Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՆԳԱՊՈՒՐ

Սինգապուրի Հանրապետություն, պետություն Հարավարևելյան Ասիայում: Տարածքը՝ 600,1 կմ²: Բնակչությունը՝ 3,2 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Սինգապուր (3,2 մլն): Հայերի թիվը՝ 30-40:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը Ս-ում սկսել են հաստատվել XVIII դ. վերջից: Եկել են հիմնականում Մալակկայից (Մալայզիա), Հնդկաստանից, Նոր Ջուղայից: 1820-ական թթ. սկզբին երկրում արդեն գործել են հայկական երեք առևտրական ընկերություններ: Հայերը եկեղեցի են վարձել իրենց հոգևոր կարիքները հոգալու համար: 1827-ին Ս-ի սակավաթիվ հայկական համայնքը դիմել է տեղական իշխանություններին և թույլտվություն ստացել սեփական եկեղեցի կառուցելու: 1833-ին հայ համայնքին հողակտոր է հատկացվել Հիլ Սթրիթ փողոցում, որտեղ էլ 1835-ին կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Ս-ի առաջին քրիստոնեական եկեղեցին), որն իրավամբ դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքը (ճարտարապետ՝ Ջորջ Քոլման): Եկեղեցու շինարարության համար անհրաժեշտ գումարի մեկ քառորդը հավաքել են Կալկաթայի, Ճավայի հայերը, մնացյալ գումարը նվիրաբերել են սինգապուրաբնակ 12 հայ ընտանիքներ: 1836-ին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման կապակցությամբ տեղական «Ֆրի Պրես» օրաթերթն ուշագրավ մեկնաբանություն է տվել. «... այս փոքր, սակայն վեհաշուք շինությունը մեծ նվաճում է քաղաքում բնակվող հայերի հասարակական ոգու և կրոնական զգացմունքների համար: Աննշան դեպքեր կարելի է արձանագրել երբ այսպիսի փոքր համայնքը կարողանում է հոգալ նման շինության կառուցումը..., որը, անշուշտ, առավել շքեղ և ավարտուն ճարտարապետական կոթողներից է...»:

Ս-ի հայ համայնքը երբեք ստվար չի եղել, հայերի թիվը չի անցել 100-ից: Այնուհանդերձ, հայկական եկեղեցին իր 150-ամյա պատմության ընթացքում հոգատարությամբ պահպանվել ու խնամվել է:

XIX դ. 30-40-ական թթ. հայերը մայրաքաղաքի կենտրոնում կառուցել են բազմաթիվ տներ, խանութներ, հիմնել խոշոր ընկերություններ, որոնք մասնաճյուղեր են ունեցել այլ երկրներում: Համայնքի ներքին կյանքը կազմակերպել է Ազգային ժողովը: Հայերի համար գլխավոր հավաքատեղի է ծառայել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կառուցված երկհարկանի շենքը: Գաղութի աչքի ընկնող դեմքերից էին առևտրական ընկերությունների ղեկավարներ Ա. և Հ. Սարգսյանները, Խ. Մովսեսյանը (նրան է պատկանում ծովից տարածք նվաճելու և այդ տարածքի վրա շինություններ կա-