Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբոխը ենիչերիների գլխավորությամբ պաշարել է քրիստոնյաներով բնակեցված թաղամասերը, թալանել եկեղեցիները, խանութները, տները, հարկադրել կրոնափոխ լինել կամ փրկագին վճարել: 1630-ական թթ. սուլթանի հրամանով գլխատվել է Հալեպի խոշորագույն խոջաներից Պետիկ Չելեբին. նրա հսկայական հարստությունը թալանվել է:

XVII դ. վերջից, երբ Հալեպն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը միջազգային տարանցիկ առևտրում, Ս-ի հայկական համայնքները տնտեսապես թուլացել են, հայերը սկսել են արտագաղթել երկրից:

Ս-ի հայությունը ստեղծել է մշակութային ուշագրավ արժեքներ: XVI-XVII դդ. նշանակալի տեղ է գրավել Հալեպի դպրատունը («դասատուն»), որտեղ ընդգրկված զգալի թվով գրիչներ, ծաղկողներ, կազմողներ ընդօրինակել ու նկարազարդել են ավետարաններ, սաղմոսներ, ժողովածուներ, տաղարաններ, բժշկարաններ և այլ բնույթի ձեռագրեր: Աչքի ընկնող գրիչներից են Հովհաննես Ուռհայեցին, Խաչատուր Զեյթունցին, Ղազար Դպիրը, Սարգիս Խիզանցին, Աստվածատուր Ուրֆացին, Ղազար Բաբերդցին, Աբրահամ Երեցը, Խաչատուր Դպիրը և ուրիշներ: Անվանի ծաղկողներ էին Իսրայել Համթեցին, Մկրտիչ Լեհացին և Վարդան Լեհացին: Պահպանվել են շուրջ երկու հարյուր տարվա (XVI դ. վերջից մինչև XVIII դ. վերջ) ավելի քան երկու հարյուր ձեռագրեր, որոնց զգալի մասը գտնվում է Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանում և Զմմառի հայ կաթոլիկների վանքում: Բարձր զարգացման են հասել նկարչությունն ու որմնանկարչությունը: XVII-XVIII դդ. հալեպահայ նկարիչներից էին Ումեի որդի Հանանիան, Հանանիայի որդի Ճըրճոսը, Մկրտիչ Հալեպցին, Մուրատը, Հակոբի որդի Ներսեսը և ուրիշներ:

XIX դ. Ս-ի հայ համայնքը զգալիորեն նվազել է: Դա բացատրվում է հպատակ ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրության վարած քաղաքականությամբ, ինչպես նաև ցամաքային աշխույժ առևտրի անկմամբ: Ստեղծված պայմաններից ելնելով՝ սիրիահայերը, գլխավորապես վաճառականները, տեղափոխվել են Արևմտյան Եվրոպա, Ռուսաստան, Հնդկաստան և այլ երկրներ: Ս-ի հայ համայնքներից ամենախոշորը շարունակում էր մնալ Հալեպը, որտեղ բնակվում էր 2-3 հզ. մարդ:

XIX դ. 2-րդ կեսից թուրքական լծի դեմ սկսված սիրիացիների պայքարին ակտիվորեն մասնակցել են և սիրիահայերը: Այդ շարժման աչքի ընկնող հայ գործիչներից էին Ադիբ Իսհակը, Ռըզգալլա Հասունյանը և ուրիշներ:

Հայ արհեստավորների մեջ մեծ թիվ են կազմել ջուլհակները, ներկարարները, դերձակները, որմնադիրները և ոսկերիչները: Տեղական իշխանությունների կողմից հայ դերձակներին էր հանձնարարված բանակի համար հանդերձներ պատրաստելու գործը: Հայ քարակոփ վարպետ-որմնադիրների ձեռքով են կառուցված Հալեպի և Դամասկոսի աչքի ընկնող կառույցներից շատերը: Հալեպում ոսկերչությունը հայերի մենաշնորհն է եղել:

Անտիոքում և մերձակա գյուղերում բնակվել է շուրջ 5 հզ. հայ: Շարունակել են գոյատևել Ալեքսանդրետի, Բեյլանի, Սուետիայի, Փայասի, Քեսաբի հայահոծ բնակավայրերը: Բնակչությունը հիմնականում զբաղվել է այգեգործությամբ, շերամապահությամբ, արհեստագործությամբ:

Ս-ի հնագույն գաղթօջախներից էր Լաթաքիան: Անցյալում այստեղ հայերի թիվն այնքան ստվարաթիվ էր, որ եպիսկոպոսական թեմ է ստեղծվել:

XIX դ. կեսից սկսել է ծանրանալ Դամասկոսի հայ համայնքի դրությունը: 1860-ին տեղի քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, ենթարկվել են կոտորածի: 1866-ին Դամասկոսի հայերի թիվը 120 էր:

XVIII-XIX դդ. Ս-ում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից գաղթած փոքրաթիվ հայ կաթոլիկներ:

XIX դ. կեսից, Մերձավոր Արևելքում արեմտաեվրոպական պետությունների տնտեսական ներթափանցման հետևանքով, Ս. դարձել է հումքի ձեռքբերման աղբյուր:

1880-90-ական թթ. Ս-ում բնակվել է մոտ 77 հզ. հայ: Կենտրոնացած էին Հալեպի վիլայեթի համանուն սանջակի տարբեր կազաներում՝ գլխավորապես Ալեքսանդրետում, Բեյլանում, Անտիոքում և Հալեպում, ինչպես նաև Դամասկոում, Հոմսում, Համայում և այլ վայրերում: Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող Հակոբ Ոսկանի ընդարձակ տնտեսությունում շատ հայեր զբաղվել են հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: 1871-ին Հալեպում Գրիգոր Մազլումյանը հիմնել է քաղաքի առաջին հյուրանոցը, որը ճանաչում է գտել «Օթել Պարոն» անվամբ:

Դամասկոսում, Հալեպում և այլ քաղաքներում հայերի ձեռքում էր կետրոնարոնացած ջուլհակությունը, գորգագործությունը, ոսկերչությունը, պղնձագործությունը, կաշեգործությունը, կոշկակարությունը, ասեղնագործությունը և մի շարք այլ արհեստներ: Հովհաննես Տապպաղը (Տապպաղյան) 1906-ին Հալեպում հիմնել է կաշեգործարան, որը մինչև 1921-ը միակն էր Ս-ում և հարևան Լիբանանում: Հ. Տապպաղի կաշեգործարանի արտադրանքը բազմիցս արժանացել է Ս-ի և միջազգային տարբեր ցուցահանդեսների մրցանակներին:

Գրիգոր Մսրլյանը 1880-ին Հալեպում հաստատված առաջին լուսանկարիչն էր: 1898-ին Հալեպում Կարապետ Քեհեյանը հիմնել է գորգագործական մանուֆակտուրա, որտեղ