Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանները (շուրջ 600) ունեն իրենց եկեղեցին: 1982-ին կառուցվել է հուշարձան՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1996-ին բացվել է Թարգմանչաց ամենօրյա վարժարանը: Քույրացած է ՀՀ Էջմիածին քաղաքի հետ:

Կլամարում հաստատված առաջին հայը Խաչիկ Դամլամյանն է: 1922-ից բնակվելով Կլամարում՝ նա շուտով բարձրակարգ բժշկի համբավ է վայելել տեղացիների շրջանում: Ավելի քան հիսուն տարի աշխատել է իր հիմնած կլինիկայում: Կլամարում դոկտոր Խ. Դամլամյանի անունով կոչվել է զբոսայգի:

Քաղաքի կենտրոնական մասում կա հրապարակ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Շավիլում գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1957-ից), Ֆրանսահայ Կապույտ խաչի տեղական մասնաճյուղը, «Ֆրանսիա-Հայաստան-Արցախ» ընկերությունը, «Էներգիա Հայաստանին» կազմակերպությունը (1993-ից), շաբաթօրյա վարժարան:

Վիլժյուիֆում գործում է «Ֆրանսիա-Հայաստան» ընկերակցությունը: 1995-ին, Կոմիտասի մահվան 60-ամյակի կապակցությամբ, Ֆրանսահայ մշակութային միության և Վիլժյուիֆի «Ֆրանսիա-Հայաստան» ընկերակցության նախաձեռնությամբ մեծ երգահանի կիսանդրին տեղադրվել է քաղաքի հիվանդանոցի բակում (քանդակագործ՝ Ա. Եղիազարյան):

Լիոնում հաստատված առաջին հայը պոլսեցի Ռաֆայել Արամ Տեր-Զաքարյանն էր, որը 1877-ին հիմնել է մետաքսե գործվածքեղենի գործարան: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Լիոնում բնակվել են սակավաթիվ հայեր: Պատերազմի ավարտից հետո, ֆրանսիական և հունական կառավարությունների միջև կայացած համաձայնությամբ, Սալոնիկում ապաստանած տասնյակ հայ զինվորներ փոխադրվել են Ֆ., որոնցից 17-ը հաստատվել է Լիոնում: 1923-ին լիոնահայության թիվը հասել է 60-ի: 1923-24-ին գաղութը ստվարացել է, երբ այստեղ են ապաստանել Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից տեղահանված բազմաթիվ հայեր: Նրանց մեծ մասը բանվորություն է արել մեքենաշինական, մետաղագործական, վագոնաշինական, ներկարարական գործարաններում: Ոմանք հաջողության են հասել գործվածքեղենի, սննդի արտադրության, ինչպես նաև առևտրի, շինարարության բնագավառներում (Տիար Սրմաքեշյան, Խայիկյան եղբայրներ, Կ. Հակոբյան, Ճ. Պահատուրյան, Ն. Բուլուկյան և ուրիշներ): 1924-ին Լիոնում բնակվում էր մոտ 500 հայ: Գաղութի կազմավորման առաջին տարիներին Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ ստեղծվել է Ազգային միություն, որը ճանաչվել է ֆրանսիական կառավարության կողմից և կազմակերպել համայնքի կյանքը: Միության վարչությունը (նախագահներ են եղել Սերովբե Փափազյանը, Ալեքսանդր Կյուլպենկյանը, Անդրանիկ Օպոզյանը, Ճիբրայիլ Պահատուրյանը, Նապոլեոն Բուլուկյանը, Հրանտ Թադևոսյանը, 1996-ից՝ Ռոպեր Տոնիկյան, պատվավոր նախագահ՝ Սեպուհ Սարյան) վարձակալել է ընդարձակ հողամաս հայ ընտանիքների համար, կառուցել մատուռ (1936-ին օծվել է Ս. Աստվածածին անունով), որին կից գործում է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936-ից):

1920-ական թթ. Լիոնում կազմակերպվել են հայրենակցական, բարեգործական, մշակութային միություններ՝ «Մասիս» մշակութային և բարեսիրական միությունը, Տիկնանց Կարմիր խաչը, Կապույտ խաչը, Աֆիոնի, Խարբերդի, Բալուի, Հաճընի հայրենակցական միությունները, Դատեմի Փերչենճ գյուղի ուսումնական ընկերակցությունը, Մարաշի, Սեբաստիայի, Զմյուռնիայի, Մերձավոր Արևելքի որբերի ընկերակցությունը, Նալլու խանի, Պոլուի և Շրջակայից երկսեռ երիտասարդաց միությունը, Մալարիայի կրթասիրացը: Գործել են ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները: 1929-ին կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով կազմվել է աղքատախնամ մարմինը (նախագահ՝ Անանիա վրդ. Հաբելյան): Մինչև 1939-ը գործել է ՀՕԿ-ի Լիոնի մասնաճյուղը, 1928-ից՝ ՀԲԸՄ-ի, հետագայում՝ նաև Ֆրանսահայ մշակութային միության Լիոնի մասնաճյու-