Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստրախանի թեմը և Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի թեմը։ Ներկայումս (2003) Ռ-ի տարածքում գործում է երկու թեմ՝ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմը (կենտրոնը՝ Մոսկվա) և Հարավային Ռուսաստանի թեմը (կենտրոնը՝ Կրասնոդար)։ '''Աստրախանի թեմ''' Հայաստանյաց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1717-ին։ Առաջնորդանիստը՝ Աստրախանի Ս․ Աստվածածին եկեղեցի։ Ռ-ի հայոց առաջին թեմը։ Միավորել է Ռ-ի հայկական բոլոր համայնքները։ Թեմի առաջին առաջնորդն է եղել Ս․ Էջմիածնի կողմից 1717-ին նշանակված Ստեփանոս արք․ Գաղաթացին։ Հետագա տարիներին (1768-ից) թեմի առաջնորդների թեկնածությունները համաձայնեցվել են Ռ-ի իշխանությունների հետ, ինչը փաստել է Աստրախանի թեմի կարևոր դերը ռուս-հայկական հարաբերություններում։ Աստրախանի թեմը սերտ կապեր է ունեցել Ս․ Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսությունների հետ, նպաստել Ռ-ի հետ հայ ժողովրդի քաղաքական և մշակութային առընչություններին։ Աստրախանի թեմի առաջնորդ Հովսեփ արք․ Արղությանի օրոք (1773-1800) Աստրախանում ստեղծվել է հոգևոր խորհուրդ (1786), հիմնվել հայկական տպագրության պատմության մեջ զգալի դեր խաղացած առաջնորդարանի տպարանը (1795), եկեղեցու միջոցներով բացվել են Ռ-ում առաջին հայկական դպրոցները, կառուցվել հայկական նոր եկեղիցներ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Ղզլարում, Մոզդոկում։ 1800-ին Ամենայն հայող կաթողիկոս ընտրված Հովսեփ Արղությանին թեմի առաջնորդի պաշտոնում փոխարինել է Եփրեմ արք․ Ձորագեղցին (1801-1809- ին,1809-30-ին՝ Եփրեմ Ա Ձորագեղցի Ամենայն հայող կաթողիկոս): XVIII դ․ 2-րդ կեսին և XIX դ․ սկզբին Ռ-ի հայ բնակչությունը շարունակել է ստվարանալ։ Կազմավորվել են Հայկական եկեղեցական նոր համայնքներ, հայաբնակ քաղաքներում կառուցվել են հայկական նոր եկեղեցիներ՝ Ս․ Կատարինեն (1770), Ս․ Հարությունը (1791)` Սանկտ Պետերբուրգում, Ս․ Խաչը (1779)` Մոսկվայում, Ս․ Խաչ վանքը (XVIII դ․ վերջ)` Նոր Նախիջևանում։ 1830-ական թթ․ սկզբին թեմի տարածքում գործել է 17 եկեղեցի, պացվել են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817), Հայոց թեմական դպրոցը (1838) ևն: Ռ-ում հայ բնակչության աճի հետևանքով Աստրախանի թեմը երկատվել է։ 1830-ին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, իսկ Աստրախանի թեմի իրավասության ներքո մնացել են Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Հյուսիսային Կովկասի, Պովոլժիևի, Սիբիրի և Միջին Ասիայի հայկական համայնքները։ XIX դ․ 2-րդ կեսին Աստրախանի թեմի կազմում ստեղծվել են հայկական նոր համայնքներ՝ Միջին Ասիայի քաղաքներում, Եկատերինոդարում, Վլադիկավկազում, Ստավրոպոլում, Պյատիգորսկում, Արմավիրում, Հյուսիսային Կովկասի այլ վայրերում։ XIX դ․ 2-րդ կեսին Աստրախանի թեմի առաջնորդներ են եղել Հայ եկեղեցու ականավոր դեմքեր Գևորգ արք․ Սուրենյանցը (1886-94, 1911-1930-ին՝ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոս), գրող և մանկավարժ Խորեն արք․ Սեդրակյանը (1895-1906)։ Վերջին առաջնորդն էր Մխիթար եպիսկոպոսը (1906-17): 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Աստրախանի թեմից անջատվել են Միջին Ասիայի հայկական համայնքները, նրա իրավասության ներքո մնացել են միայն Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի հայ համայնքները։ Աստրախանի թեմը վերանվանվել է Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմ, կենտրոնը՝ Արմավիր (1920-ից): 1960-ական թթ․ սկզբին թեմը լուծարվել է։ 1966-ին նախկին Աստրախանի թեմի համայնքները միացել են Նոր Նախիջևանի թեմի հետ, և կազմվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով։ '''Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ''' Հայաստանյաց առաքելական եկեղեցու, ցարական Ռուսաստանի հայոց թեմերից։ Առաջնորդանիստը Քիշնևի Ս․ Աստվածածին եկեղեցին էր (1830-1995)` այնուհետև, Նոր Նախիջևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1895-1966): Կազմավորվել է 1830- ին, ներառելով 1812-ից գործող Բեսարաբիայի թեմը։ Վերջինս միավորել է Բեսարաբիայի, Մոլդովայի, Ղրիմի ու Ռ-ի հարավային շրջանների և ամբողջ Նովոռուսիայի հայկական համայնքները։ Բեսարաբիայի թեմի առաջին առաջնորդն էր Գրի