Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորեն Արամունին, Գրիշ Դավթյանը և ուրիշներ:

Գրական քննադատական միտքը ԱՄՆ-ում, հատկապես XX դ. առաջին կեսին և ավելի ուշ, ներկայացնում էին հիմնականում Հովհաննես Ավագյանը, Նշան Տեստեկյուլը, Գուրգեն Մխիթարյանը, Մինաս Թեոլեոլյանը: Գրականագիտական խոր վերլուծությամբ աչքի են ընկել և ընկնում Երվանդ Ազատյանը, Հակոբ Կարապենցը, Վահե Օշականը, Ավետիս Սանճյանը, Մարկ Նշանյանը, Ռուբինա Փիրումյանը, Օշին Քեշիշյանը, Արմեն Տոնոյանը, օտարներից՝ Փիթեր Քաուին, Ջեյմս Ռասելը և ուրիշներ:

Ամերիկյան հողի վրա 1920-ական թթ-ից ի վեր գրական բուռն ծաղկում է ապրել անգլիագիր գրականությունը: Թեպետ ապագա հեղինակներն ստանում էին օտար կրթություն, ապրում օտար միջավայրում, արտահայտվում օտար լեզվամտածողության կառույցի թելադրությամբ, այդուհանդերձ, հայրենի ժողովրդի պատմության, անցյալի, ճակատագրի ընդհանրության գիտակցությունը հուշում էր ազգային ինքնագիտակցության և որոշակի պարտավորությունների զգացում: Այդ իմաստով նրանք իրենց ուրույն նպաստն են բերել. խոր հետաքրքրություն են արթնացրել մեր ժողովրդի պատմության ու ճակատագրի հանդեպ, և, որ ոչ պակաս կենսական է, հայությունից խորթացած մի ստվար զանգվածի, թեկուզ օտար լեզվով, փորձել են պահել ազգային կենսական խնդիրների ծիրի մեջ:

Ամերիկյան գրականության ասպարեզում աչքի են ընկել առաջին հայ օտարագիրներ Խաչատուր Ոսկանյանը, Լևոն Սրապյանը, Էմանուել Վարանդյանը և ուրիշներ:

1920-ական թթ. Եվրոպայում և ամերիկյան մայրցամաքում մեծ հռչակ էր ձեռք բերել Բուլղարիայում ծնված անգլիագիր վիպասան Մայքլ Առլենը (Տիգրան Գույումճյան, 1895-1956), որ գրական ասպարեզ էր իջել Լոնդոնում՝ դեռևս 1910-ական թթ.: Արդեն 1924-ին նրա հրատարակած «Կանաչ գլխարկ» սիրավեպը և արձակ այլ երկեր («Սիրելի հայր», «Փողոցային հեծյալը», «Թռչող հոլանդացին») բազմիցս տպագրվել են, հանրաճանաչ են դարձել նաև այդ ստեղծագործությունների նյութերով նկարահանված ֆիլմերը: Մ. Առլենի վեպերի, պատմվածքների հարուստ դիպախաղն ու գործողությունները հետաքրքրել են նույնիսկ սարսափի շարժանկարի արքա Ալֆրեդ Հիչքոքին («Ջենթլմենն Ամերիկայից»): Հավանաբար, կինոարդյունաբերությունը թելադրել է Մ. Առլենի ստեղծագործական հետագա ընթացքը՝ այն տանելով դեպի արկածային, թեթևասահ հետաքրքրությունների ասպարեզ:

Նրա որդին՝ Մայքլ Առլեն Կրտսերը (1930), հակառակ հոր կամքին և ընդառաջելով իրեն անծանոթ ժողովրդի կանչին, գրել է «Վերադարձ դեպի Արարատ» (1975) գիրքը, որ խորհրդանշում էր առաջին հերթին իր վերադարձն ազգային ակունքին:

Համաշխարհային բարձունքի է հասել Վիլյամ Սարոյանի (1908-81) գրականությունը՝ բարությամբ և առաքինությամբ լցված խենթերի երգիչը («Ներշնչում և արտաշնչում», «Իմ անունը Արամ է», «Մարդկային կատակերգություն», «Ձեր կյանքի ժամանակը», «Կոտորածն մանկանց» ևն): Վ. Սարոյանի գեղարվեստական նյութի հայկական շեշտերն աշխարհին բացահայտեցին հայկական բարոյական նորոգ ընկալումը:

Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1905-95) իր «Լույս Զվարթ» բարձրարժեք քերթողագրքից հետո այլևս հայերեն չի ստեղծագործել: Նա առավել հայտնի է դարձել 1945-ին՝ անգլերեն հրատարակելով իր առաջին՝ «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» վեպը: Հինգ տարի անց հրապարակ է հանել իր երկրորդ վեպը՝ «98,6»: Նա հայության խնդիրը քննում է համամարդկայինի ենթախորքում:

Վ. Սարոյանից հետո Լ-Զ. Սյուրմելյանն ամերիկյան գրականության ասպարեզում իր ձայնը հաստատած գրող է և, ինչպես ինքն է նշել, լքել է հայերենը՝ մարդկային ոգին հայտնաբերելու համար:

Օտարագիր հայ գրողներից ակնառու ստեղծագործական հաջողության հասել են համեմատաբար ուշ շրջանում ասպարեզ իջած անգլիագիր հեղինակներ Փիթըր Նաջարյանը («ճամփորդություններ», «Հիշողության դոատրեր», վեպեր), Փիթըր Բալաքյանը («Ճակատագրի սև շունը», վեպ), Քերոլ Եդգարյանը («Եփրատի մակընթացությունը», վեպ), Նանսի Գրիգորյանը («Զապել», վեպ):

Այսօր ամերիկյան ընթերցողների շրջանում հայկական նյութով ու շնչով համբավ են ձեռք բերել բանաստեղծներ Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Լեոնարդո Ալիշանը, Րաֆֆի Սեթյանը, Դեյվիդ Խերդյանը, Ալիսիա Կիրակոսյանը և ուրիշներ:

Թատրոն: Դեռևս 1890-ական թթ-ից ԱՄՆ-ի հայաշատ վայրերում կազմակերպվել են թատերական միջոցառումներ և ներկայացումներ, որոնք նպաստել են հայ մշակութային կյանքի աշխուժացմանը: 1897-ից Նյու Յորքում գործել է «Հայկական դրամատիկ ընկերությունը» (հիմնադիր անդամներ՝ Ա. Հակոբյան, Բ. Բաղդասարյան, Ե. Գարամանյան, քարտուղար՝ Կ. Բալիկյան): Բացի ընկերության Հայ դրամատիկ խմբից (գոյատևել է մինչև 1920-ական թթ.), թատերախմբեր են գործել նաև Բոստոնում, Փրովիդենսում, Դետրոյտում, Ֆրեզնոյում, Հեյվրհիլում, Ֆիլադելֆիայում և այլուր: Բեմադրվել են ժամանակակից հայ և օտար հեղինակների գործեր: Ամերիկահայ