Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Աբնա իշխան, Խաչատուր Անեցի, Վասակ Պահլավունի): XIII դ., երբ Անտիոքը սկսել է կորցնել իր կարևորությունը, Ս-ի հայության գլխավոր կենտրոնն է դարձել Հալեպը: Արաբները Կիլիկիայի Ռուբեն իշխանին տվել են «թագավոր» մակդիրը: Համդանիների թագավորության արքա Ազիզի մահից հետո անչափահաս Նասեր Յուսեֆը դարձել է գահաժառանգ, իսկ թագավորության գործերի խնամակալ է նշանակվել հայազգի Շեմսեդդին Լուլա ալ Արմանին: Այս տեղեկությունները փորագրված են Հալեպի Ֆրրդոս մզկիթի կամարի վրա:

Կիլիկյան հայկական պետության կործանումից հետո հայերի ստվար զանգվածներ հաստատվել են Ս-ում: 240 հայ երևելիներ իրենց ընտանիքներով և մերձավորներով հաստատվել են Հալեպում, որոնց սերունդները հետագայում ձուլվել են և արաբացել: Դրա վկայությունն են այդ ժամանակից պահպանված, սակայն ձևափոխված հայկական անունները՝ Մեսրոպ գերդաստան, Հայեք, Աշշի, Ֆարրա, Սենքերի, Աճեմի ևն:

Ս-ի հայկական համայնքները վերելք են ապրել XV-XVII դդ., երբ միջազգային տարանցիկ առևտրի Կասպից ծով֊Աստրախան֊Ազով ուղին, կորցնելով նախկին նշանակությունը, իր տեղը զիջել է Թավրիզ-Հալեպ ճանապարհին:

Դեպի Հալեպ ամենակարճ և բանուկ ճանապարհն անցնում էր Հայաստանի Բերկրի, Արճեշ, Արծկե, Խլաթ և Բաղեշ քաղաքներով: Հալեպից Միջերկրական ծով դուրս էր գալիս երկու ճանապարհ, առաջինն անցնելով Համայով, Հոմսով և Դամասկոսով՝ հասնում էր Տրիպոլի, իսկ երկրորդը՝ Անտիոքի և Բեյլանի տարածքով՝ Ալեքսանդրետի նավահանգիստ: Այդ ճանապարհների տարբեր հանգրվաններում և հարակից շրջաններում գտնվող հայկական համայնքները հասել են զարգացման բարձր աստիճանի:

XIV դ. կեսին Հալեպում կազմավորված փոքրաթիվ հայ համայնքը գլխավորել է տանուտերը կամ ռեյիսը: XV դ. Հալեպի առևտրական կենտրոնի նշանակությունը մեծանալուն զուգընթաց ավելացել է նաև հայերի թիվը: Կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին (առաջին անգամ հիշատակվել է 1329-ին), համայնքին տրվել են հոգևոր-մշակութային արտոնություններ: XV դ. վերջին Հալեպ ժամանող հայ վաճառականների և Հալեպով Երուսաղեմ ուխտի գնացողների համար կառուցվել է նաև Ս. Քառասնից մանկանց եկեղեցին, հիմնվել են առաջնորդարան և հյուրատուն:

XVI-XVIII դդ. Ս-ի հայ համայնքը համալրվել է Ջուղայից, Երևանից, Ղարաբադից, Սեբաստիայից, Ակնից, Մալաթիայից, Սասունից, Արաբկիրից, Տիգրանակերտից, Ուրֆայից և այլ վայրերից գաղթած հայերով:

Հայկական հոծ բնակչություն էր ապրում Հալեպից Ալեքսանդրետ ձգվող առևտրական ճանապարհի երկայնքով: Նրանք մեծ տեսակարար կշիռ ունեին Ալեքսանդրետում (Իսկենդերուն), Անտիոքում (Անթաքիա) և Բեյլանում (Պեյլան): Ընդ որում՝ Բեյլանը մինչև XVIII դ. վերջը եպիսկոպոսական թեմի կենտրոն էր: Գրեթե ամբողջովին հայաբնակ էր Մուսա լեռան շրջանը՝ Սուետիան (Սվեդիան) իր գյուղերով [Բիթիաս (Պիթիաս), Խդըրբեկ, Հաջի-Հաբիբլի, Յողուն-օլուք, Վագըֆ, Քաբուսիե]: Հայաշատ կենտրոններ կային Լաթաքիայի (Լաոդիկեա) ծովափին, որոնցից էին համանուն քաղաքը, Քեսաբ (Քեսապ) գյուղաքաղաքն իր շրջակա գյուղերով [Դուզաղաջ (Տուզաղաճ), Բաշորդ (Պաշորտ), Վերի և Վարի Բաղջաղազ (Պաղճաղազ), Էսկյուրեն (Ներքի գյուղ), Էքիզ-օլուք (էքիզոլուխ), Խայիթ, Կարադուրան (Գարատուրան), Չագալճըգ, Չինարճըգ, Սևաղբյուր (Գայաճըգ), Քյորքյունե (Կորկուն)]:

Մեծաթիվ հայեր էին ապրում նաև շրջակա արաբական ու թուրքմենական, ինչպես նաև Ռուճի հովտի և Լաթաքիայի հարևան գյուղերում [Յագուպիե, Գնիե (Դընեյե), Արամո (Արամին), Ղընեմիե]:

XVIII-XIX դդ. հետզհետե հայաթափված մի շարք բնակավայրերում պահպանվել էին հայկական հուշարձաններ [Ապարա, Ավագիե, Արմենջո, Խաչատուրենք, Հայնո, Միատուն, Պետրուսիե (Պետրոսի), Ֆենք (Վանք)]:

Ս-ում հայերը, տեղի քրիստոնյաների նման, ունեցել են կրոնահամայնքային թեմական կազմակերպություն: Հյուսիսային Ս-ի հայկական թեմերը (Հալեպ, Բեյլան ևն) վարչականորեն ենթարկվում էին Կիլիկիո կաթողիկոսությանը, իսկ Լաթաքիան և Դամասկոսը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին: Պատրիարքի նշանակած վեքիլ-վարդապետները զբաղվել են հոգետան և ուխտավորների գործերով, հոգացել եկեղեցու և հավատացյալների կարիքները: Հյուսիսային թեմի գլուխ կանգնած էին Սսից ուղարկված թեմակալ առաջնորդները, որոնք աշխարհական խորհրդականների աջակցությամբ վարել են համայնքային գործերը: Խորհրդականները նշանակվում էին հայ մեծատուններից: XVI դ. վերջին հաստատված կարգի համաձայն՝ ինչպես մյուս համայնքները, այնպես էլ հայերը պարտավոր էին քաղաքային իշխանության մոտ ունենալ իրենց ներկայացուցիչը՝ վեքիլը, որը հաստատվում էր վիլայեթի փաշայի կողմից: Վեքիլի գլխավոր պարտականությունն էր հայ համայնքից պետական հարկերի գանձումը:

Հայերը կարևոր դեր են կատարել Ս-ի միջազգային տարանցիկ առևտրի, ապրանքափոխանակության և արհեստագործության ոլորա-