Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(համքարություն): 1787-91-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերը մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին: Քաղաքի ազատագրումից հետո ռուս զորավար Ա. Վ. Սուվորովն ու Ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ արք. Արղությանը շատ հայերի ազատել են թուրքական գերությունից: Հովսեփ արք. Արղությանը 320 ընտանիք (1658 բնակիչ) գաղթեցրել է նախ Դուբոսար, ապա՝ նորաստեղծ Գրիգորիուպոլիս: XIX դ. սկզբին Իզմայիլում կար ընդամենը 60 տուն հայ: Տեղի հայկական ավանը մտնում էր Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ: 1828-ին Խ. Լազարյանի դրամական օգնությամբ նորոգվել է Իզմայիլի հայոց եկեղեցին և բացվել հայկական տարրական դպրոց: Սակայն հետզհետե նվազել է հայերի թիվը, և արդեն 1905-ին Իզմայիլում կար ընդամենը 25-30 տուն հայ բնակիչ:

Լըսեց գյուղում (Իվանո-Ֆրանկովսկի մարզ) XVII-XIX դդ. եղել է հայկական գաղութ: Առաջին տեղեկությունները հայերի մասին 1669-ից են: Համայնքը վարչականորեն ենթարկվել է Ստանիսլավի (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) հայկական քաղաքային վարչությանը: Հայերը զբաղվել են առևտրով և արհեստներով (հատկապես կաշեգործությամբ): Հայկական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին 2 անգամ (1779-ին և 1830-ին) այրվելուց հետո վերակառուցվել և պահպանվել է ցայսօր: Եկեղեցուն կից գործել է 4 հոգևոր եղբայրություն: 1782-ին Լըսեցում ապրել է 268, 1808-ին՝ 800, 1860-ին՝ 60, 1877-ին՝ 20 հայ ընտանիք:

Լվով քաղաքը հիմնադրվել է 1256-ին՝ մինչ այդ գոյություն ունեցող Պոդզամչե ավանի տեղում, որտեղ, ըստ լեհական սկզբնաղբյուրների, 1183-ին հայերն արդեն ունեին իրենց փայտաշեն եկեղեցին: Հայերը Լվովի առաջին բնակիչներից էին: 1360-ական թթ. Լվովը դարձել է ամբողջ Հարավարևելյան Եվրոպայի հայության հոգևոր կենտրոնը: 1407-ին այստեղ ապրել է շուրջ 300, 1633-ին՝ 2000 հայ ընտանիք: 1356-ին հայերը Լեհաստանի թագավոր Կազիմեժ III-ից ստացել են ներքին ինքնավարության իրավունք: Համայնքում կիրառվել է ազգային դատաստանագիրք: XVI դ. վերջին քաղաքի 38 հարուստ ու խոշոր խանութներից 22-ը, իսկ 24 միջին կարողության խանութներից 19-ը պատկանել է հայերին: Շնորհիվ հայ վաճառականների՝ Լվովը կապող օղակ է դարձել Արևելքի և Արևմուտքի միջև:

Հայկական առանձին տոհմեր (Բոգդան Դոնավակովիչը, Կժիշտոֆ Ավեդիկ Բեռնատովիչը ևն) հռչակվել են ամբողջ Լեհաստանում և եղել են լեհ թագավորների վարկատուները: Քաղաքում մեծ թիվ են կազմել հայ արհեստավորները (ոսկերիչներ, կաշեգործներ, ջուլհակներ, վրանագործներ, ներկարարներ), որոնք միավորված էին առանձին համքարություններում: Հայերն ունեին նաև կալվածքներ: Կառուցել են վանք, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Գործել է «Կտրիճվորաց եղբայրություն» երիտասարդական կազմակերպությունը: Հայկական առաջին դպրոցը Լվովում հիշատակվում է 1590-ից (XVII դ. կեսին ունեցել է ավելի քան 80 աշակերտ): Հայկական եկեղեցիներին կից գործել են տարրական դպրոցներ, XVII դ. 60-ական թթ. գործել է ևս մեկ հայկական և մեկ գիշերօթիկ հոգևոր դպրոց (որբերի համար): 1665-ին հիմնվել է հայ հոգևոր կաթոլիկ բարձրագույն սեմինարիումը (լեհահայերի մեջ կաթոլիկություն տարածելու և կաթոլիկ հոգևորականներ պատրաստելու նպատակով, փակվել է 1784-ին): XIX դ. սկզբին հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց (1820-ին՝ 400 աշակերտուհի): 1865-ին Հովսեփ Թորոսովիչի միջոցներով հիմնվել է հայ կաթոլիկ գիշերօթիկ դպրոց (գործել է մինչև XX դ. սկիզբը): XVI-XVII դդ. Լվովի հայերը մեծ դեր են խաղացել Լեհաստանի պետական-քաղաքական, դիվանագիտական կյանքում (Քրիսաափոր Սերեբկովիչ, Պյոտր Գրիգորովիչ, Իվան Նիկորովիչ, Սուլեյման Կոստանդին Կոմս դը Սիրի և ուրիշներ): Լվովի գաղթավայրը եղել է Ու-ում և Լեհաստանում հայկական մշակույթի խոշոր կենտրոններից, որտեղ ստեղծվել են իրավագիտական, բժշկագիտական, բառարանագրության, մատենագրության (Ստեփանոս Լեհացի), պատմագրության (Հովհաննես Ավագերեց, Բարթլոմեյ, Զիմորովիչ Սիմեոն Լեհացի, Սադոկ Բարոնչ), տաղասացություն (Մինաս Թոխաթեցի, Պարսամ Տրապիզոնցի), ճարտարապետական, նկարչական (Պավել և Շիմոն Բոգուշներ), մանրանկարչական (Գրիգոր Լվովցի, Ղազար Բաբերդացի), ոսկերչական արվեստի (Բեդրոս Զախարիասևիչ) աշխատանքներ:

XVIII դ. վերջի Լեհաստանի բաժանման, Լվովի տնտեսական անկ-