Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստվարանալ և բարգավաճել՝ աչքի ընկնելով իր համախմբվածությամբ և բարեկեցիկ կյանքով: Մինչև Ծոցի պատերազմը (1991) Ք-ում բնակվել է 10-12 հզ. հայ: Ազգային վարժարանի աշակերտների թիվը հասել էր 720-ի, ուսուցիչներինը՝ 60-ի: Գործել է Հայ եկեղեցու կիրակնօրյա դպրոցների օժանդակ միությունը: Աշխույժ է եղել համայնքի մարզական և մշակութային կյանքը: Գործել են ՀՄԸՄ-ի ֆուտբոլի խումբը, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր, գաղութային տարբեր միջոցառումներ կազմակերպող Ընկերային հանձնախումբը:

1990-ին Իրաքի կողմից Ք-ի գրավումը և հետագա պատերազմական գործողությունների ծավալումը զգալի վնաս են հասցրել համայնքին. ազգային կյանքն անկում է ապրել: Հայ բնակչությունը զանգվածաբար հեռացել է երկրից: Հայերի թիվը նվազելով հասել էր 600-ի: 1991-ի պատերազմից հետո նրանց զգալի մասը վերադարձել է, և քուվեյթահայերը ձեռնամուխ են եղել պատերազմի հետևանքների վերացմանը:

Ներկայումս (2003) Ք-ում բնակվում է շուրջ 5 հզ. հայ, որոնց գերակշիռ մասը՝ էլ Քուվեյթում: Առավելապես արհեստավորներ ու մանր առևտրականներ են (զբաղվում են գլխավորապես ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքով): Կան նաև պետական ծառայողներ, մտավորականներ: Չորս տարին մեկ ընտրվող թեմական ժողովը նշանակում է Ք-ի հայ համայնքի վարչություն, որը կազմակերպում է գաղութի ազգային-եկեղեցական կյանքը, որոշում դպրոցի հոգաբարձության կազմը ևն: 1997-ից վարչությունը գլխավորում է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Սարգսյանը: Գործում են Ս. Վարդանանց հայկական եկեղեցին, պատերազմից հետո վերաբացված Հայ ազգային վարժարանը՝ իր բոլոր բաժիններով, մանկապարտեզ, նախակրթարան (1-4 դասարաններ), միջնակարգ (5-8 դասարաններ) և երկրորդական (9-12 դասարաններ): Ներկայումս աշակերտության թիվը հասնում է 400-ի: Ուսուցիչներից շատերը բարձրագույն կրթություն են ստացել Երևանում: Բացի պետության կողմից սահմանված հանրակրթական առարկաներից, դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, անգլերեն, կրոն: 1990-ից տնօրենն է Ավետիս Ագթավուքյանը:

Համայնքում աշխուժանում է ՀՀԴ և ՍԴՀԿ տեղական կազմակերպությունների, ՀՄԸՄ-ի և ՀՕՄ-ի մասնաճյուղերի, Տիկնանց հանձնախմբի և «Արարատ» երիտասարդական սրահի գործունեությունը: 1980-ից լույս է տեսնում (ընդմիջումներով) Հայ ազգային ճեմարանի «Ծիծեռնակ» գրական պարբերաթերթը: Մինչև 1997-ը թերթի հրատարակման աշխատանքները ղեկավարել է Շանթ Կիրակոսյանը, այնուհետև՝ Ֆերիդա Հաճյանը: 1996-ից հրատարակվում է ՀՀԴ հովանու տակ գործող Քուվեյթի երիտասարդաց միության «Ազդարար» շաբաթաթերթը (խմբ.՝ Կարո Մսրլյան), որը լուսաբանում է գաղութի կյանքը, տպագրում լուրեր Հայաստանից և սփյուռքի մյուս համայնքներից:

Համայնքում հայտնի անուններ են նաև ազգային բարերարներ Կրիշ Հովսեփյանը, Վիգեն Շաղզոյանը, Հակոբ Պարտագճյանը, Կիրակոս Տարագճյանը, Մելիք Մելքիսեթյանը, Ալեքսան Բերբերյանը, Վահրամ Գևորգյանը և ուրիշներ:

Քուվեյթահայ համայնքը շոշափելի օգնություն է ցուցաբերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին և Արցախին, համայնքում ստեղծվել և գործում է «Ղարաբաղի հիմնադրամը»: Ք-ի Հայ ազգային վարչության ներկայացուցիչներ Գրիգոր Սվաքչյանն ու Հակոբ Գույումճյանը, բժիշկ Ժան Բեբեջյանն այցելել են աղետի գոտի, հանձն առել Սպիտակի մի կիսակառույց շենքի ավարտումը, նյութական օգնություն տրամադրել հաշմանդամներին ու որբ երեխաներին:

Արամ Սարգսյան