Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջազգային ցուցահանդեսներում արժանացել են ոսկե մեդալների (1882, 1900): Մեծ համբավ ուներ օֆորտի նշանավոր վարպետ Էդգար Շահինը, որը շուրջ 1000 գործի հեղինակ է: Օֆորտի վարպետ էր նաև Տիգրան Փոլատը: Բնանկարիչներ Վարդան Մախոխյանի, Արսեն և Հերան Շապանյանների, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Հովհաննես Ալխազյանի կտավներն օժտված են կենդանի շնչով: Մոսկվայում և Փարիզում է ձևավորվել Հակոբ Գյուրջյանի արվեստը, նա ստեղծել է մի շարք մոնումենտալ քանդակներ, արձաններ: Ուշագրավ են Դարիա Կամսարականի դիմաքանդակները, հուշարձանները (հայ մտավորականների հուշարձանը Բանյոյում (Փարիզ): Նրա աշխատանքները Փարիզում (1937) և Վենետիկում (1947) արժանացել են ոսկե մեդալների: 1926-ին Փարիզում ստեղծվել է հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը, 1931-ին՝ Հայ ազատ արվեստագետների միությունը, 1968-ին՝ «Թորոս Ռոսլին» գեղարվեստասիրաց միությունը: 1950-ական թթ. Փարիզում գործում է Հայ արվեստի թանգարանը: 1940-50-ական թթ. ֆրանսիական արվեստում որոշակի տեղ են ունեցել Պետրոս Կոնտուրաջյանը, Լևոն Թյությունջյանը, Մելքոն Քեպապճյանը, Բյուզանդ Թոփալյանը, Արմիսը (Արմենակ Միսիրյան), Զարեհ Մութաֆյանը, Գրիգոր Պետիկյանը, Ռաֆայել Շիշմանյանը, Հրանտ Կյուլպենկյանը և ուրիշներ: Ֆրանսիական արդի կերպարվեստի խոշոր դեմքերից է Ֆ-ի Գեղարվեստի ակադեմիայի անդամ Գառզուն (Գառնիկ Զուլումյան), որը միջազգային համբավ է ձեռք բերել 1953-ից, երբ Փարիզում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը: Սփյուռքահայ արվեստագետներից առաջինը նրան է շնորհվել «Մարտիրոս Սարյան» մրցանակը (1935): Ֆրանսիական արդի գեղանկարչության ականավոր դեմքերից է նաև Ժանսեմը (Հովհաննես Սեմերճյան), որի գործերը ցուցադրվում են 1944-ից: 2002-ին Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանին է նվիրել 34 կտավներից բաղկացած իր «Եղեռն» շարքը: Նույն թվականին պարգևատրվել է Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2003-ից Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ է: Հետպատերազմյան շրջանի գեղանկարիչներից են Շարթը (Սարգիս Հարությունյան), Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը, Հակոբ Փափազյանը, քանդակագործ Տիգրան Խուբեսերյանը և ուրիշներ: Զգալի հաջողությունների են հասել գեղանկարիչներ Ասատուր Պզտիկյանը, Ժան Գազանջյանը, Տիգրան Դադերյանը, Արշակ Գառնիկյանը, Վահե Պարսումյանը, Ժերար Փամփուջյանը, Հրաչ Բասմաջյանը, ծաղրանկարիչ Էդմոն Քիրազը (Քիրազյան), քանդակագործներ Րաֆֆին (Սարգսյան), Թորոսը, Տիգրանը, Ժակ Ասլանյանը, Կատյա Գավարյանը, Եվգինե Եփրեմյանը, Գյուչենը, Դավիթ Երևանցին և ուրիշներ:

«Անի» խմբակցություն, հայ արվեստագետների միություն, հիմնադրվել է 1926-ին, Փարիզում: Նախագահ՝ Հովսեփ Փուշման: Նպատակն էր միավորել սփյուռքահայ արվեստագետներին, հայ մշակույթը ներկայացնել եվրոպական հասարակայնությանը, նպաստել Հայաստանի պետական թանգարանի հարստացմանը: Խմբակցության հիմնական ստեղծագործական ուղղությունը ռեալիզմն էր: Առաջին ցուցահանդեսը բացվել է Փարիզում, 1927-ին: Մասնակացելեն գեղանկարիչներ Ա. Բաբայանը, Հովհաննես Ալխազյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Վարդան Մախոխյանը, Արսեն Շապան-