Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիայի հայոց թագավորներ Օշինը (1314-ին) և Լևոն Դ (1321-ին) արտոնություններ են շնորհել ֆրանսիացի վաճառականներին: Հայտնի է նաև, որ Կիլիկիայի հայոց վերջին թագավոր Լևոն Զ Լուսինյանը (1374-75) Եգիպտոսում երկար ժամանակ գերի մնալուց հետո ապաստան է գտել Ֆ-ում, որտեղ և 1399-ին կնքել է իր մահկանացուն: Նրա աճյունը հանգչում է Սեն Դընի արքայական դամբարանում՝ Ֆ-ի թագավորների շիրիմների կողքին:

XV-XVI դդ. հայկական փոքրաթիվ գաղութներ են հիմնվել Մարսելում, Փարիզում, Բուրժում, որի մայր եկեղեցու սյուներից մեկին դրոշմված հայերեն արձանագրությունը պահպանվում է մինչև մեր օրերը: Ֆ-ում հաստատված հայ վաճառականները մինչև XVII դ. կեսը, դիտվելով որպես տեղացիների մրցակիցներ, իշխանությունների կողմից զանազան արգելքների են հանդիպել, որոնք սակայն վերացվել են 1660-ին՝ կարդինալ Ռիշելյեի (1585-1648) օրոք, երբ նա առևտրական արտոնություններ է շնորհել հայ վաճառականներին: 1669-ին Մարսելը հռչակվել է ազատ նավահանգիստ: 1654-ին Պասկալ (Հարություն) անունով մի հայ Մարսելում, իսկ 1672-ին Փարիզի Սեն Ժերմեն թաղամասում բացել է Ֆ- ում առաջին սրճարանները: Իր առևտրական գործունեությամբ աչքի է ընկել Ժան Ալթընը (Հովհաննես Ալթունյան), որը, 1758-ին հաստատվելով Ավինյոնում, ձեռնարկել է տորոնի մշակումը՝ նպաստելով ամբողջ նահանգի բարգավաճմանը, որի համար երախտապարտ համաքաղաքացիները նրա արձանն են կանգնեցրել: Արգելքների վերացումը նպաստել է հայ գաղութի աճին. 1680-ին հայերի թիվը հասել է 300-400-ի, և նրանք իրավունք են ստացել մեկ ներկայացուցիչ ունենալ Առևտրի խորհրդում:

1688-ին ֆրանսիական քաղաքացիություն է ընդունել Փարիզում հաստատված հալեպցի հայ Պիեռ Դիպին, որը արաբերենի և հին ասորերենի պրոֆեսոր էր Թագավորական քոլեջում և արքունի թարգմանիչ: Հին մատյաններում հիշատակվում է մի այլ հայի՝ թագավորական հրացանակիր նորջուղայեցի Ֆիլիպ դը Զագլիի անունը: Հայերը մեծ թիվ են կազմել Լյուդովիկոս XIV թագավորի թարգմանիչների ատյանում:

Հայերի մեջ կաթոլիկությունը տարածելու նպատակով կարդինալ Ռիշելյեն խրախուսել է լատիներենից հայերեն թարգմանված գրքերի հրատարակությունը: 1633-ի Փարիզի արքունական տպարանում լույս է տեսել «Բառագիրք հայոց» հայերեն-լատիներեն բառարանը (հրատարակել է միլանցի վանական Ֆրանչիսկո Ռիվոլան, որը 1624-ին Միլանում տպագրել էր «Հայոց քերականություն» գիրքը՝ լատիներեն-հայերեն): Այնուհետև հրատարակվել են լատիներենից հայերեն թարգմանված «Առաւել պարզաբանութիւն քրիստոնեական վարդապետութեան» (1634) և «Լատին Քրիստոնեական» գրքերը: 1672-ին եպիսկոպոս Ոսկան Երևանցին, ֆրանսիական արքունիքից թույլտվություն ստանալով, Ս. Էջմիածնի և Ս. Սարգիս Զորավորի անվան տպարանը Լիվոռնոյից (Իտալիա) փոխադրել է Մարսել: Տպարանը գոյատևել է մինչև 1686-ը՝ հրատարակելով 8 անուն գիրք: Հայկական ծագումով կերպարներ են հայտնվել ֆրանսիական թատերգության մեջ, մասնավորապես Կոռնելի («Պողիկտոսը»), Պոլ Սկառոնի («Դոն Հաբերը Հայաստանից»), Մոլիերի («Թեթևսոլիկը»), Կրեբիյոնի («Իդոմենե») գործերում:

Հետաքրքրությունը հայերի և հայկական մշակույթի նկատմամբ Ֆ-ում առավել աճել է XVIII դ., այդ են վկայում Վոլտերի, Ռուսոյի, Մոնտեսքյոյի ճանապարհորդական նոթերում հայերի մասին տեղ գտած տեղեկությունները: 1734-ին հայագետ Գիյոմ դը Վիլֆրանշը կազմել է Փարիզի արքայական մատենադարանի (հետագայում՝ Ազգային գրադարան) 138 հայկական ձեռագրերի ցուցակը: 1798-ին Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում հիմնվել են հայերենի դասընթացներ, իսկ 1810-ին՝ հայագիտության ամբիոն, որի առաջին վարիչն էր Հակոբ Շահան Ջրպետյանը:

XIX դ. կրթություն ստանալու նպատակով Ֆ. են եկել բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք անմասն չեն մնացել երկրի հասարակական-քաղաքական կյանքից, մասնակցել են (Ստեփան Ոսկան, Նիկողոս Պալյան, Սերովբե Վիչենյան, Նահապեա Ռուսինյան և ուրիշներ) հեղափոխական-դեմոկրաաական շարժումներին, մասնավորապես 1848-ի հեղափոխությանը: 1855-ին Փարիզում սկսել են հրատարակվել Ֆ-ում առաջին հայերեն պարբերականները՝ «Արևելք» և «Մասյաց աղավնի»:

XIX դ. վերջին XX դ. սկզբին, երբ թուրքական բռնությունների հետևանքով զգալի թվով հայեր լքել են իրենց բնօրրանը և ապաստան գտել Ֆ-ում, ստեղծվել են մի շարք հասարակական, բարեգործական, մշակութային կազմակերպություններ՝ Հայկազյան ուսումնասիրաց ընկերությունը (1879), Հայոց հայրենասիրական միությունը (1888), Աշխատավորական միությունը (1904), ՀԲԸՄ Ֆ-ի մասնաճյուղը (1910), Ֆրանսահայ տիկնանց միությունը (1913) ևն: 1902-ին հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի բարերարությամբ Փարիզում կառուցվել է Ֆ-ում առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Հովհաննես-Մկրտիչ մայր եկեղեցին (ճարտարապետ՝ Ժիլբերտ): 1914-ին Ֆ-ում բնակվել է շուրջ 4 հզ. հայ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18)