Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները: Նշանավոր հուշարձանների հեղինակներ են Հայկ Բադիկյանը, Նշան Թուրը (Թուրունճյան), Խորեն Տեր-Հարությանը (ապրել և ստեղծագործել է նաև Երևանում), Վարազ Սամվելյանը, Հենրի Լայնը, Լ. Արսլանյանը և ուրիշներ: Գեղանկարչության մեջ նշանակալի ներդրում ունեն Հովսեփ Փուշմանը (Փուշմանյան), Հարություն Տիրիթը (Տիրիթյան), Արշակ Ֆետվաճյանը, Ժոզեֆ Ժիրակոն, Քերո Անտոյանը, Բյուզանդ Խոջամանյանը: 1930-40-ական թթ. իր ստեղծագործություններով մեծ համբավ է վայելել Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), որը Ջեքսոն Պոլլոկի և այլոց հետ հիմնել է «աբստրակցիոնիստական էքսպրեսիոնիզմ» ուղղությունը: Հ. Փուշմանի, Ա. Գորկու և Ռուբեն Նաքյանի ստեղծագործություններն արժանի տեղ են գրավում XX դ. համաշխարհային արվեստի թանգարանում: ԱՄՆ-ում գործող Ամերիկահայ նկարիչների ընկերակցության անդամները ցուցահանդեսներ են կազմակերպել նաև Երևանում (1979, 1986): Նշանավոր անդամներից են Պ. Էլլոյանը, Մ. Բարուշյանը, որոնք կրթություն են ստացել ԱՍՆ-ի բարձրագույն մասնագիտական կրթօջախներում: ԱՍՆ-ի գրաֆիկ նկարիչների ընկերակցության հիմնադիրն է Հրաչ (Ռիչարդ) Թաշճյանը (գործերը ցուցադրվել են Նյու Յորքում, Բոստոնում), նախագահը՝ Կ. Տեր-Հովհաննիսյանը (բազմաթիվ դասախոսություններ է նվիրել հայ կերպարվեստին, Մինաս Ավետիսյանի ստեղծագործությանը): Անդամներից են Պ. Գայլյանը (ուսումնասիրել է հայկական խաչքարերը), Լ. Ժամկոչյանը, Կ. Մուրադյանը (արվեստաբան, փիլիսոփայության դոկտոր, Ա. Գորկուն նվիրված ոաումնասիրությունների հեղինակ) և ուրիշներ: Մի շարք արվեստագետների՝ Վ. Սամվելյանի, Վ. Ամատունու, Լ. Ժամկոչյանի և այլոց գործերը ցուցադրվել են Երևանում:

Արարատ-Էսքիջյան թասգարան, հիմնվել է 1993-ին, Լոս Անջելեսում՝ ճարտարապետ-նախագծող, բարեգործ Լյութեր Էսքիջյանի կողմից՝ հայոց մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու նպատակով: Թանգարանում ներկայացված են պատմագիտական (սկսած խեթական և ուրարտական ժամանակաշրջանի նյութերից մինչև մեր օրերը), դրամագիտական (նախաքրիստոնեական, հնագույն, միջնադարյան, բյուզանդական ժամանակաշրջանի, ինչպես նաև Հայաստանի երեք հանրապետությունների դրամներ) նմուշներ, ավելի քան 450 տարվա քարտեզների, արվեստի (XIX դ. ձեռքի աշխատանքներ, տարազներ, կենցաղային իրեր, երաժշտական գործիքներ, ձեռագործ աշխատանքներ, հնագույն և ժամանակակից գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ և այլն), ճարտարապետական, գրականագիտական և հատկապես ցեղասպանության վերաբերյալ ձեռագիր ու տպագիր հարուստ փաստաթղթեր, գրականություն և լուսանկարներ: Թանգարանում գործում է Հայոց ցեղասպանության հարցերն ուսումնասիրող հետազոտական կենտրոն:

Կազմակերպվում են մշակութային ձեռնարկներ, դասախոսությաններ, երաժշտական և այլ միջոցառումներ: Թանգարանի մուտքի առջև տեղադրված է «Մոխիրներից հառնող Մայր Հայաստան» բրոնզաձույլ արձանը (մտահղացումը և նախագիծը՝ ճարտ. Լ. Էսքիջյանի, քանդ.՝ Հարութ Հալեբյան): Թանգարանին կից գործում է Հիշատակի մատուռը:

Կինո: Մեծ է հայերի դերը նաև ամերիկյան կինոարվեստի զարգացման գործում: 1918-20-ին աշխար-