Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախագծերով Փարիզում և Ֆ-ի այլ քաղաքներում կառուցվել է շուրջ 250 շինություն: Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, «Հայաստանի IV-XVII դդ. հուշարձանները» (1967, ֆրանսերեն) գրքի: Փարիզի ստորգետնյա տնտեսության նախագծի համար համաշխարհային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) արժանացել է «Մեծ մրցանակի»: Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով:

Միջազգային համբավ ունեցող ճարտարապետներ են Մանուել Դեյրմենջյանը և Վարուժան Կյուրեղյանը: Զգալի հաջողությունների են հասել ճարտարապետներ Տիգրան Հաճյանը, Երվանդ Սարգսյանը, Ալեն Դարոնյանը, Անդրանիկ Զաքարյանը և ուրիշներ:

Երաժշտություն: Ֆրանսահայ երաժիշտներից հայտնի են կոմպոզիտորներ Վարդան Սարգսյանը, Ավետիս Մեսումենցը («Նարոտ», «Մշեցիների հարսանիքը», «Հարսնանշան» ժողովածուներ), Գուրգեն Ալեմշահը, Արա Պարթևյանը («Պատարագ»), Վահրամ Սվաճյանը: Հայ հնագույն երաժշտության ակունքներից է օգտվել կոմպոզիտոր Րաֆֆի Ուռկանճյանը («Եռամաս պատարագ»): Կոմիտասի ստեղծագործության ազդեցությունն է կրել Օնիկ Պերպերյանի ջութակի կոնցերտը: Նա հեղինակ է նաև «Լուսավորիչ», «Նարեկ», «Հայրենիք» սիմֆոնիաների: Միջազգային ճանաչում ունեն երգիչ-երգչուհիներ Լին Դուրյանը, Ժիրայր Սերգոյանը, Էժենի Ալեսյանը, Ալիս Շահմիրյանը, Թամարա Թումանովան, Հայկանուշ Թորոսյանը, դաշնակահարներ Ա. Էլմասը, Վ. Սվաճյանը, Րաֆֆի Պետրոսյանը, Սեդրակը (Սեդրակ Յավուրյան), Իրեն Բամպուքճյանը, ջութակահարներ Միհրան Տարենտելյանը, Հակոբ Քյուրքչյանը, Ժան Տեր-Մերկերյանը, երգեհոնահար Րաֆֆի Ուռկանճյանը և ուրիշներ:

Էստրադայի հայ երգիչներից համաշխարհային ճանաչում ունի Շառլ Ազնավուրը: Նշանավոր են նաև երգչուհի Սիլվի Վարդանը, Աիդա Ազնավուրյանը և ուրիշներ: Մեծ ճանաչում ունեն Ժորժ Կառվարենցի երգերը (կատարել են Ջոնի Հոլիդեյը, Ժիլվեր Բեկոն, Միթեյ Մաթյոն, Դալիդան և ուրիշներ), ինչպես և կինոերաժշտությունը: 1960-ական թթ. ֆրանսիական ռոքընռոլի նշանավոր դեմք էր Դ. Ժերարը (Խրլաքյան): 1930-ական թթ. ֆրանսիական ջազի հայտնի դեմքը Գրեգորին էր (Քելեկյան), 1940-ական թթ.՝ Մ. Մալումյանը և Ա. Էքյանը: Վերջինս ուներ սեփական նվագախումբ, որտեղ հանդես է եկել երգիչ Ժակ Դուվալյանը (որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Երևանում): Սեփական նվագախումբ է ղեկավարել նաև Ժակ Հելյանը (Տեր-Միքայելյան): Էստրադայում են ստեղծագործել երգիչներ Ալեքը (Գույումճյան), Մասիսը (Տեիրմենճյան), Գ. Գնթունին, Լ. Վերգինը, Ա. Սարգիսը, Լիզ Սարյանը և ուրիշներ:

Ֆ-ի տարբեր քաղաքներում գործում են «Սիփան-Կոմիտաս», «Կոմիտաս», «Սահակ-Մեսրոպ», «Սայաթ-Նովա» երգչախմբերը, հայ եկեղեցական երգերի «Ակն» համույթը (1985-ից, հիմնադիր-խմբավար՝ Արամ Քերովբյան), «Գարուն» մանկապատանեկան երգչախումբը (1985-ից՝ Մարսելում, ղեկավար՝ Ժյուլետ Յըլմազյան): Հայ երիտասարդ արվեստագետների և նրանց ստեղծագործությունների ճանաչմանը նպաստում է «Քատրա» երաժշտական միությունը (Հայ արվեստի զարգացման միություն, գործում է 1973-ից, Փարիզում, հիմնադիր-ղեկավար՝ Գրիգոր Համբարձումյան): 1982-ից Մարսելում գործում է Արամ Խաչատրյան երաժշտական հիմնադրամը (խրախուսում է տաղանդավոր հայ երաժիշտներին, շնորհում մրցանակներ, սահմանում կրթաթոշակներ):

«Սիփան-Կոմիտաս», երգչախումբ, հիմնադրվել է 1936-ին, Փարիզում՝ «Սիփան» (1923) և «Կոմիտաս» (1930) երգչախմբերի միավորումով: Հիմնադիր-ղեկավար՝ կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահ: 1953-ից խմբավարն է Կարպիս Ափրիկյանը: Ելույթներ է ունեցել Ֆ-ի և Եվրոպայի շատ քաղաքներում, մեծապես նպաստել հայ երգի տարածմանը: Թողարկել է ազգային և հայրենասիրական երգերի բազմաթիվ ձայնապնակներ: Երգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական և հոգևոր երգեր, հայ ժամանակակից և դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Բարսեղ Կանաչյան, Գուրգեն Ալեմշահ, Էդգար Հովհաննիսյան և ուրիշներ): Իրականացրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի համերգային կատարումը: 1986-ին խումբը մասնակցել է Կաննում կայացած հոգևոր երգարվեստի փառատոնին և ճանաչվել լավագույնը:

«Կոմիտաս», երգչախումբ, ստեղծվել է 1954-ին, Լիոնում: Հիմնադիր-ղեկավար՝ Հակոբ Աբրահամյան: Նպատակն է հայկական երաժշտությունը ներկայացնել ֆրանսիական հասարակությանը: Հովանավորում է Ս. Հակոբ եկեղեցու վարչությունը: 1963-ից գործել է Մարթեն Օֆլագի ղեկավարությամբ: Հանդես է գալիս կրոնական և աշխարհիկ երգերի համերգներով:

«Սահակ-Մեսրոպ», երգչախումբ, ստեղծվել է 1977-ին, Մարսելում: Հիմնադիր-ղեկավար՝ Խաչիկ Յըլմազյան: Հիմնադրումից վեց ամիս անց երգչախումբը հնչեցրել է Եկմալյանի «Պատարագը» Մարսելի օպերային թատրոնում: Համերգներ է ունեցել Ֆ-ի քաղաքներում և արտերկրում: Երգչախմբի հետ հանդես են եկել հռչակավոր երգիչներ Շառլ Ազնավուրը, Դինո Ռոսին: