Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կորուստներ են պատճառել թշնամուն: Դիմադրության շարժմանը մասնակցել են նաև Ա. Չաքրյանը, Ա. Դավթյանը, Ա. Ասլանյանը, Լ. Ասլանյանը (Լաս), Ն. Տեր-Մարտիրոսյանը, Հ. Դպիրյանը և ուրիշներ: 1944-ի հուլիսին Ֆ-ում կազմակերպվել է, հիմնականում հայ ռազմագերիներից, խորհրդային պարտիզանական առաջին ջոկատը, որը կապիտան Բարդուղ Պետրոսյանի գլխավորությամբ մարտնչել է ֆրանսիական ազատ հրաձիգների և պարտիզանների շարքերում: 1944-ի օգոստոսին հայկական պարտիզանական ջոկատներից ստեղծվել է երկու գումարտակից (հրամանատարներ՝ կապիտան Բ. Պետրոսյան և ավագ լեյտենանտ Վ. Օհանյան) կազմված Հայկական պարտիզանական գունդը (հրամանատար՝ մայոր Ա. Ղազարյան): 1944-ի սեպտեմբերին գունդը վերակազմավորվել է որպես Խորհրդային առաջին պարտիզանական գունդ և մինչև 1945-ի հուլիսը (որից հետո փոխադրվել է ԽՍՀՄ) կատարել է ռազմագերիների ճամբարների, երկաթուղիների, կամուրջների պահպանություն, մասնակցել Լիոն, Մանդ, Նիմ քաղաքների ազատագրմանը: Ֆ-ի ազատագրության գործին մատուցած ծառայության համար գունդը պարգևատրվել է Արծաթե աստղակիր մարտական խաչով և մարտական դրոշով, գնդի ավելի քան 600 զինվորներ արժանացել են Ֆ-ի մարտական պարգևների և գեներալ Դը Գոլի շնորհակալագրերին:

Հետպատերազմյան տարիներին (1946-47) Ֆ-ից Խորհրդային Հայաստան է ներգաղթել շուրջ 7 հզ. հայ, սերտացել է կապը Հայաստանի հետ: 1945-ին ստեղծվել են Ֆրանսահայ երիտասարդական միությունը (ՖԵՄ, ֆրանսերեն՝ ԺԱՖ) և ՀՀԴ - Նոր սերունդ երիտասարդական միությունը, 1949-ին՝ Ֆրանսահայ մշակութային միությունը, աշխուժացել է հասարակական, բարեգործական, հայրենակցական, մշակութային կազմակերպությունների գործունեությունը:

1970-ական թթ. ֆրանսահայ համայնքը համալրվել է Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթածներով: 1980-ական թթ. ֆրանսահայության ընդհանուր թիվը շուրջ 300 հզ. էր: Հետագա տարիներին համայնքի ստվարացման միտումը շարունակվել է՝ հիմնականում Մերձավոր և Միջին Արևելքից ու Հայաստանից արտագաղթող հայության հաշվին: Ներկայումս (2003) Ֆ-ում բնակվում է շուրջ 450 հզ. հայ: Կենտրոնացած են Փարիզում (Ալֆորվիլ, Առնուվիլ լե Գոնես, Բանյո, Իսի լե Մուլինո, Շավիլ, Կլամար), Մարսելում, Լիոնում (Գրենոբլ, Դեսին, Սենտ Էտիեն, Վիեն), Վալանսում, Նիսում, Կաննում, Սեն Ռաֆայելում, Լա Սիոտայում ևն: Նրանց մեծ մասը բարձր որակավորում ունեցող բանվորներ են, արհեստավորներ, կան ձեռնարկատերեր, պետական պաշտոնյաներ, զգալի թիվ են կազմում մտավորականությունն ու ուսանողությունը: Ֆ-ի հայաշատ քաղաքներում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, մեկօրյա և ամենօրյա դպրոցներ: Լայն գործունեություն են ծավալում հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Կարմիր խաչը, Ֆրանսահայ Կապույտ խաչը, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆ-ի մասնաճյուղերը, Ֆ-ի Հայ դատի հանձնախումբը, Երկիր և մշակույթ կազմակերպությունը, Հայ աղքատախնամ ընկերակցությունը, Ֆրանսահայ բժիշկների միությունը, Ֆրանսահայ իրավաբանների և փաստաբանների միությունը, Ֆրանս-հայկական գիտական համագործակցության կազմակերպությունը, Ֆրանսահայ միջմասնագիտական խմբավորումը, «Ֆրանսիա-Ղարաբաղ» միությունը, Ֆրանս-հայկական բարեկամության ընկերակցությունը, Հայ գործարարների ֆորումը ևն:

Համայնքի հասարակական կյանքում կարևոր իրադարձություն էր «Ապրիլ 24» կոմիտեի վերակազմավորումը (2001) Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհրդի (ՖԿՀԽ), որն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է: Գործում են նաև հայագիտական հիմնարկներ՝ Հայկական ուսմանց ընկերությունը, Հայկական ոաումնասիրության, վավերագրության և տեղեկատվության կենտրոնը, Հայ սփյուռքի հետազոտության կենտրոնը, Հայկական փաստաթղթերի և հետազոտությունների կենտրոնը, Հայոց լեզվի պաշտպանության «Մաշտոց» միությունը, «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիան:

Ֆ-ի տարբեր քաղաքներում կազմակերպվել են թատերական-գեղարվեստական խմբեր՝ «Դիմակ» թատերախումբը, «Սիփան-Կոմիտաս» (Փարիզ), «Սահակ-Մեսրոպ» (Մարսել), «Սայաթ-Նովա» (Նիս), «Կոմիտաս» (Լիոն) երգչախմբերը, «Նավասարդ» համույթը, «Ախթամար», «Նաիրի», «Արաքս» պարախմբերը ևն: Լույս են տեսնում մի շարք պարբերականներ՝ հայերեն և ֆրանսե-