Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1923): 1888-ին ստեղծվել է Հայոց հայրենասիրական միություն ազգային-ազատագրական կազմակերպությունը (հիմնացիր՝ Մ. Փորթուգալյան):

Մարսելի հայ համայնքը ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների մի մասը բնակություն է հաստատել քաղաքում և նրա շրջակայքում: Ստեղծվել է Հայ գաղթականների օգնության կոմիտե (նախագահ՝ Տիգրան Միրզայանց), որն զբաղվել է հայերի տեղավորման գործով: 1920-ական թթ. կազմակերպվել են Վասպուրականի, Չարսանճագի, Խարբերդի (Եփրատ միություն), Սեբաստիայի, Բարձր Հայքի, Քղիի, Արաբկիրի, Ուրֆայի հայրենակցական միությունները: 1924-ին Մկրտիչ Փափագյանի, Կարո Ուշաքլյանի, Վազգեն Անդրեասյանի, Մկրտիչ Մալումյանի նախաձեռնությամբ հիմնվել է ՀՄԸՄ-ի Մարսելի մասնաճյուղը: Ստեղծվել են նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀՕԿ-ի մասնաճյուղը (գործել է մինչև 1935-ը): 1927-ին Մարսելը դարձել է Հարավային Ֆ-ի թեմի առաջնորդանիստ կենտրոն: Թեմի առաջնորդ Գրիգորիս եպս. Պալաքյանի (1879-1934) նախաձեռնությամբ Մարսելի շրջանում կազմակերպվել են հայ համայնքներ, կառուցվել են եկեղեցիներ, ընտրվել է Ազգային կենտրոնական վարչությունը, որի խնդիրն էր մանուկների հայեցի դաստիարակությունը, եկեղեցիների պահպանությունն ու նրանց կից դպրոցների հսկողությունը: 1928-ին ազգային բարերար Վահան Խորասանճյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Սահակ-Ս. Մեսրոպ Սրբոց թարգմանչաց եկեղեցին: Նույն թվականին հիմնվել է ՀԲԸՄ-ի Մարսելի մասնաճյուղը, որին կից գործում են Երկսեռ երիտասարդաց ընկերակցությունը (1935-ից) և Տիկնանց օժանդակ հանձնախումբը (1955-ից):

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մարսելի հայերը մասնակցել են պարտիզանական կռիվներին և քաղաքի ազատագրմանը: 1942-45-ին գործել է Հայ ազգային ճակատի տեղական կազմակերպությունը (ղեկավարներ՝ Կարապետ Քյուրեջյան, Փայլակ Գարագաշ, Սմբատ Զորավար, Ավետիս Ֆահրադյան): Մարսելի և նրա արվարձանների ազատագրության համար մղված մարտերում մեծ դեր է խաղացել նաև «Հայ երիտասարդ կոմունիստներ» մարտական ջոկատը:

1976-ին կազմակերպվել է Մարսելի հայ մշակույթի տունը, որին կից գործում են Հայ Կապույտ խաչի և ՀՀԴ-Նոր սերունդ երիտասարդական միության տեղական կազմակերպությունները: Ներկայումս (2003) Մարսելում բնակվում է շուրջ 80 հզ. հայ (արհեստավորներ, բանվորներ, մտավորականներ): Քաղաքում և նրա արվարձաններում գործում են Ս. Սահակ-Ս. Մեսրոպ, Ս. Թարգմանչաց մայր Եկեղեցին, ինչպես նաև Ս. Հակոբ, Ս. Կարապետ, Ս. Գևորգ, Ս. Թադեոս-Ս. Բարդուղիմեոս, Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Լուսավորիչ, (որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ), Հայ նախկին ռազմիկների միության (1931-ից), Համազգային մշակութային միության (1934-ից), Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ), Ֆրանսահայ մշակութային միության, «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարսելի մասնաճյուղերը, Հայ ուսանողական կենտրոնը, «Ազատագրություն» կազմակերպությունը, Համազգային լիցեյը, Անարատ հղության քույրերի վարժարանը: 1981-ին Էքս-ան-Պրովանսի համալսարանում պրոֆեսոր Ռոպեր Տեր-Մերկերյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայոց լեզվի ամբիոն: Մարսելի քաղաքապետարանի անդամներ են Կ. Հովսեփյանը, Ժ. Քերքերյանը, Ժ. Պերպերյանը: 1994-ին երկարատև համագործակցության համաձայնագիր է կնքվել Մարսելի և Երևանի միջև:

Երաժիշտ Վարդան Սարգսյանը (Կոմիտասի սաներից) 1931-39-ին Մարսելում ղեկավարել է իր հիմնած «Արմենիա» երգչախումբը (տվել է համերգներ, կատարել Կոմիտասի ստեղծագործությունները): 1977-ին Խաչիկ Յըլմազյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը: Գործում են նաև «Գարուն» մանկապատանեկան երգչախումբը, «Մասիս» գործիքային համույթը, «Արամ Խաչատրյան» երաժշտական հիմնադրամը:

Լույս են տեսել «Խթան» (1915-1935), «Հայ սիրտ» (1925-38), «Հաճըն» (1929-40), «Արեգ» (1932-33), «Ժողովուրդի ձայն» (1935-38), «Նոր կյանք» (1944-47), «Արձագանք Մարսելի» (1945-59), «Հայ ծիրանի գոտի» (1991-93) պարբերականները: Հայ բողոքականները հրատարակում են «Բանբեր» կրոնական ամսաթերթը (1925-ից):