Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիբյանի նվիրատվությունների, եկեղեցական գումարների և սովորողների կատարած մուծումների հաշվին: Համարվել է մասնավոր հաստատություն, որտեղ սովորել են հայ երեխաներ՝ անկախ բնակության վայրից և դավանանքից: Ուսումնարանի վարչության իրավասությանն են պատկանել ուսուցիչների նշանակումը, դասագրքերի և դասավանդման մեթոդի ընտրությունը: Դասավանդվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն, հավասարապես նաև բոլոր այն առարկաները, որոնք Ռուսաստանում և Եվրոպայում կազմել են գիմնազիական միջնակարգ կրթության հիմունքները (մաթեմատիկա, երկրաչափության, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կրոն, նկարչություն, գեղագրություն, մարմնամարզություն ևն): Թուրքերենը դասավանդվել է արևմտահայ, իսկ ռուսերենը՝ արևելահայ երեխաների համար:

Ուսումնարանի ընդհանուր կառավարումն իրականացրել է նրա վերատեսուչ Գ. Այվազովսկին: 1862-ի սեպտեմբերին կատարվել է ուսումնարանի նորակառույց շենքի հանդիսավոր բացումը: Սովորողների թիվը 1860-61 ուսումնական տարում հասել է 139-ի: Գ. Այվազովսկու հեռանալու և եկեղեցական գումարներից զրկվելու հետևանքով Խալիբյան ուսումնարանը 1865-ից սկսել է անկում ապրել և 1871-ին փակվել է:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Ղրիմահայ գաղութում գործում են հասարակական, մշակութային և բարեգործական կազմակերպություններ, որոնց հիմնական խնդիրներն են ղրիմահայ համայնքների քաղաքական, իրավական և տնտեսական շահերի պաշտպանությունը, ազգային մշակութային-կրթական խնդիրների և նպաստամատույց գործերի իրականացումը, Ղ. վերադարձող բռնադատված հայերի կենսական խնդիրների լուծումը ևն: 1990-91-ին ղրիմահայ համայնքների վերականգնման և ազգային կյանքի զարթոնքի պայմաններում նոր սերունդը հնարավորություն է ստացել պահպանելու և զարգացնելու դարերի ընթացքում ստեղծված ազգային արժեքները:

«Լույս», Ղրիմի հայերի մշակութային ընկերություն: Կազմակերպվել է 1989-ին, Սիմֆերոպոլում՝ Անուշավան Դանիելյանի գլխավորությամբ: Խնդիրն էր օժանդակել տեղահանված հայերի վերադարձը, աջակցել հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը, հայկական դպրոցների բացմանը և թերթերի հրատարակմանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը: 1993-ին վերակազմավորվել է Ղրիմահայոց ընկերության: Ղրիմահայոց ընկերություն, հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություն, ստեղծվել է 1993-ին, Սիմֆերոպոլում, պաշտոնապես գրանցված է Ուկրաինայի Գերագույն խորհրդի կողմից: Նպատակն է պաշտպանել ղրիմահայերի հասարակական-քաղաքական, սոցիալական, մշակութային, իրավական շահերը: Ունի բաժանմունքներ Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սակիում, Կրասնո-Պերեկոպսկում, Արմյանսկում, Սևաստապոլում, Կերչում և այլ քաղաքներում: Հրատարակում է «Մասյաց աղավնի» երկշաբաթաթերթը:

Գործակցելով Ղրիմի Հանրապետության կենտրոնական և տեղական մարմինների հետ՝ զբաղվում է Ղ. վերադարձող հայերի տեղավորմամբ (Սիմֆերոպոլի մոտ արդեն շահագործման է հանձնվել առանձին մի բնակավայր՝ Հայկականը, կառուցվում են ևս վեց հայկական ավաններ): Կազմակերպությունը նախաձեռնում և կազմակերպում է համայնքի եկեղեցական, մշակութային, կրթական և հասարակական կյանքը: Ծավալելով իր գործունեությունը՝ ներառել է թերակղզու 18 բնակավայրերում գործող հայկական միությունները, ղեկավար մարմինը՝ Ղրիմահայոց ազգային խորհուրդը, դրիմահայերի ներկայացուցչական մարմինն է: Արդյունավետ աշխատանք է կատարում հայապահպանության համակարգի ստեղծման, պատմամշակութային արժեքների վերականգնման և պահպանման ուղղությամբ:

1998-ին կայացած Ղրիմահայոց ազգային խորհրդի հերթական համագումարը նախանշել է ապագա ծրագրերը, ընտրել ազգային խորհրդի նոր կազմ (նախագահ՝ Ֆրունզե Մադոյան, տեղակալ՝ Վարդան Սարգսյան):

Հայ համայնքների համադաշնություն (ՀՀՀ), մի շարք հայկական համայնքներ միավորող կազմակերպություն. ստեղծվել է 1994-ին, Սիմֆերոպոլում՝ ղրիմահայ համայնքի նախաձեռնությամբ: Գրանցվել է Ուկրաինայի արդարադատության նախարարության կողմից: Նպատակն էր կազմակերպված և արդյունավետ ձևով պաշտպանել տարբեր երկրների հայ գաղթավայրերի քաղաքական, տնտեսական և մշակութային շահերը, նպաստել միջհամայնքային կապերի զարգացմանը: Ներկայումս չի գործում: