Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձել է դիվանագիտական կապեր հաստատել Կիևի իշխան Սվյատոսլավի հետ:

Ղրիմահայ գաղութի սկզբնավորումը և ձևավորումը եղել է տևական պատմական գործընթաց, ընդգրկել է XI-XIII դդ., երբ Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության, ապա սելջուկների և մոնղոլների արշավանքների հետևանքով գաղթի դիմած հայության նկատելի մասը Բյուգանդական կայսրության փոքրասիական և եվրոպական տարածքներով, Սև ծովի կովկասյան ափերով և Տրապիզոն-Ղրիմ ծովուղիով անցել է թերակղզի: XIV դ. 30-ական թթ. համայնքը ստվարացել է Ոսկե հորդայից հայերի աննախընթաց մեծ հոսքի, իսկ XV-XIX դդ.՝ քաղաքական և տնտեսական պատճառներով Հայաստանից և հայաշատ վայրերից եկած հայ գաղթականների հաշվին:

Թուրքական և ջենովական արժանահավատ տվյալների համաձայն՝ միջնադարյան Ղ-ում հայերի թիվը եղել է շուրջ 150 հզ. (թվով զիջել են միայն թաթարներին): Թերակղզին բուն Հայաստանից և Հայկական Կիլիկիայից հետո հայաշատ ամենամեծ տարածաշրջանն էր: Ղ-ում հայերի մեծաթվության, ունեցած դերի և ազդեցության մասին է վկայում այն, որ XV դ. օտարերկրացիները թերակղզու հարավարևելյան հատվածն անվանել են «Armenia maritima» («Ծովային Հայաստան») կամ «Մեծ Հայաստան»: XIII դարից մինչև XVIII դ. 80-ական թթ. ղրիմահայ գաղութը գտնվել է թաթարական, 1475-1783-ին՝ թաթար-թուրքական համատեղ տիրապետության տակ: 1260-ական թթ-ից մինչև 1475-ը թերակղզու հարավարևելյան շրջանի հայությունը միաժամանակ ենթարկվել է Ջենովայի Հանրապետության գաղութային վարչակազմին, որն այստեղ կառավարել է թաթարներին հարկ տալու պայմանով:

XIII-XVIII դդ. հայ բնակչությունը կենտրոնացել է Ղ-ի բոլոր նշանավոր կենտրոններում՝ Կաֆայում (Թեոդոսիա), Սուրխաթում (Հին Ղրիմ, Էսկի Կրիմ, Ստարի Կրիմ), Սուդակում (Սուրոժ, Սուգդեա), Եվպատորիայում (Կեոզլև, Կոզլով), Ղարասուբազարում (Բելոգորսկ), Աքմեչիթում (Սիմֆերոպոլ), Բախչիսարայում, Կերչում, Կազարատում, Պերեկոպում (Օր Գարու), Արմյանսկում (Արմյանսկի բազար, Օրաբազար), Ինկերմանում, Խերսոնեսում և մոտ երկու տասնյակ հայկական գյուղերում: Ղ-ում հայ բնակչության նման տեղաբաշխումն աննշան փոփոխություններով պահպանվել է նաև նոր և նորագույն ժամանակներում:

Ղրիմահայ ամենամեծ գաղթավայրն էր Կաֆան: Խոշոր գաղթավայր էր Սուրխաթը՝ մերձակա Ս. Խաչ վանքով, ավելի քան 10 եկեղեցիներով: Հայության նշանավոր կենտրոն էր Ղարասուբազարը՝ առաքելական և կաթոլիկ հայ համայնքներով:

Հայկական գաղթավայրերի տեղաբաշխումը թաթարական և ջենովական ազդեցության ոլորտներում, որոնցից առաջինում իշխել են տիպիկ արևելյան ավատատիրական կարգեր՝ կիսաքոչվոր կացութաձևով, իսկ երկրորդում՝ կապիտալի նախասկզբնական կուտակմանը բնորոշ հարաբերություններ՝ բավական զարգացած առևտրական կապիտալի և ժողովրդավարության տարրերի առկայությամբ, իր կնիքն է դրել ղրիմահայության սոցիալական կառուցվածքի վրա. եղել են հողատերեր, տոհմիկ երկրագործ ազատներ, քաղաքային բանվորներ, արհեստավորներ, խոշոր ու մանր առևտրականներ, բանկիրներ և վաշխառուներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Ազգային-եկեղեցական և առհասարակ ներքին կյանքի կառավարման հարցերում ղրիմահայերն օգտվել են որոշակի ինքնավարությունից, ղեկավարվել ազգային սովորույթներով և նորմերով, իսկ 1519-ից՝ նաև Մխիթար Գոշի Դատաստանագրքով: Որպես Ղ-ի խանության բնակիչներ՝ հայերը ենթարկվել են տիրող իրավակարգին, սակայն թաթար ավագանին միայն առանձին դեպքերում է միջամտել նրանց ներքին կյանքի հարցերին և խանության տնտեսական կյանքում հայերի նշանակալի դերը հաշվի առնելով՝ հանդուրժել է նրանց ներամփոփ ազգային ինքնավար վիճակի գոյությունը:

Ղրիմահայերի զբաղմունքների մեջ գերակշռել են առևտուրը, արհեստագործությունը և երկրագործությունը: XIII XV դդ., երբ Ղ. դարձել է Արևելքի և Արևմուտքի միջև ապրանքաշրջանառության հիմնական օղակ, ղրիմահայերն իրենց ձեռքում են պահել թերակղզու առևտրա-տնտեսական առաջնությունը: Նրանց գործունեությունը ծավալվել է բուն Ղ-ում, սևծովյան և արևելամիջերկրածովյան ավազանի, սլավոնական աշխարհի երկրներում, Արևելյան Եվրոպայում: Հայ առևտրականները Ղ-ում ունեցել են իրենց միավորումները, իջևանատները, պահեստաշենքերը, վարձակալած նավերը: Նրանց մեջ եղել են խոշոր դրամատերեր, որոնք միաժամանակ վարկավորել են առևտուրը: XV դ. 2-րդ կեսից նկատելի է դարձել ղրիմահայերի մասնակցությունը Ղրիմ-Ռուսաստան տնտեսական ու քաղաքական կապերի զարգացմանը (հայ վաճառականները հաճախ հանդես են եկել նաև դիվանագիտական առաքելությամբ): Հյուսիսի հետ աշ-