Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հունվարին միությունը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում, կոչվում է «ՀԱՍԿ»՝ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն:

Հայ նախկին սպայից միություն, կազմակերպվել է 1929-ի հուլիսին, Փարիզում՝ Ֆ-ում բնակվող Հայաստանի Հանրապետության (1918-20) բանակի նախկին սպաների նախաձեռնությամբ: Հիմնադիր-նախագահ՝ գեներալ Գաբրիել Կորգանյան: Միության նպատակն էր կապ պահպանել հայ և օտար նախկին սպաների հետ, նյութական օգնություն ցուցաբերել նրանց: Միության պատվավոր անդամներ են եղել Ավետիս Ահարոնյանը, Ալեքսանդր Խատիսյանը, Կրաֆտ Բոնարը:

Ֆրանսահայ Կապույտ խաչ, բարեգործական միություն: Հիմնվել է 1934-ին, Փարիզում՝ ՀՀԴ հովանավորությամբ: Մասնաճյուղեր ունի Մարսելում, Լիոնում, Նիսում և գրեթե բոլոր հայ համայնքներում: Զբաղվում է կրթական (կազմակերպում է հայերենի դասընթացներ), առողջապահական խնդիրներով, օգնում է ուսանողներին, կարիքավոր ընտանիքներին, միայնակ ծերերին: 1957-ից կազմակերպության հովանավորությամբ գործում է ամառային հանգստի ճամբար Բելֆոնտեն գյուղում:

Գործակցությունը Հայ օգնության միության (ՀՕՄ) հետ, որի փաստական մասնաճյուղն է Կապույտ խաչը, ընդլայնում է նրա հնարավորությունների դաշտը: Ծանրակշիռ էր 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ՀՕՄ - Կապույտ խաչի միասնական ջանքերով Հայաստան առաքված օգնությունը: Հայաստանում բացվել է միության գրասենյակը:

Հայ ազգային ճակատ (ՀԱՃ), ընդհատակյա կազմակերպություն (1942-45): Ստեղծվել է ֆրանսահայ կոմունիստների նախաձեռնությամբ, միավորել հայրենասերներին՝ անկախ սոցիալական պատկանելությունից և քաղաքական հայացքներից: Կազմակերպիչներն էին Հանրի Մարմարյանը, Մեսրոպ Ասատուրյանը, Դավիթ Դավթյանը, Շահե Տատուրյանը, Մելքոն Գեղունին, Կարապետ Քյուրեջյանը և ուրիշներ: Գերմանական օկուպացիայից Ֆ-ի ազատագրման պահին ՀԱՃ-ի շարքերում հաշվվում էր ավելի քան 10 հզ. հայ հայրենասեր: 1943-ին ՀԱՃ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայ երիտասարդ հայրենասերների միությունը: ՀԱՃ-ը կազմակերպել է նաև նյութական օգնություն Ֆ-ի ազատագրության ֆոնդին: 1943-44-ին Հարավային և Կենտրոնական Ֆ-ի ՀԱՃ-ի կոմիտեները հանգանակել և Դիմադրության ֆոնդին են հանձնել 7 մլն ֆրանկ: Զգալի գումար է հանձնվել Խորհրդային Միության բանակի համար «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման հիմնադրամին: ՀԱՃ-ը մասնակցել է Փարիզի և Ֆ-ի այլ քաղաքների ու շրջանների ազատագրմանը: Ընդհատակում հրատարակել է պարբերականներ [«Հայ ճակատ», «Ժողովուրդ», «Ժյոն Արմենիեն» («Երիտասարդ հայ»), «Էմանսիպասիոն» («Ազատագրում»), «Ժյոնես լիբր» («Ազատ երիտասարդություն») ևն]: 1945-ին ՀԱՃ-ը իր համագումարում վերակազմավորվել է Ֆրանսիայի հայ ազգային ընդհանուր միության (ՖՀԱԸՄ): Նրա գործունեությանը մասնակցել են համայնքի գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները, բարեսիրական, հայրենակցական, մշակութային, տիկնանց, երիտասարդական միությունները: Բացառություն է կազմել ՀՀԴ, սակայն նրա անդամներից շատերը անհատական նախաձեռնությամբ նույնպես մասնակցել են ՖՀԱԸՄ-ի աշխատանքներին: 1948-ին, արդեն «սառը պատերազմի տարիներին», ֆրանսիական կառավարությունն արգելել է Դիմադրության տարիներին ստեղծված կազմակերպությունները, որոնց թվում և ՖՀԱԸՄ-ը:

ՀՀԴ - Նոր սերունդ երիտասարդական միություն, հիմնվել է 1945-ին, Փարիզում՝ ՀՀԴ նախաձեռնությամբ: Մասնաճյուղեր ունի Ֆ-ի գրեթե բոլոր հայկական համայնքներում: Նպատակն է ֆրանսիական հասարակայնությանը ծանոթացնել հայ մշակույթին, Հայկական հարցին: Կազմակերպում է գիտաժողովներ, մշակութային երեկոներ, մարզական միջոցառումներ: Ունի պարախումբ՝ «Նաիրի»: Հրատարակում է «Հայաստան» (1947-ից) ամսագիրը:

Ֆրանսահայ երիտասարդական միություն (ֆրանսերեն՝ ԺԱՖ), հիմնադրել են ֆրանսիական Դիմադրության շարժման հայ նախկին մարտիկները՝ 1945-ի աշնանը: 1947-ից Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի անդամ է: Կենտրոնական վարչությունը Փարիզում է, մասնաճյուղեր ունի Մարսելում, Լիոնում, Վալանսում և Ֆ-ի հայաշատ մյուս քաղաքներում: Միության նպատակն է ֆրանսահայերին և ֆրանսիացիներին ծանոթացնել հայ բազմադարյան պատմությանն ու մշակույթին, ամրապնդել ֆրանս-հայկական բարեկամությունը: Սերտորեն համագործակցում է ֆրանսահայ մշակութային միության հետ, կազմակերպում հայ արվեստի և մշակույթի երիտասարդական փառատոներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ: 1963-ին Փարիզում անցկացրել է գրականության և արվեստի փառատոն: Ժյուրիի նախագահն էր Արամ Խաչատրյանը: Իր մասսայականությամբ աչքի է ընկել ԺԱՖ-ի կազմակերպած 1984-ի փառատոնը: Հրատարակում է «Նոթրը Վուա» («Մեր ձայնը», 1951-ից) ամսաթերթը:

«Յանցերի ակումբ», մշակութային և բարեսիրական կազմակերպություն, ստեղծվել է 1949-ին, Փարիզում: Ապաքաղաքական յուրատեսակ