Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1920-30-ական թթ. հայերը սկսել են հաստատվել նաև Մարսելի արվարձաններում: Նրանց մեծ մասը գաղթել է Կիլիկիայից, Կ. Պոլսից, Խարբերդից, Սեբաստիայից, Բրուսայից, Ուրֆայից, Վանից:

Մարսելի շրջան

Բոմոնի հայ համայնքը շրջանի լավ կազմակերպված համայնքներից է: 1950-ական թթ. քաղաքում բնակվել է շուրջ 4 հզ. հայ: Համայնքային կյանքը կազմակերպում է Կրոնական ընկերակցությունը, կա նաև թաղային խորհուրդ: Գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (կառուցվել է 1930-ին՝ Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ և համայնքի նվիրատվություններով), Ֆրանսահայ Կապույտ խաչի (կազմակերպում է հայերենի դասընթացներ), ՀՀԴ-Նոր սերունդ երիտասարդական միության ւոեղական մասնաճյուղերը, «Շանթ» գրական-գեղարվեստական միությունը:

Սեն Ժերոմում հայերը հաստատվել են 1925-ին: Նորեկները բանվորություն են արել քաղաքի արևելյան գորգի գործարանում: 1950-ական թթ. հայերի (շուրջ 2 հզ.) 80 %-ն արդեն սեփականատեր էր (ունեին սեփական տներ, խանութներ): 1933-ին կառուցվել է Ս. Սահակ-Ս.Մեսրոպ եկեղեցին (կից գործում է շաբաթօրյա դպրոց): Համայնքն ունի Կրոնական ընկերակցություն, ՀՀԴ հովանու տակ գործող մի քանի կազմակերպությունների տեղական մասնաճյուղեր:

Սեն Լուում 1929-ին Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին (ունի մանկապարտեզ): 1935-ին կազմակերպվել է Ֆրանսահայ Կապույտ խաչի տեղական մասնաճյուղը: Գործում է թաղական խորհուրդը:

Սենտ ԱԱտուան-Կամպանյը Ֆրենում գործում են Ս. Թադևոս Ս. Բարդուղիմեոս եկեղեցին (ունի երկսեռ երգչախումբ, կազմակերպում է հայերենի դասընթացներ), թաղական խորհուրդը: Արվարձանին կից բլուրը կոչվում է «Արսլանբեկ»՝ այնտեղ բնակություն հաստատած արսլանբեկցիների անունով:

Նիս (Նիցցա) քաղաքում բնակվում է շուրջ 2 հզ. հայ: XIX դ. վերջին XX դ. սկզբին, հետևելով եվրոպացի մեծահարուստների օրինակին, որոնք ձմռան ամիսներն անցկացնում էին Նիսում, մի քանի հայ մեծահարուստներ (Ասպետ Վահան Խորասանճյան, ջուղայեցի վաճառական Նահապետյան, պոլսահայ Սիմոն Կայսրլյան և ուրիշներ) ևս այստեղ կառուցել են շքեղ առանձնատներ: Այդ շրջանում Նիս են այցելել Վ. Թեքեյանը, Ա. Չոպանյանը, Սիամանթոն, Կոմիտասը: 1923-ին ջուղայեցի Նահապետյանը, որը Հնդկաստանում ձեռք էր բերել մեծ կարողություն և զբաղվում էր բազմահարկ շենքերի շինությամբ ու վաճառքով, իր մոտ աշխատելու նպատակով Մարսելից Նիս է տեղափոխել մի խումբ հայ գաղթականների (մեծ մասամբ՝ Բրուսայի մոտակա Չենկիլեր գյուղից): Նորեկները հաստատվել են քաղաքի մի անկյունում՝ Մատլենի հովտում, կառուցել են հայկական փոքրիկ բնակատեղի, հիմնել ամենօրյա դպրոց և ֆուտբոլի թիմ (գոյատևում է ցայսօր): Նույն թաղամասում 1928-ին Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ և բելգիահայ բարերար Տիգրան Զամքիրթյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Աստվածածին մատառը (այժմ՝ եկեղեցի): Դպրոցը տեղավորվել է եկեղեցում և գործել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939): 1945-ից այստեղ կազմակերպվել են մեկօրյա դասընթացներ: 1953-ին եկեղեցուն կից կառուցվել է երիցատուն Գալուստ Կյուլպենկյանի բարերարությամբ: Նորեկ համագյուղացիները, գտնելով ավելի լավ վարձատրվող աշխատանքներ, դարձել են արհեստավոր, մանր առևտրական և հասնելով նյութական բարեկեցիկ վիճակի՝ սկսել են բնակվել քաղաքի կենտրոնական թաղամասերում: Ներկայումս եկեղեցական թաղում (կրում է Սիտե Արմենիեն՝ Հայկական թաղամաս անունը, փողոցները կոչվում են Արարատ, Հայաստան, Երևան, Սևան) ապրում է մեկ տասնյակ հայ ընտանիք: Հայ համայնքի կենտրոնը սակայն Ս. Աստվածածին եկեղեցին է, որին կից 1988-ին Պարսամյան ընտանիքի և քաղաքապետարանի նյութական օժանդակությամբ կառուցվել է Պարսամյան համալիրը: Այստեղ գործում է Պարսամյան ամենօրյա վարժարանը: