Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆ-ի հայ կրոնական համայնքները միավորված են հոգևոր-վարչատարածքային երեք կառույցների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջանների մեջ, որոնք գտնվում են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության գերակայության ներքո: Պատվիրակության կենտրոնը Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է: Հայրապետական պատվիրակն է Գյուտ արք. Նագգաշյանը:

Փարիզի շրջան, կենտրոնը՝ Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:

1927-ին կազմավորվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Փարիզի և շրջակայքի կրոնական ընկերությունը, որի ղեկավար մարմինը ներկայացուցչական ժողովն է (ընտրվում է չորս տարին մեկ. կազմված է 24 աշխարհիկ և 3 եկեղեցական ներկայացուցիչներից), նախագահն է Փարիզի հայոց հոգևոր առաջնորդը: Նույն թվականին ստեղծվել են Միջին Ֆրանսիայի (կենտրոնը՝ Լիոն) և Հարավային Ֆրանսիայի (կենտրոնը՝ Մարսել) թեմական կազմակերպությունները: Փարիզի առաջնորդին շնորհվել է հայրապետական պատվիրակի կարգավիճակ:

Փարիզում առաջին հայկական մատուռը՝ Ս. Էջմիածինը, կառուցվել է 1854-ին (գործել է մինչե 1869-ը): 1870-ից հայերն օգտագործել են Փարիզի Վիեն փողոցում գտնվող բողոքականներին հատկացված ժողովարանը: 1902-ին կատարվել է Ս. Հովհաննես Մկրտիչ աոաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը (Ա. Մանթաշյանի նյութական օժանդակությամբ), 1904-ին՝ օծումը: Կից գործում է մեկօրյա դպրոց:

Փարիզի հայաբնակ արվարձաններից Ալֆորվիլում 1930-ին կառուցվել է Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, կից գործում է Ս. Մեսրոպ վարժարանը (ամենօրյա), Առնուվիլ լե Գոնեսում 1931-ին կառուցվել է Վարագա Ս. Խաչ եկեղեցին (օծվել է 1932-ին), կից գործում է շաբաթօրյա վարժարան, Շավիլում 1957-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1975-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը կատարել է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը: Կից գործում է շաբաթօրյա դպրոց:

Փարիզի հայոց առաջնորդն է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գյուտ արք. Նագգաշյանը (1984-ից):

Լիոնի շրջան, կենտրոնը՝ Լիոնի Ս. Հակոբ եկեղեցի: Ընդգրկում է Միջին Ֆրանսիայի Լիոնի և Ռոն-Ալպերի հայաշատ շրջանների քաղաքները:

1918-ին Լիոնում, Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ, ստեղծվել է Ազգային միությունը, որը կազմակերպել է հայ համայնքի հասարակական, հետագայում նաև հոգևոր կյանքը: Միության վարչությունը հայ ընտանիքների բնակության համար Ֆուայե Լիոնե թաղամասում վարձակալել է փայտաշեն տներ: 1925-ին այդ տներից մեկը վերածվել է մատուռի (Ս. Աստվածածին): Նույն թվականին Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդ և հայրապետական պատվիրակ Գրիգորիս եպս. Պալաքյանը հանդիպել է Ազգային միության ղեկավարների հետ՝ Ազգային միությանը զուգահեռ Միջին Ֆրանսիայի թեմական կազմակերպություն ստեղծելու խնդրով: 1927-ից գործել է Լիոնի և շրջակա թեմերի ազգային գավառական խորհուրդը՝ իր մեջ ընդգրկելով Լիոնի և Ռոն-Ալպերի շրջանի հայկական ծխերը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս թեմական կազմակերպությունը դադարել է գործելուց:

1932-ին Ս. Աստվածածին մատուռը, պահպանելով անունը, փոխադրվել է մեկ այլ թաղամաս, որտեղ գործել է մինչև 1962-ը: Կից բացվել է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936-ից): 1954-ին եկեղեցական հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց