախովը (Չափչախյան), Հ. Օհանյանը, Գ. Մադոյանը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման:

Դոնի Ռոստովի Մարքսի հրապարակում է գտնվում քաղաքի պաշտպանության և ազատագրման համար զոհված 7300 զինվորների (որոնցից 260-ը հայեր են) եղբայրական գերեզմանը:

Ռոստովահայերը մասնակցում են մարզի հասարակական-քաղաքական կյանքին: «Ռոստովգազապարատ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ֆերդինանդ Խաչատրյանը 2003-ին երկրորդ անգամ ընտրվել է Ռոստովի մարզի խորհրդարանի պատգամավոր: Հայտնի գործարարներից է մարզի սպառողական միության նախագահ հայազգի Սեմյոն Խուրդոևը:

Մարզի հայաբնակ բնակավայրերից են Նոր Նախիջևանը, Ակսայ, Բատայսկ, Ազով, Բելայա Կալիտկա, Գուկովո, Վոլգոդոնսկ, Կամենսկ, Կրասնի Սուլին, Միլերովո, Նովոչերկասկ, Տագանրոգ, Շախտի քաղաքները, բազմաթիվ գյուղեր և ավաններ:

Նոր Նախիջևան, հայկական գաղթավայր Ռ-ում (1930-ական թթ. դարձել է Ռոստով քաղաքի շրջաններից մեկը՝ Պրոլետարական): Հիմնադրել են Ղրիմից գաղթած հայերը, 1779-ին, Դոնի աջ ափին՝ Ս. Դմիտրի Ռոստովսկի ամրոցի (այժմ՝ Դոնի Ռոստով) մոտ: Շրջակայքում հիմնվել են Չալթր, Թոփթի, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Նեսվիտա հայկական գյուղերը, որոնք կազմել են գաղթավայրի անբաժան մասը: 1778-ի ամռանը գեներալ Ա.Վ. Սուվորովի գլխավորությամբ կազմակերպելով 12 600 ղրիմահայերի գաղթը՝ Ռուսական կայսրությունը հետամտել է Նովոռուսիան (հարավային տափաստանները) բնակեցնելու, Ղրիմի խանությունը թուլացնելու և այն կայսրությանը միացնելու նպատակ: Եկա-