Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդ միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութական օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ Ս. Հակոբ եկեղեցին (օծվելէ 1963-ին): Կից գործում է մեկօրյա դպրոց: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1981-ին, օծվել 1984-ին:

1987-ին Նորվան եպս. Զաքարյանի ջանքերով Լիոնի աստվածաբանական համալսարանում բացվել է Գալուստ Կյուլպենկյանի անվան հայագիտական ամբիոնը: 1988-ից ցայսօր առաջնորդարանին կից գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարանը: 1977-ին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որն ունի մատենադարան (Սերովբե արք. Մանուկյանի անվան): Լիոնի «Եփրատ» տպարանում 1982-90-ին տպագրվել է «Ս. Հակոբ» պարբերականը:

Լիոնի շրջանի մեջ են մտնում շրջակա հայաշատ քաղաքները. Դեսինում գործում է Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946-ին), կից՝ շաբաթօրյա վարժարան: Համայնքի հոգևոր հովիվն է Մկրտիչ քհն. Պալապանյանը:

Շարվիեում գործում է Ս. Նշան եկեղեցին (օծվել է 1982-ին): Ունի իր վարչական խորհուրդը: Գործում են տարբեր հանձնաժողովներ (կրոնական, կրթական, մշակութային): Համայնքի հոգևոր հովիվն է Կարապետ վրդ. Հարությունյանը:

Սենտ Էտիենում գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1984-ին), կից՝ ժողովրդական տուն՝ մշակութային նպատակների համար: Համայնքի հոգևոր հովիվն է Տաթև վրդ. Մուրադ-Հակոբյանը:

Ռոմանում 1988-ին քաղաքապետարանի համաձայնությամբ Վալանսի կաթողիկե եպիսկոպոսարանի և Լիոնի Հայ առաքելական եպիսկոպոսարանի միջև կնքվել է պայմանագիր՝ Ս. Նիկողայոս կաթողիկե եկեղեցին 30 տարով հայերին հանձնելու մասին: Գործում է եկեղեցական խորհուրդ, որը քաղաքի Հայ բարեկամության միության համագործակցությամբ օժանդակում է եկեղեցուն: Համայնքի հոգևոր հովիվն է Նարեկ քհն. Վարդանյանը:

Վալանսում 1951-ին կառուցվել է մատուռ, որը 1953-ին օծվել է որպես եկեղեցի՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով: Գործում է Ազգային կրոնական ընկերակցությունը: 1990-ին եկեղեցական վարչությունը գնել է կաթոլիկ միաբանությանը պատկանող XVII դ. եկեղեցական համալիր (նորոգվել է ազգային բարերար Վ. Պոզաճյանի նյութական օժանդակությամբ), կառուցվել է հայկական ոճով խորան, և եկեղեցին վերանվանվել Ս. Սահակ (օծվել է 1992-ին), կից գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը՝ Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Անդրանիկ քհն. Մալճյանի ղեկավարությամբ:

Գրենոբլ և Վիեն քաղաքներում առայժմ հայկական եկեղեցիներ չկան: Գործում են եկեղեցական վարչություններ, որոնք կրոնական արարողություններ կատարելու համար Լիոնից այցելու հովիվ են հրավիրում՝ օգտագործելով տեղի կաթոլիկ եկեղեցին:

Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդն է Նորվան եպս. Զաքարյանը (1980-ից):

Մարսելի շրջան, կենտրոնը՝ Մարսելի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ Սրբոց թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931-ին): Ընդգրկում է Հարավային Ֆրանսիայի հայաշատ քաղաքները:

1927-ին հայրապետական պատվիրակ և Փարիզի հայոց առաջնորդ Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ Մարսելի շրջանում ստեղծվել է թեմական կազմակերպություն, ընտրվել է Ազգային կենտրոնական վարչությունը: Մարսելում կառուցվել են Ս. Կարապետ (1928) և Ս. Աստվածածին (1929) եկեղեցիները:

1920-30-ական թթ. հայերը հաստատվել են նաև Մարսելի արվարձաններում. Բոմոնի Սեն Լուում: 1929-ին Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ և հայերի նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին, որին կից գործում է մանկապարտեզ: Սեն Ժերոմում 1933-ին կառուցվել է Ս. Սահակ-Ս.Մեսրոպ եկեղեցին, կից գործում է շաբաթօրյա դպրոց: Սենտ Անտուան-Կամպանյը Ֆրենում 1929-ից գործում է Ս. Թադեոս-Ս. Բարդուղիմեոս եկեղեցին, որին կից կազմակերպվում են հայերենի դասընթացներ: Բոմոնում 1932-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կից՝ շաբաթօրյա դպրոց: Գործում են Կրոնական ընկերակցությունը և թաղական խորհուրդը:

Նիս քաղաքում 1928-ին Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ կառուցվել է Ս. Աստվածածին մատուռը (ներկայումս՝ եկեղեցի): Եկեղեցու շենքում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը